Եթե միջանցքները բացվեն, Լավրովը վազեվազ կհասնի Բաքու, Ալիևին ինչ-որ բաներ կասի, և դեռ Մոսկվա չվերադարձած, Ադրբեջանը կներխուժի Սյունիք
Մեր զրուցակիցն է թուրքագետ Հակոբ Չաքրյանը
Հայաստանն ու Թուրքիան հայտարարել են, որ հարաբերությունները կարգավորելու հարցերով զբաղվող հատուկ ներկայացուցիչներ են նշանակելու: Հայաստանը հայտարարել է, որ ինչպես նախկինում, հիմա էլ պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու գործընթաց սկսել: Ինչպե՞ս եք գնահատում այս նոր զարգացումները:
Նախապայմանները միջազգային պրակտիկայում անհարիր երևույթներ են, հատկապես անմիջական հարևանների հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համատեքստում, այն էլ ինչ-որ մի երրորդ երկրի, այսինքն Ադրբեջանի շահերի պատճառաբանությամբ: Այդ նախապայմանները երեքն էին՝ չհիշատակել 1915 թվականի Ցեղասպանության մասին, ստիպել արցախահայությանը, որ ընդունի Ադրբեջանի գերիշխանությունը և ճնշում գործադրել հայկական Սփյուռքի վրա, որ դադարեցնեն հակաթուրքական գործունեությունը, այսինքն Ցեղասպանության միջազգային ճանաչումը: Սրանցից առաջինը արդեն Բայդենի ապրիլի 24-ին Ցեղասպանության ճանաչումից հետո օրակարգից դուրս է մղվել: Բայդենն իր հայտնի ելույթում փաստացի վավերացրել է Ներկայացուցիչների պալատի, Սենատի ընդունած բանաձևերը: Երկրորդ նախապայմանը՝ ստիպել արցախահայությանը՝ ընդունել Ադրբեջանի գերիշխանությունը, այսօր փաստացի Արցախի Հանրապետություն որպես այդպիսին, արդեն գոյություն չունի, նրա հայկական մնացած հատվածը վերածվել է ռուսական զորանոցի: Ինչ վերաբերում է Սփյուռքին, հիմնականում Ամերիկայում էին ամենակատաղի պայքարը մղում, Բայդենն էլ արդեն ընդունել է Ցեղասպանությունը: Այսքանից հետո, ես չգիտեմ՝ ի՞նչ նախապայման պետք է ներկայացնեն: Ըստ երևույթին, շեշտը դնելու են «Զանգեզուրի միջանցքի» վրա: Այդ միջանցքը տարածաշրջանային նշանակության միջանցք է: Այսինքն դա սովորական միջանցք չի, դա Լաչինի միջանցքը չի: Մոսկվան շահագրգիռ է այդ միջանցքի բացմամբ՝ մտածելով, որ դրանով կկասեցնի ԱՄՆ-ի վերադարձը Հարավային Կովկաս: Դե գիտենք, որ Մինսկի խումբը 44-օրյա պատերազմի արդյունքում փաստորեն գոյություն չունի, Պուտինին հաջողվեց Ֆրանսիային և ԱՄՆ-ին դուրս մղել գործընթացից, դրանով վերջ տվեց Ֆրանսիայի և ԱՄՆ-ի քաղաքական ներկայությանը Հարավային Կովկասում, հիմա էլ ուզում է վերադարձի ճանապարհը փակել, որ հանկարծ նրանք չվերադառնան: Սակայն Բայդենը Մյունխենի անվտանգության հարցերով կոնֆերանսում և Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ասել է, որ ԱՄՆ-ն վերադարձել է տարածաշրջան: Այդ վերադարձը որպեսզի կիսատ չմնա, պետք է վերականգնի նաև իր ներկայությունը Հարավային Կովկասում: Դրա համար էլ ԱՄՆ-ն չի թողնի, որ Ռուսաստանը միանձնյա տնօրինի՝ համարելով Ղարաբաղի հարցը փակված: Հայաստանում ԱՄՆ դեսպանը հայտարարել է, որ պատերազմն ավարտվել է, բայց հակամարտությունը չի ավարտվել, քանի որ որոշված չէ Ղարաբաղի կարգավիճակը: Որքան էլ Լավրովը ասի՝ ոչ կարգավիճակ, ոչ կարգավորում, իրենք Լավրովին չեն լսելու:
Եթե այս ընթացքում Ուկրաինան դառնա ՆԱՏՕ-ի անդամ, որին իմ խորին համոզմամբ հետևելու է Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, Սև ծովը վերածվելու է ՆԱՏՕ-ի ծովի, ահագին խնդիրներ են առաջանալու Պուտինի համար: Այդ խնդիրները մեզ համար այնքանով են կարևոր, որ հանգիստ թողնի Հայաստանը: Նոյեմբերի 16-ի ռազմական գործողությունները ցույց տվեցին, որ Հայաստանի նկատմամբ Պուտինի նկրտումները չեն սպառվել:
Իսկ ինչպե՞ս եք գնահատում, որ Հայաստանը և Թուրքիան հայտարարել են հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչներ նշանակելու մասին:
Ես կարծում եմ, որ եթե Հայաստանը չհամաձայնի «Զանգեզուրի միջանցքի» հարցում, այն չի կայանա, իսկ տրանսպորտային ուղիների բացումը բոլորովին այլ բան է: Ըստ էության, երկու միջանցք էին իրենք նախատեսում, մեկը Իրանի սահմանի երկայնքով, մյուսը 5 կմ լայնությամբ ավելի հյուսիսով: Կոնկրետ չէին ասում, որտեղով էր այն անցնելու, բայց որ Բայդենն ասաց՝ Մեղրիի միջանցք չի լինելու, նոր հասկացան, որ լուրջ խնդրի առաջ են: Ես բազմիցս ասել եմ, որ եթե այդ երկու միջանցքները բացվեն, Լավրովը վազեվազ կհասնի Բաքու, Ալիևին ինչ-որ բաներ կասի, և դեռ Մոսկվա չվերադարձած, Ադրբեջանը կներխուժի Սյունիք: Այսինքն կլինի այնպես, ինչպես եղավ մայիսի 11-ին Լավրովի Բաքու այցելությունից հետո: Դրանից հետո մեր այսպես կոչված ռազմավարական դաշնակիցը հո մեզ «անպաշտպան» չի՞ թողնելու, կբերի իր զորքը կմտցնի եւ Մեղրիից մինչև Իրանի սահման ընկած հատվածը կդարձնի ռուսական տարածք: Առհասարակ, երբ դու որևէ տարածք քո զորատարածք ես դարձնում, ամեն գնով ցանկանում ես, որ այդտեղի բնակչությունը նվազի:
Հռոմում Բայդենն Էրդողանին կոչ է արել բացել դեպի ծով ելք չունեցող Հայաստանի սահմանը: Ինչպե՞ս եք գնահատում այս կոչը:
Մենք գիտենք, որ Բայդենը Էրդողանին իր լավագույն ընկերը չի հայտարարել, ոչ էլ նրան հրավիրել է մասնակցելու ղարաբաղյան 44-օրյա պատերազմին: Դրական եմ գնահատում Բայդենի հայտարարությունը: Բայդենը, ով աշխարհում միակ լիարժեք գերտերության նախագահն է, եթե նման հայտարարություն է անում, դրանով նա որոշակի պատասխանատվություն է ստանձնում և ակամա նպաստում Հայաստանի հաջողությանը: Նույնը վերաբերում է «ցեղասպանություն» բառն արտասանելուն: Եթե դա Բայդենն է ասում, ուրեմն ենթադրվում է, որ կա նաև այդ ցեղասպանության հետևանքների վերացման ուղղությամբ քայլեր կատարելու մտադրությունը:
Lragir.am