Ես միշտ ասում եմ իմ ռուս եղբայրներին, որ եթե չլինի Արցախը, հաջորդ ճակատամարտը ռուսները կվարեն Կուլիկովոյի դաշտում Այս մասին ասել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը «Ռեգնում» գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովին տված հարցազույցում, որ ներկայացնում ենք ստորև:

Մեկ տարուց ավելի է անցել Ղարաբաղյան երրորդ պատերազմի ավարտից հետո, որի արդյունքները հայտնի են բոլորին: Ինչպիսի՞ն է այդ իրադարձությունների ձեր տեսլականը: Ի՞նչ էր դա ընդհանրապես:

«Ղարաբաղյան երրորդ պատերազմը մեր ժողովրդի և պետականության պատմության ամենածանր փորձություններից էր, և մեզանից պահանջվում է դրա պատճառների բազմակողմանի, օբյեկտիվ և պրոֆեցիոնալ վերլուծություն անել: Ի դեպ, վերլուծությունը պետք է արվի ինչպես աշխարհակաղաքական կտրվածքով, այնպես էլ պետականաշինության գործընթացում»,- ասել է Բաբայանը՝ շեշտելով, որ 2020 թվականի պատերազմը նախորդ երկուսից (1990-94թթ. և 2016թ.) տարբերվում էր նրանով, որ այս անգամ Արցախի դեմ բացեիբաց կռվում էր ոչ միայն Ադրբեջանը, այլև Թուրքիան և միջազգային ահաբեկչական խմբավորումները:

«Գործնականում մենք ականտեսը դարձանք ագրեսիվ պետությունների և ծայրահեղական-ահաբեկչական խմբավորումների միավորման՝ մի երևույթ, որը վտանգ է ներկայացնում ողջ քաղաքակիրթ աշխարհի համար, հատկապես՝ Ռուսաստանի: Չէ՞ որ ակնհայտ է, թե ինչ սպառնալիքներ են Ռուսաստանի համար ներկայացնում էքսպանսիոնիստական ծրագրերը, որոնք չի թաքցնում հենց Թուրքիան: Ղարաբաղյան երրորդ պատերազմից հետո Անդրկովկասում արդեն մի շարք համակարգային աշխարհաքաղաքական փոփոխություններ են տեղի ունեցել, որոնցից հիմնականը Թուրքիայի պաշտոնական և անմիջական ներկայությունն է տարածաշրջանում, ինչը չէր եղել 1920 թվականից ի վեր»,- ընդգծել է Բաբայանը:

Իսկ ի՞նչ դեր է Արցախն այսօր խաղում Անդրկովկասում արտաքին աշխարհաքաղաքական իրադրության պարագայում: Չի թուլացել արդյո՞ք նրա դերը պատերազմից հետո: 

«Այո՛, Ղարաբաղը ծանր վիրավոր է, սակայն դրանից նրա դերակատարությունը տարածաշրջանային քաղաքականության մեջ չի նվազում, ես նույնիսկ կասեի, որ ներկայում նրա աշխարհաքաղաքական գործոնը հատուկ կարևորություն է ստանում: Եթե չլինի Արցախը, ապա Անդրկովկասում բոլորովին այլ պայթյունավտանգ աշխարհաքաղաքական իրադրություն կձևավորվի, ինչը հղի է դոմինոյի էֆեկտով և ռազմաքաղաքական ցնցումներով Հյուսիսային Կովկասում, Ղրիմում, Վոլգայի շրջանում, Կենտրոնական Ասիայում, Սինցզյանում, Մերձավոր և Միջին Արևելքում: Ժամանակի հետ այդ «աշխարհաքաղաքական համավարակը» կհասնի նաև Եվրոպա: Իրավիճակը նման է 30-ականների սկզբին տիրող իրավիճակին, երբ Հիտլերի հետ խաղը՝ հույս ունենալով նրա ագրեսիան ուղղել Արևելքի դեմ, ողբերգություն դարձավ բոլորի համար: Ի դեպ, Էրդողանը հրապարակավ հայտարարում է, որ Հիտլերը ղեկավարի կատարյալ օրինալ է: Այդ ամենը հատկապես վտանգ է ներկայացնում  Ռուսաստանի համար, չէ որ փոքրիկ, ծանր վիրավոր Ղարաբաղը դեռևս լուրջ խոչընդոտ է այդ սարսափելի վեկտորների համար: Ես միշտ ասում եմ իմ ռուս եղբայրներին, որ եթե չլինի Արցախը, հաջորդ ճակատամարտը ռուսները կվարեն Կուլիկովոյի դաշտում»:

Փոխվել են արդյո՞ք Արցախի արտաքին քաղաքականության հիմնական նպատակները պատերազմից հետո:

«Մեր երկրի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները Արցախի Հանրապետության միջազգային ճանաչում է, հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումը տարբեր երկրների հետ, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորումը: Սրանք մեր արտաքին քաղաքականության ավանդական շեշտադրումներն են, որոնք անփոփոխ են մնացել:

Ինչ վերաբերում է Ղարաբաղի ապագային, ապա անկախ բոլոր փոփոխություններից և ցնցումներից՝ մեզ համար մի բան է մնում. մենք երբեք Ադրբեջանի մաս չենք լինի: Դա բացառվում է: Ցանկացած փորձ մեզ մտցնելու Ադրբեջանի կազմ կհանգեցնի կամ նոր արյունալի պատերազմի, կամ Արցախից հայերի հեռանալուն: Այլ տարբերակներ ուղղակի չկան»:

ԼՂՀ արտաքին քաղաքական գործունեությունը շարունակվում է: Արդյո՞ք խոսք գնում է արտասահմանում ԼՂՀ ներկայացուցչությունների ընդլայնման մասին:

«Այո, իհարկե, ԼՂՀ-ն շարունակում է բավականին ակտիվ արտաքին քաղաքականություն վարել: Մեր արտաքին քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը, ինչպես արդեն ընդգծվել է, փոխհարաբերություններն են ՌԴ-ի հետ: Խոսելով արտասահմանում մեր ներկայացուցչությունների մասին՝  մենք միշտ նախապատվությունը տվել ենք ոչ թե քանակական բաղադրիչին, այլ որակական: Չնայած, որ մեր երկիրը փոքր է, և մեր ռեսուրսները սահմանափակ են, մենք բավականին պատրաստված, բարձր որակավորում ունեցող և հայրենասեր դիվանագիտական անձնակազմ ունենք: Մեր արտասահմանյան ներկայացուցչությունները մեծ ծավալի աշխատանք են կատարում, ինչպես նաև պաշտպանում են մեր երկրի շահերը տարբեր ատյաններում»:

Կասկած չկա, որ ԼՂՀ-ին և առնվազն այստեղ գտնվող ռուս խաղաղապահներին անհրաժեշտ կլինի անվտանգ տրանսպորտային հաղորդակցություն արտաքին աշխարհի հետ Բաքվի միջով: Այս պահին խորհրդակցություններ ընթանո՞ւմ են այդ թեմայով:

«Ինչպես արդեն ասվել է, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական և համապարփակ լուծումը մեր արտաքին քաղաքականության առանցքային առաջադրանքներից մեկն է: Դրա արդյունքը պետք է լինի այն, որ Արցախը և Ադրբեջանը հարևաններ դառնան: Միայն այդ դեպքում Արցախի և Ադրբեջանի միջև լիարժեք հաղորդակցական կապերի ստեղծումը հնարավոր կլինի: Քանի դեռ հակամարտությունը չի կարգավորվել, քանի դեռ Ադրբեջանը չի հրաժարվել Արցախը վերացնելու մտքից, ակնհայտ է, որ վաղ է խոսել երկու երկրի միջև նորմալ գործող համակարգի մասին: Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահների կողմից ադրբեջանական տրանսպորտային հաղորդակցություններն օգտագործելուն, ապա այդ հարցը բոլորովին այլ հարթության վրա է գտնվում և որևէ կերպ չի կարող անդրադառնալ այնպիսի քաղաքական հարցերի վրա, որոնցից են մեր կարգավիճակը, Արցախի ապագան և այլն»:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն