Ինչպես ընդդիմությունը կրկին նվեր մատուցեց այս ռեժիմին. Արթուր Խաչիկյան
Տարիներ շարունակ ընդդիմության ներկայացուցիչներն իրար հերթ չտալով բարձրագոչ հայտարարում էին մեզ. այս ռեժիմը պետք է հեռանա։ Օր առաջ, ժամ առաջ, որքան հնարավոր է շուտ։ Եթե նրանք մնան իշխանության, Հայաստան չի լինի։ Տարիներ շարունակ թմբկահարում էին այս մասին բոլոր հնարավոր ամբիոններից։
Բայց իրականում բոլորովին այլ բան է տեղի ունենում։ Պարզվում է, որ այս ռեժիմին հեռացնելը ընդդիմության գլխավոր նպատակը չէ։ Նրա առաջնորդներից շատերի համար գլխավորը սեփական էգոն բավարարելն է, մանդատ, աթոռ, աշխատավարձ ու պարգևավճարներ ստանալը։ Եվ նրանք թքած ունեն թե՛ իրենց ժողովրդի, թե՛ Հայաստանի վրա։
Հենց հիմա, մեր աչքի առաջ, նույն այն մարդիկ, ովքեր երդվում էին, թե հանուն Հայրենիքի փրկության պատրաստ են ամեն ինչի, չարեցին նույնիսկ ամենափոքրը. չկարողացան Վաթեռլոոյի ճակատամարտից հետո մի կողմ դնել Նապոլեոնի թագը և հեռանալ ասպարեզից, կամ էլ միավորվել, որպեսզի ձայներ չնվիրեն այս ռեժիմին։
Ժողովուրդը տարիներով ասում էր ձեզ. ստեղծե՛ք իրական այլընտրանք, և մենք ձեզ կընտրենք։ Հեռացրե՛ք այն մարդկանց, որոնց մենք չենք ուզում տեսնել, և մենք ձեզ կընտրենք։ Արդեն 5-րդ տարին է՝ գոռում ենք. ստեղծե՛ք նոր թիմ՝ առանց հին կադրերի, նրանց համար, ովքեր այլընտրանք են ուզում, ովքեր չեն ուզում վերադարձ անցյալին։
Բայց մեր միկրո-նապոլեոնները թքած ունեն։ Ամեն անգամ վերադառնում են նույն մարդիկ, նույն նրանք, ովքեր չեն ուզում հրաժարվել իրենց աթոռներից, մանդատներից, պարգևավճարներից, չեն ուզում ընդունել, որ իրենց մոտ չի ստացվում։ Նույն մարդիկ, որոնց տեսնելով՝ ժողովուրդն անմիջապես հիշում է «նախկիններին» ու գնում տուն։ Այդպես էր 2020-ին, 2021-ին, 2023-ին, 2024-ին և 2025-ին։ Ովքեր ամեն տարի «ազգային փրկության» կոմիտեներ են ստեղծում, որոնք փրկում են միայն իրենց և փախչում են սեփական հանրահավաքներից։ Եվ դա նրանց դեռ քիչ է։
Նրանց նոր պարտություն է պետք, ու Նապոլեոնի նոր թագ։ Նապոլեոնին պետք եղավ մեկ պարտություն Վաթեռլոոյում, որպեսզի նա ընդունի իր անհաջողությունը։ Քաղաքական միկրո-նապոլեոնների հայկական բանակին 10 Վաթեռլոոն էլ չի հերիքի։ Նրանց գլխից թագը վար չի ընկնում նույնիսկ 10-րդ անգամ։ Նրանց դուր է գալիս պարտվել ու ստորանալ, միայն թե աթոռներ տան Ազգային ռազբորկայում։ Որպեսզի ևս 4 տարի գոռգոռան ու վիրավորեն իրար։
1-2% վարկանիշ ունեցող կուսակցությունների առաջնորդները հայտարարում են, որ ընտրություններին մենակ են գնալու և հպարտորեն պարտվելու են այս ռեժիմին։ Ակնհայտ է, որ սա ինչ-որ քաղաքական սադոմազոխիզմ է, երբ մարդիկ հաճույք են ստանում ցավից ու ստորացումից։ Մնում է միայն նրանց կաշվե կոմբինեզոններ, շղթաներ ու մտրակներ բաժանել։ Իսկ մյուսները նորից ու նորից վերադառնում և խցկվում են քաղաքական խմբավորումների մեջ, ինչքան էլ հարյուր անգամ նրանց ասես, որ ժողովուրդն իրենց տեսնել չի ուզում։
Եվ ստացվում է այնպես, որ ճիշտ էին այն մարդիկ, ովքեր ասում էին. միակ պատճառը, որ այս իշխանությունը դեռ դիմանում է՝ դուք եք, ընդդիմությո՛ւն։ Ձեր միկրո-նապոլեոնյան հիվանդությունը, ձեր էգոիզմը, ձեր սնափառությունը։
Ցավոք, դուք հաստատեցիք հենց այն մարդու խոսքերը, ով ասաց, որ դուք լավագույն նվերն եք այս ռեժիմի համար։ Դուք կրկին ցույց տվիք, որ նա ճիշտ է։
Դուք չկարողացաք ժամանակին հեռանալ, դուք չկարողացաք ձեր ժողովրդի շահերը վեր դասել ձեր էգոյից։ Դուք կանխորոշեցիք այս դավաճանական ռեժիմի հաղթանակը հունիսին։
Եվ թող այլևս ոչ մեկը չստի մեզ բոլոր ամբիոններից, թե դուք սիրում եք ձեր ժողովրդին, ձեր հայրենիքը և ուզում եք այն փրկել։ Դուք սիրում եք ձեզ, ձեր սնափառությունը, ձեր էգոիզմը և ձեր մանդատները։
Մենք կրկին վերադառնում ենք հայ ժողովրդի բոլոր աղետների արմատին՝ էլիտայի բացակայությանը։ Իրական էլիտայի՝ կրթված, խելացի, ազնիվ, իր տանջված ժողովրդի հանդեպ կարեկցանքով լցված։ Էլիտա չկա, բայց փոխարենը Նապոլեոններ, Ալեքսանդր Մակեդոնացիներ ու Կեսարներ՝ ինչքան ուզես։ Մեկ շնչին ընկնող գերագույն գլխավոր հրամանատարների քանակով մենք առաջինն ենք աշխարհում։








































