ՍԴ-ն ինչ-որ մի նոր հեծանիվ չի հորինել․ պարզապես շարադրել է 96-րդ հոդվածը
Սահմանադրական դատարանը դեկտեմբերի 9-ին բավարարեց «Հայաստան» դաշինքի կալանավորված պատգամավորներ Արմեն Չարչյանի, Մխիթար Զաքարյանի և Արթուր Սարգսյանի հարցով հայցը։ ՍԴ որոշմամբ՝ անազատության մեջ գտնվող անձը պատգամավորի կարգավիճակ ստանալուց հետո չի կարող պահվել անազատության մեջ։ Եվ պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից անձը, բացառությամբ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, չի կարող զրկվել ազատությունից այլ կերպ, քան Ազգային ժողովի համաձայնությամբ: Ինչպես հիշում ենք՝ ժամանակին ընդդիմության բողոքներին, առարկություններին ու հիմնավորումներին, որ նրանք պատգամավոր ընտրվելուց հետո ունեն պատգամավորական անձեռնմխելիություն և պետք է ազատ արձակվեն, մեծամասնությունը համառորեն ուշադրություն չէր դարձնում։
Ինչևէ, ՍԴ որոշման հաջորդ օրը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանն ազատ արձակվեց, դրանից ժամեր անց՝ ազատություն ստացան նաեւ Արթուր Սարգսյանը և Մխիթար Զաքարյանը։ ՍԴ ուղղված հայցը կազմած Արամ Վարդևանյանին հարցրեցինք՝ իր համար զարմանալի չէ՞ր ՍԴ որոշումը, հաշվի առնելով այն կազմը․ այն, որն այստեղ հավաքվել է։ Վարդևանյանն ասաց․ «Ես միշտ փորձում եմ առաջնորդվել դրականի կանխավարկածով, ՍԴ որոշումն ամբողջությամբ կարդացել եմ, կարող եմ ասել, որ այս հարցում ՍԴ-ն ինչ-որ մի նոր հեծանիվ չի հորինել։ ՍԴ-ն պարզապես շարադրել է 96 -րդ հոդվածը, որը ես օգոստոսի 2-ի առաջին նիստում 3 անգամ ընթերցել եմ։ Եվ այս պարզ ճշմարտությունը պարզ էր ցանկացած իրավաբանի համար։ Եվ ես ուղղակի չեմ պատկերացնում, որ սա չարձանագրվեր։ Այլ հարցերի վերաբերյալ, որոնք ևս կային, ես առանձին կանդրադառնամ։ Միայն կասեմ, որ ՍԴ- ն ունեցավ կարողություն՝ արձանագրելու այս մասով պարզ ճշմարտությունը, որը, իհարկե, կարևոր է։ Որովհետև, իսկապես, այն ճնշումները, որ մենք տեսնում ենք դատական համակարգի նկատմամբ, որից անմասն չէր ՍԴ-ն, կարևոր է»։
ՍԴ որոշումը քննվել է ՍԴ նախագահ Արման Դիլանյան, Վահե Գրիգորյան, Հրայր Թովմասյան, Արայիկ Թունյան, Աշոտ Խաչատրյան, Էդգար Շաթիրյան, Արթուր Վաղարշյան, Արևիկ Պետրոսյան կազմով։ Այսինքն՝ նիստին չի մասնակցել միայն Երվանդ Խունդկարյանը։ ՍԴ որոշումից պարզ է դառնում, որ հատուկ կարծիք են հայտնել Հրայր Թովմասյանը, Արևիկ Պետրոսյանը և Արթուր Վաղարշյանը։ Արամ Վարդևանյանը նշեց, որ իրեն դեռևս հայտնի չեն այս դատավորների հատուկ կարծիքները, քանի որ հրապարակված չեն։ Դրանք, ըստ սահմանված ընթացակարգի՝ հրապարակվում են 7-օրյա ժամկետում։
«Կարող եմ մեկ բան հընթացս ասել, որ ինձ համար՝ որպես մասնագետի, ով ՍԴ-ում ներկայացուցչության փորձ ունի 2012-ից ի վեր, որ ինձ համար դատավորներ Թովմասյանը և Պետրոսյանը բացառիկ գիտելիքների տեր դատավորներ են՝ իրենց մասով ես դա շատ հստակ կարող եմ ասել։ Ի դեպ, ՍԴ դատավորների հիմնական մասի մասին, բացառությամբ որոշ դատավորների, կարող եմ ասել, որ մասնագիտական գիտելիքների տեսանկյունից բավական բարձր մասնագետներ են։ Բայց այլ բան է՝ ճնշումների դիմանալու կարողությունը»։
Քանի որ դիմումը եղել է երկու մասից բաղկացած, ապա այս պահին <Հայաստան» դաշինքի պատգամավորն արձանագրում է՝ ՍԴ-ն ունեցավ կարողություն՝ արձանագրելու Սահմանադրության մեջ գրված պահանջը, երկրորդ մասով՝ դա կերևա հետագայում։ Մինչև պատգամավորների ազատ արձակումը, հակադարձելով Արդարադատության նախարարի մեկնաբանությանը, Արամ Վարդևանյանն ասաց․ «ՔԿՀ ծառայությունը այլևս պատգամավորներին կալանքի տակ պահելու հիմք չունի, Քրեակատարողական ծառայությունը սահմանափակված է ՀՀ օրենսդրությամբ և Սահմանադրությամբ։
Իհարկե, իրականությունն այն է, որ Արդարադատության նախարարը, ցավում եմ, այլ մեկնաբանություն ուներ։ ՍԴ որոշումը պարտադիր է ոչ միայն իրավաբանների, փաստաբանների, լրագրողների, այլև բոլոր պետական պաշտոնատար անձանց համար։ Այն պարտադիր է արդարադատության նախաարի, փոխնախարարների համար և անգամ Դատախազության մեկնաբանությունը, կարծում եմ, տեսել եք՝ որ ՍԴ որոշումը մեկնաբանման ենթակա չէ, պետք է կատարվի»։
Hraparak.am