Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից ով ինչ կշահի
Նախօրեին Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն Թուրքիայի խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է, որ առաջիկայում Հայաստանն ու Թուրքիան կնշանակեն հատուկ բանագնացներ, որոնք կզբաղվեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման երկխոսությամբ, վերաբացվում է Ստամբուլ-Երեւան չարթերային ավիահաղորդակցությունը եւ որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը Թուրքիան կիրականացնի Ադրբեջանի հետ միասին։
Արդեն այսօր առավոտյան, Հայաստանի ԱԳ նախարարությունը հաստատել է այս հայտարարության իսկությունը։ ՀՀ ԱԳՆ խոսդնակ Վահան Հունանյանը գրել է, որ Հայաստանը, ինչպես մշտապես նախկինում, այնպես էլ այժմ, պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացին, ինչն արձանագրված է ՀՀ կառավարության ծրագրում եւ ապա շարունակել․ «Այս առումով դրական ենք գնահատում Թուրքիայի ԱԳ նախարարի` հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին հայտարարությունը, և հաստատում, որ հայկական կողմը ևս երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի»։ Սա նշանակում է, որ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթաց է ընթանում։ Ու այս առումով, չափազանց ուշագրավ է դառնում Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովայի՝ ընթացիկ տարվա նոյեմբերի 25-ի ճեպազրույցի ընթացքում հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման եւ այդ գործընթացում Ռուսաստանի մասնակցության մասին հայտարարությունը։
Հիշեցնենք, որ Զախարովան մասնավորապես ասել է հետեւյալը․ «Կարող եմ հաստատել, որ Հայաստանը դիմել է Ռուսաստանին Երևանի և Անկարայի միջև հարաբերություններում միջնորդության աջակցության խնդրանքով: Ռուսաստանը հետաքրքրված է և ջանքեր է գործադրել՝ ուղղված հայ-թուքրական հարաբերությունների կարգավորմանը: Մեր երկիրը պատրաստ է հետագայում ևս դրան աջակցել: Տվյալ գործընթացի գործարկումը մեր կարծիքով անմիջականորեն կնպաստեր տարածաշրջանում հասարակության առողջացմանը և բարիդրացիության ու երկխոսության ձևավորմանը, ինչն այժմ հատկապես արդիական է»։ Այս հայտարարությամբ, կարելի է ասել, որ պատկերն ամբողջականանում է։ Ու քանի որ արդեն ունենք որոշակի ամբողջական պատկեր, փորձենք որոշ դիտարկումներ կատարել․
• Այն, որ հայ-թուրքական հարաբերությունները մի օր կարգավորվելու էին, հասկանալի էր ինքնին։ Չեն կարող հարեւան պետությունների միջեւ լինել հավերժական փակ սահմաններ, դիվանագիտական հարաբերությունների բացակայություն։ Նույնիսկ Իսրայելը, որը վայելում է մոլորակի թիվ մեկ գերտերություն ԱՄՆ-ի՝ կարելի է ասել լիակատար աջակցությունը, հասկացել է դա, եւ ԱՄՆ նախպաձեռնությամբ իրականացնում է հարեւանների հետ հարաբերությունների կարգավորման այսպես ասած՝ «Աբրահամյան պլանը»։
• Ինչ որ առումով, ներկայիս՝ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացը կարելի է նմանեցնել այն գործընթացին, որը իրականացնում է Իսրայելը՝ ԱՄՆ հովանու ներքո, հարեւան պետությունների հետ, այն առումով, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն է իրականացնում է ռուսական հովանու ներքո, չնայած, հանուն արդարության, պետք է նշել, որ Իսրայելի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները համեմատելի չեն հայ-ռուսական հարաբերությունների հետ այն իմաստով, որ ԱՄՆ-ն լիարժեք ու ամբողջական կերպով է աջակցում Իսրայելին, իսկ մեր դեպքում, գոնե այժմյան իրականության պայմաններում մենք չենք կարող ասել, որ Մոսկվայի աջակցությունը Երեւանին 100 տոկոսանոց է։
• Խնդիրն այն է, որ նույնիսկ հասկանալով, որ հայ-թուրքական հարաբերությունները մի օր ինչ որ ձեւով կարգավորվելու են, այնուհանդերձ, սխալ է, որ այդ մասին հայաստանյան հանրությունը, կամ Հայ ժողովուրդն ընդհանուր առմամբ, իմանում է ոչ թե ՀՀ կառավարությունից, այլ Թուրքիայի ԱԳ նախարարից, որի հայտարարությունը միայն ՀՀ գործադիր իշխանության մաս կազմող ԱԳ նախարարությունը հաստատում է։ Այսինքն, ստացվում է, որ թափանցիկ գործունեության, ժողովրդի առաջ հաշվետվողականության եւ այլ նմանատիպ վեհ ու վսեմ գաղափարներ ժամանակին բարձրաձայնող իշխանությունը գործում է բացարձակ ոչ թափանցիկ, կարելի է ասել նույնիսկ՝ 100 տոկոսանոց ստվերային դաշտում եւ իրեն որեւէ կերպ պարտավորված չի զգում նման կարեւորության հարցում հաշվետվողականություն ցուցաբերել սեփական ժողովրդի հանդեպ։
• Ինչ է շահում Ռուսաստանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում որպես առանցքային միջնորդ հանդես գալով։ Բնականաբար՝ քաղաքական-դիվանագիտական մեծ կապիտալ։ Ընդ որում, այնքան մեծ, որը կարող է հետագայում, հարկ եղած դեպքում կիրառել որպես հաղթաթուղթ եւ միջազգային ասպարեզում, եւ հայ-ռուսական հարաբերություններում եւ ռուս-թուրքական հարաբերություններում։
• Ինչ է շահում Թուրքիան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ։ Բնականաբար բաց ճանապարհներ, որոշակիորեն Հարավային Կովկասում իր տնտեսական-ֆինանսական ազդեցության ոլորտի ընդլայնում Հայաստանի հաշվին, «թուրքական փափուկ ուժի» կիրառում Հայաստանում, Վրաստանի հետ հարաբերություններում դիրքերի ամրապնդում, Հայաստանը հարկ եղած դեպքում որպես այլընտրանքային տարանցիկ ուղի օգտագործելը խաղաքարտ օգտագործելով, «Հայկական հարցի», որպես իր ավելի քան հարյուր տարվա «գլխացավանքից» ազատում միջազգային ասպարեզում՝ օրինակ՝ ԵՄ հետ հարաբերություններում, կամ ԱՄՆ հետ հարաբերություններում։ Հենց այս ամենի «իրականացնողը» հանդես գալով էլ՝ Ռուսաստանն իր քաղաքական-դիվանագիտական կապիտալը էապես մեծացնում է, ու դարձնում Թուրքիայի վրա հավելյալ ազդեցության գործոն Ռուսաստանը, կենցաղային լեզվով ասած՝ «դե ես քեզ հազար ու մի փորձանքից ու գլխացավանքից ազատեցի, հասկանում ես, որ դա ձրի չէ, քանի որ ձրի պանիր լինում է միայն մկան թակարդում»։
Եվ որպես ամփոփում․ իսկ ինչ է շահում Հայաստանը։ Սա դժվար հարց է, որովհետեւ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումն օրինակ նշանակում է, որ Հայաստանն իր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից այսպես թե այնպես հանելու է Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված հարցերը, իսկ դա արդեն կարող է լուրջ խնդիրներ ստեղծել Հայաստան-Սփյուռք հարաբերությունների մասով, ու բերել հայության երկու հատվածների պառակտման, որովհետեւ դժվար է պատկերացնել, որ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացում Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը թեկուզ միայն ֆորմալ առումով, ինչպես ասում են՝ կկիրառի «Հայոց Ցեղասպանություն» տերմինը։
Hraparak.am