Նրանց բոլորի գլխում ո՛չ Ռուսաստանը կա ու ո՛չ էլ Արևմուտքը: Անգամ Հայաատանը չկա՛: Միայն մեկ բան կա՝ փո՜ղ, շատ փո՜ղ
Սամվել Ֆարմանյանը գրում է.
Ազգային ինքնասպանություն
Մեր «քաղաքական» դասի մի մասը խելակորույս ռուսասեր է՝ ռուսից ավելի ռուս: Չիմանալով անգամ ռուսի շահն ու չճանաչելով Ռուսաստանը:
Սամարայում լույսերը տանեն՝ Արևմուտքն է մեղավոր: Ռուսն ապտակի՝ քո շահի համար է անում: Իսկ թե բախտները բերի ու ռուս բարձրաստիճան մի պաշտոնյայի մոտ ընդունելության արժանանան՝ Մյասնիկյանի ու Միկոյանի դեմքով ապագա կառավարության պորտֆելներն են բաշխում:
Մյուս մասը քնում-արթնանում, տաղավարից տաղավար է վազում արևմտամետի դրոշով: Հաճախ անիմաստ՝ զուտ առաջադեմ երևալու համար: Դուբայներում չուլ ու փալաս գնողի անգլերենով, բայց աշխարհագրության ու պատմության պարտադիր չիմացությամբ, սեփական երկրի կոորդինատային համակարգը պարտադիր մերժած: Կարևորը՝ Ռուսաստանը վատն է:
Չիլիում ճանճը տզզա՝ ռուսական ԿԳԲ-ի ու անձամբ Պուտինի սարքածն է: Հարրիսը հաղթի՝ ճիշտը դա է, Թրամփը հաղթի՝ ճիշտը դա է: Իսկ թե մեկ անգամ ամերիկացի կամ եվրոպացի մի պաշտոնյանի հետ մի տեղ սեղան նստած լինեն՝ վե՜րջ, Վաշինգտոնի ու Բրյուսելի գաղտնի թեկնածուն հենց իրենք են:
Իսկ եթե իբր իրարամերժ այս երկու ճամբարների ձրիակերներից մեկին հաջողվի հակառակորդի որջում որպես գաղտնի գործակալ տեղավորվել ու ժամանակի հետ հակառակորդի դրոշը ձեռքը գցել՝ դառնալով այդ ճամբարի ճանաչելի խոսնակներից մեկը, Կիմ Ֆիլբի ու Մատա Հարի են: Տեղում կվազեն տերերից ռոճիկի հավելում պահանջելու:
Գնալով փոքրացող մի հատված էլ, քանի որ այս արյունոտ կրկեսի պրոռուսական ու պրոարևմտյան տրիբունաները լեփ-լեցուն են, ճարահատյալ դիրքավորվում է «հայամետ», որպես հայրենիքի փրկության ազատ մնացած միակ «ուղիղ ճանապարհ»: Բայց աչքերից մեկը պարտադիր միշտ բաց պահած՝ ճամբարներից որը հաղթի, համապատասխան թիկնոցը արագ քաշեն ուսերին ու արագ վազեն դեպի էդ տրիբունա:
Մինչդեռ...
Նրանց բոլորի գլխում ո՛չ Ռուսաստանը կա ու ո՛չ էլ Արևմուտքը: Անգամ Հայաատանը չկա՛: Միայն մեկ բան կա՝ փո՜ղ, շատ փո՜ղ:
Ժողովու՜րդը...
Խորքային ժողովու՜րդն այս աղմկոտ իրարանցման մեջ «էլիտաների» դավաճանությունից զարզանդած, սեփական հաշիվն ու գլուխը կորցրած, բոլորից ու ամեն ինչից զզված, մի կողմ է քաշվել:
Օրվա հացի հետևից ընկա՜ծ, անտարբե՜ր, ինքն իրենից ու իր ունեցած ամեն ինչից օտարացա՜ծ, ինքն իրեն կասկածելով ու ինքն իրենից փախչելո՜վ... սեփական պետության կործանմանն է սպասում: Ինչ լինում է՝ թող լինի՛:
Ու այս ամենը տեսնում են Մոսկվայում էլ, Բրյուսելում, Փարիզում ու Վաշինգտոնում էլ: Բաքվում ու Անկարայում էլ: Նայում են ու ձեռքերը շփում: Ծիծաղում ու մեր հաշվին գործարքներ անում:
Մեր ձեռքով չե՞ն անում:









































