Այդ «արտադրամասի» անունը նիկոլիզմ է, որի գլխավոր գործիքը հային հայի դեմ հանելն է՝ հանուն սեփական իշխանության երկարաձգման
Ապրելակերպ էին։
ԽՍՀՄ անծայրածիր կայսրության յուրաքանչյուր հայ օջախում, Ռուբեն Մաթևոսյանի թավշյա մատուցմամբ, որպես ինքնության աղոթք էր հնչում Հրաչյա Բեգլարյանի՝ մաշտոցյան զուլալ ակունքներից հավաքած-կանգնեցրած անմահ «մոնումենտը», որ էր՝ արցախահայության բարոյական անձնագիրն ու մեր տեսակի հավատամքը (երաժշտությունը՝ Ալեքսեյ Հեքիմյանի).
Գիտի գինը աղ ու հացի,
Միշտ հյուրասեր ու միշտ բարի,
Միշտ սրտաբաց ղարաբաղցին:
Դու նրա հետ ընկերացիր,
Վատ ընկերոջ համար անգամ
Կյանքը կտա ղարաբաղցին:
Խիզախում է ինչպես արծիվ,
Վաստակն արդար,խիղճը մաքուր,
Արդարադատ ղարաբաղցին:
Բայց հասարակ մարդ մի կարծիր,
Գիտնական է ու զորավար,
Բազմավաստակ ղարաբաղցին:
Բայց թե հոգով դու դառնացրիր,
Ամպի նման կորոտա նա,
Շանթ ու կրակ ղարաբաղցին:
ՈՒ սա այն Արցախն էր, որով հպարտանում էինք, և այն արցախցին էր, ում թիկունքին մեզ ապահով էինք զգում։
Մաթևոսյան-Բեգլարյան-Հեքիմյան հանճարեղ «եռաժանին» խորհրդային հեռուստաեթերից ու ամենատարբեր համերգասրահներում գեղարվեստական բարձր պրոֆեսիոնալիզմով մատուցում էր հավաքական հայի պատկերացումն իր տեսակի ամենաամուր, ամենաարդար ու ամենախիզախ հատվածի մասին։ Սա այն հայն էր, ում «վաստակն արդար էր, խիղճը՝ մաքուր», ով «վատ ընկերոջ համար անգամ կյանքը կտար»։
Այսօր, ցավոք, նիկոլիզմի բարոյական ամայության մեջ, այդ «աղ ու հացի» տեղը զբաղեցրել է ատելության թույնը, իսկ «սրտաբացության» փոխարեն մեզ հրամցվում է փողոցային մարգինալի նողկալի հաչոցը․
«Ղարաբաղցի՜ն․․․․ ղարաբաղցին, էլ հայ չի։ Էն կինը, որ, շատ հազար անգամ կներեք՝ որ տեղաշոր ա պառկե թուրքի հետ, թուրքի լամուկներ ա ծնե, միլիոն տոկոսով, ըտենց կին գոյություն չունի Ղարաբաղում, որ թուրքի հետ էղած չլինի»։
Ներկայացվածը ոչ թե պատահական ցնդաբանություն է, այլ տարիներ շարունակվող «սև ու սպիտակի», «հայաստանցի-ղարաբաղցի» արհեստական բաժանման քվինտ-էսենցիան։ Երբ բարձրագույն ամբիոններից Արցախը ներկայացվում է որպես թշնամական կամ «խորթ» տարածք, փողոցում հայտնվում են բոսյակ «բիձուկներ», ովքեր լեգիտիմացված են զգում պղծելու ամենասուրբը՝ մոր, կնոջ և հայրենակցուհու կերպարը։
Նողկալի այս ձևակերպումը հարվածում է մեր ինքնության հիմքին։ Արցախցի կինը, որ երեք պատերազմ է տեսել, նկուղներում երեխա է մեծացրել ու շրջափակման մեջ հացի հերթ կանգնել, այսօր դառնում է զոհը մի կեղտոտ տեսակի, որը հայերեն խոսում է, բայց հայի հետ որևէ առնչություն չունի։
Հոգեբանական ցեղասպանություն է սա՝ սեփական տեսակի ներսում։
ՈՒ եթե պետական իրավապահ համակարգը չի արձագանքում ազգային արժանապատվության այս բացահայտ պղծմանը, նշանակում է՝ նման կաղկանձը ձեռնտու է օրվա իշխանությանը․ օգնում է ազատվելու Արցախի հանդեպ ունեցած պատասխանատվությունից՝ զոհին դարձնելով մեղավոր և «անմաքուր»։
Այնտեղ, որտեղ երգը պատմում էր «բազմավաստակ գիտնականի ու զորավարի» մասին, այսօրվա քաղաքական աղբակույտը ծնում է կերպարների, ովքեր համարձակվում են պղծել արցախցի կնոջ պատիվը և ուրանալ սեփական արյունը։
Ի՞նչ պատահեց մեզ։
Ինչպե՞ս ստացվեց, որ «արծվի պես խիզախող» տեսակին փորձում են փոխարինել «թուրքի դռան շուն» դառնալու երազանքով ապրող մուտանտներով։
Ինչպե՞ս «շանթ ու կրակ» ղարաբաղցին դարձավ այն նույն մարդկանց թիրախ, ում անվտանգության համար տասնամյակներ շարունակ վահան է եղել։
ՔՊ-ական մահասփյուռ վիրուսը սկզբում քանդեց Արցախի սահմանները, իսկ հիմա փորձում է ապամոնտաժել արցախցու կերպարը մեր հոգիներում, որպեսզի վերջնականապես արդարացնի սեփական դավաճանությունը։
ՈՒ այսօր, երբ սոցցանցերում թիրախավորում են քնձռոտ ու բարոյալքված մի հետաճուկ- ռուդիմենտի, մոռանում են՝ թիրախը ոչ թե հակահիգիենիկ ծերուկը պետք է լինի, այլ այն «արտադրամասը», որն արդեն ութ տարի հետևողականորեն թողարկում է նման գարշահոտ տիպաժների։
Այդ «արտադրամասի» անունը նիկոլիզմ է, որի գլխավոր գործիքը հային հայի դեմ հանելն է՝ հանուն սեփական իշխանության երկարաձգման։
Նիկոլիզմը քաղաքականություն չէ, այլ հոգեբանական վիրուս, որը նախ և առաջ քայքայում է ազգի դիմադրողական համակարգը։ Այն ստիպում է մարդուն ատել իր եղբորը, որպեսզի նա չատի իրական թշնամուն։ Երբ «բիձուկը» փողոցում պղծում է արցախցի կնոջ պատիվը, նա պարզապես կրկնում է այն, ինչ իրեն ներարկել են «թավշյա» քարոզչամեքենայով՝ Արցախը ներկայացնելով որպես բեռ, որից պետք էր ազատվել հանուն «լիքը սառնարանի» և «կուշտ ստամոքսի»։
Նիկոլիզմի ամենադաժան դրսևորումը արժեքների շրջումն է։ Նրանց աշխարհում.
հայրենասերը «ռազմատենչ» է,
արժանապատիվը՝ «նախկին»,
իսկ սեփական ազգին դավաճանողն ու պղծողը՝ «հպարտ քաղաքացի»։
Այս չարժեհամակարգում «թուրքի շուն լինելը» դառնում է ընդունելի ընտրություն, իսկ արցախցուն հայ չհամարելը՝ «ինքնիշխան» մտածողություն։
Եթե դասական դիակապտությունը մեռածին կողոպտելն է, ապա նիկոլիզմը թալանում-գզգզում է կենդանի ազգի հոգին։ Փորձում է սպանել մեր հիշողությունը Մարաղայի, Շուշիի և Հադրութի մասին, որպեսզի հեշտ լինի կառավարել հիշողությունից զուրկ «հոտին»։
Այն, ինչ զառանցում է փողոցում հայտնված սույն երիզորդը, նիկոլիզմի իրական դեմքն է՝ առանց դիմահարդարման։ Սա այն «նոր Հայաստանն» է, որտեղ հայ լինելը չափվում է ոչ թե հայրենիքին տվածով, այլ հայրենիքից հրաժարվելու պատրաստակամությամբ։
Երբ տգիտությունը զինվում է ատելությամբ, իսկ քաղաքական կուրությունը՝ լպիրշությամբ, ծնվում է մի տեսակ, որի համար սեփական արյունակցին վիրավորելը դառնում է «հայրենասիրական» ակտ։
Սույն բիձուկի լեզվով խոսում է այն նույն ցինիզմը, որը Reels-երով «անձրևախառն բարի լույս» է մաղթում Մարաղայի ջարդերի օրը։
Նույն շղթայի օղակներն են. մեկը ծաղրում է մեր ցավը օրենսդիր մարմնի բազկաթոռին պառկած, մյուսը՝ փողոցում պղծում է մեր սուրբ հիշողությունն ու պատիվը։ ՈՒ եթե մենք հանդուրժում ենք նման տիղմի գոյությունը, ուրեմն թույլ ենք տալիս, որ մեր տունը քանդեն ներսից՝ առանց մի փամփուշտ իսկ արձակելու։
Կատարվածը ոչ թե տգիտություն է, այլ պետականորեն խրախուսվող սրբապղծություն։ Երբ երկրի ղեկավարը կարող է Ազգային ժողովի ամբիոնից ուրանալ Արցախը, ինչու՞ փողոցային մարգինալը չպիտի ուրանա արցախցուն։ Նման «բիձուկները» նիկոլիզմի զինվորներն են, որոնց խնդիրն է սպանել մեր ներսի հային, որպեսզի դրսի թշնամուն մնան միայն դատարկ տարածքներն ու անդեմ զանգվածը։
Պատռել կեղտակուռ այս դիմակը՝ նշանակում է ոչ միայն նողկանքով մերժել տխեղծ մի «журналюга»-ի եթեր արձակած աղբը, այլև այն համակարգը, որը թույլ է տվել, որ հայը հասնի նման ստորության։
Այս բիձուկը ոչ թե պատճառն է, այլ հետևանքը։ Նա այն քաղաքական թույնի արտացոլանքն է, որով ողողված է մեր լրահոսը։ Երբ «անձրևախառն բարի լույսերը» մատուցվում են ցինիզմով, իսկ ազգային արժեքները հռչակվում են «կեղծ կատեգորիաներ», ծնվում է մի սերունդ կամ մի խավ, որի համար սեփական արյունակցին պղծելն ու վիրավորելը դառնում է «հայրենասիրության» դրսևորում։
Իսկական բարոյական ջարդ, ինչն ավելի վտանգավոր է, քան թշնամու «բայրաքթարը»։
Մենք գործ ունենք հոգևոր համաճարակի հետ, որի միակ պատվաստանյութը ազգային արժանապատվության վերականգնումն է և դավաճանությունն իր անունով կոչելն ու պատժելը։









































