Եղբայր, դո՛ւ էիր փողոցում դըմփ-դըմփ-հու՜ բղավում, իսկ այսօր պոչդ քաշել ես մի կողմ. Արեգ Բարսեղյան
Կրթության փորձագետ, «Իրականացրու երազանք» ՀԿ խորհրդի անդամ Արեգ Բարսեղյանն այն կարծիքին է, որ արդի Հայաստանի պատմության ընթացքում բուհերը երբեք այնքան քաղաքականացված չեն եղել, որքան գործող իշխանությունների օրոք:
«Դա տրամաբանական է, որովհետև բուհերում երիտասարդները ոչ միայն կրթություն են ստանում, այլ նաև ծանոթանում են որոշակի աշխարհայացքի հետ, արժեքներ են ձեռք բերում: Ի՞նչ արժեքներ կարող է տալ այսօր այսպիսի իշխանությունը՝ լիբերալիզմի վատթարագույն արժեքները: Առավել ակնհայտ են ճնշումները ուսանողական խորհուրդների նկատմամբ: ԵՊՀ-ի ռեկտորի ընտրության ժամանակ գործող իշխանությունների թեկնածուին դեմ քվեարկել են միայն ուսանողները, որովհետև գոնե այդ ընդվզումն ուսանողության մեջ մնացել է, ուստի իշխանությունների կողմից ճնշումները շարունակվելու են, որպեսզի նաև ուսանողական խորհուրդները իրենցով արվեն»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ նախկինում ուսանողությունը տարբեր երևույթների դեմ բողոքի ակցիաներ էր կազմակերպում, բայց հիմա ուսանողների կողմից ակտիվություն չի նկատվում, նա պատասխանեց.
«Մենք ընդհանրապես մեր հասարակության մեջ այսօր չունենք այդ միասնականությունը. ուսանողությունն էլ այդ հասարակության մի մասն է, քիչ թե շատ ավելի ակտիվ մասն է, բայց ունենք այն, ինչ ունենք: Այն, ինչ տեղի ունեցավ 3.5 տարի առաջ, տեղի ունեցավ ատելության քարոզի հիման վրա: Դա բերեց հասարակական շերտային ատելության՝ մի շերտի ատելությունը մյուս շերտի նկատմամբ, ինչի արդյունքում այսօր չունենք միասնականություն շատ ավելի կարևոր հարցերի շուրջ, օրինակ՝ ազգային անվտանգության, հայրենասիրության, կորցրած հողերի, կորցրած հայրենիքի արժեքի հանդեպ, էլ ինչ խոսք պետք է լինի մեկ կամ երկու որոշման հանդեպ ընդվզման մասին»:
Նրա խոսքով՝ 2018թ. փողոցային շարժման լոկոմոտիվը երիտասարդությունն էր. «Այդ երիտասարդության վրա երկար էին աշխատել: 1997թ. ի վեր այս իշխանություններն ունեցել են ռևանշի ծարավ, և տարբեր տեսակի քարոզչական մեթոդներով աշխատել են հատկապես երիտասարդների վրա, և արդյունքը տեսանք: Հաջողեցին հենց միջդասակարգային ատելության քարոզի հիման վրա: Հասարակության մեծ մասն այսօր պարզապես չի ուզում իր սխալն ընդունել: Ես նույնիսկ չեմ ասի, որ հիասթափության խնդիր է, պարզապես իրենց սխալը չընդունելու, իրենց վրա այդ մեղավորությունը չվերցնելու խնդիրն է, երբ մարդկանց հիշեցնում ես, որ 2018թ. եղբայր, դու էիր փողոցում դըմփ-դըմփ-հո՜ւ բղավում և պահանջում փոփոխություններ, այսօր պոչդ քաշել ես մի կողմ, ասում ես՝ ինձ քաղաքականությունը չի հետաքրքրում, բայց այստեղ քաղաքականություն չկա այլևս: Այստեղ կա հայրենիքի կորուստ, կա 5000 զոհ, հազարավոր անտուն մնացած ընտանիքներ, հազարավոր վիրավորներ, որոնք ընտանիք էին պահում, ընտանիքի հայրեր են»:
Արեգ Բարսեղյանի խոսքով՝ մեր ազգային բնութագիրը դարձել է ջայլամի քաղաքականությունը. «Մենք անում ենք մի բան, որը սխալ է դուրս գալիս, հետո գլուխներս մտցնում ենք ավազի մեջ, և մեզ թվում է, թե չենք երևում: Նույնը այսօր անում է, ասենք, Մարության Հայկը, որը հրապարակից գոռում էր՝ ոնց եմ ես ձեզանից զզվում, այդ խոսքերը հասցեագրելով նախկին իշխանություններին և նրանց շրջապատին, այսօր նույն ջայլամի քաղաքականությամբ նա պարզապես իր աշխատանքն է անում՝ մոռանալով, որ հենց ինքն է եղել այդ ատելության քարոզի հիմնադիրներից մեկը»:
Կրթության փորձագետը նկատեց՝ 2018թ. մանկավարժները ծնողների կամքից անկախ երեխաներին տանում էին հրապարակ, և որևէ արձագանք դրան չեղավ. «Եթե նրանք այսօր վախենում են, ուրեմն՝ կրթական ոլորտում անելիք չունեն, իրավունք չունեն այդ ոլորտում մնալ և ապագա սերունդ դաստիարակել: Իրենք լինելով պրոփաշինյանական, չէին էլ հարցնում ծնողներից՝ արդյո՞ք կարելի է երեխաներին տանել հանրահավաքի: Կամ թեկուզ, որ գործադուլ էին անում. Օրինակ՝ իմ երեխայի կրթական պրոցեսը ինչո՞ւ պետք է դադարեցվի ինչ-որ մի ոհմակի հանրահավաքի պատճառով»:
Նրա դիտարկմամբ՝ մտավորականության մի հատվածն էլ է այսօր վախենում. «2018թ. հասարակության մյուս հատվածի կողմից չկար բացահայտ ատելության վերաբերմունք այն մտավորականի նկատմամբ, ով դուրս կգար այդ օրը, Հանրապետության հրապարակից լայվ կմտներ կամ գրառում կաներ: Դա չկար, որովհետև, այսպես ասած, բարիկադների հակառակ կողմում ավելի զսպված հասարակությունն էր, որը չէր ուզում ատելություն: Իսկ հրապարակում ատելության խոսքից հաճույք ստացող հասարակությունն էր: Սա նաև մեր կրթական համակարգի մեծ բացն է, որովհետև կրթական համակարգով է ձևավորվում այն շերտը, որին մենք կոչում ենք ժեխ, զոմբի: Դա նաև գալիս է մեր հասարակության վերաբերմունքից, որ մանկապարտեզում երեխայի գլխավոր ձեռքբերումը վարժ անգիր ասելն է, դպրոցում գլխավոր ձեռքբերումը ատեստատի միջի բարձր գնահատականն է, ոչ թե գիտելիքը, բուհում գլխավոր ձեռքբերումը նույնպես բարձր գնահատականներն են և կարմիր դիպլոմը, ոչ թե գիտելիքը: Մեր կրթական համակարգը մարդուն մտածել չի սովորեցնում, արդյունքում ունենում ենք այն հասարակությունը, որին ասում ես՝ ձեռքերդ բարձրացրու վեր և դըմփ-դըմփ-հո՜ւ գոռա, նա կրկնում է այն, ինչ իրեն ասում են»:
Նա հավելեց, որ գործող իշխանություններն իրականացնում են Ալիևի և Էրդողանի ծրագրերը. «Առաջին քայլով մեզ գոնե իշխանափոխություն է պետք, բայց դրա համար պետք է գոնե 500 հազար հոգու միասնականություն: Մենք տեսանք, որ ընտրություններում քեմալական պայմանագիր կուսակցությունը հավաքեց 600 հազարից ավելի ձայն. ինձ համար ամոթալի է, որ ես այս հասարակության մեջ եմ, որ այսպիսի իշխանությունը, այսպիսի թիմը կարող է այդքան աջակից ունենալ»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում