Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ դեկտեմբերի 15-ին Բրյուսելում նախատեսված է Փաշինյան-Ալիև հանդիպումը։ Փորձագետները կարծում են, որ հանդիպումը կարող է տեղի չունենալ, հաշվի առնելով այն իրադարձությունները, որոնք հաջորդեցին հանդիպման վերաբերյալ հայտարարությանը։

Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ Բրյուսելի հանդիպման մասին, Սոչիում հրատապ եռակողմ հանդիպում հրավիրվեց, որի ժամանակ հայտարարվեց սահմանազատման հանձնաժողովի ստեղծման մասին։ Սակայն մի քանի օր անց Մոսկվայում կայացած փոխվարչապետների հանդիպման ժամանակ կողմերը համաձայնության չեկան․ հայկական կողմն ասաց, որ Բաքուն կրկին առաջ է մղում միջանցքների գաղափարը։

Դեկտեմբերի 10-ին Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ Բայդենի հրավիրած «ժողովրդավարությունների գագաթնաժողովում», բայց շրջանցեց Արցախում Հայաստանի դեմ ագրեսիայի թեման՝ կարծես չցանկանալով խառնել  Միացյալ Նահանգներին հետպատերազմյան «կարգավորմանը»։ Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները վատթարացել են Ուկրաինայի և Վրաստանի՝ ՆԱՏՕ մտնելու հավանականության պատճառով։ Մոսկվայում ակտիվացել են քննարկումները  «Կովկասը բաց թողնելու» անհրաժեշտության  և Ռուսաստանի՝ մինչև «Մոսկովիա»  հավանական կրճատման մասին։

Հայաստանի և Բաքվի արտգործնախարարների Ստոկհոլմում չկայացած հանդիպումից հետո ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, ՌԴ և Ֆրանսիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը և Ժան-Իվ Լը Դրիանը հանդես են եկել հայտարարությամբ՝ ողջունելով Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության վերսկսումը։ Նրանք նոյեմբերի 9-ի համաձայնագիրն անվանում են «հրադադարի համաձայնագիր» և նշում, որ սահմանային վեճերը լուծելու համար ուժի կիրառումը կամ ուժի սպառնալիքն անընդունելի է։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները վերահաստատում են իրենց հանձնառությունը՝ աշխատելու կողմերի հետ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր խնդիրների համապարփակ լուծում գտնելու համար՝ իրենց մանդատի համաձայն, և ապահովելու Հարավային Կովկասի տարածաշրջանի  անվտանգ, կայուն, բարգավաճ և խաղաղ ապագան»,- ասված է նախարարների համատեղ հայտարարության մեջ։

Տեղի կունենա՞ Բրյուսելի հանդիպումը և ի՞նչ օրակարգով։ Լավրովն ու նրա խոսնակն օրերս հայտարարեցին, որ Բրյուսելում հումանիտար հարցերից բացի ոչինչ չպետք է քննարկվի։ Ավելի վաղ, Սոչիում նույն բանը պնդել էր Պուտինը։ Նույնը պնդում է Բաքուն։ «Ի տարբերություն Մոսկվայի մասնակցությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների, Բրյուսելի պլանը դրույթ է պարունակում Ղարաբաղի կարգավիճակը քննարկելու համար խաղաղ բանակցություններ վարելու մասին», գրել են ռուսական թերթերը Բրյուսելում նախատեսված հանդիպման մասին։

Lragir.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն