Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների, այսպես կոչված, կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչները կարող են հանդիպել առաջիկայում: Այս մասին օրերս հայտնել էր Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն: «Հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկի համար մենք հատուկ ներկայացուցիչների ենք նշանակել: Շատ մոտ ապագայում նրանք բանակցություններ կվարեն»,- ասել էր Չավուշօղլուն:

Նա չի հայտնել առաջիկայում կայանալիք հանդիպման մանրամասները։ Ինչպես հայտնի է, գործընթացի շրջանակում ՀՀ հատուկ ներկայացուցիչը ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն է, իսկ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը՝ ծանրքաշային դիվանագետ, ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։

Բացի բանակցային բովանդակությունից, առանձին՝ մեկ այլ խնդրահարույց թեմա էլ բանագնացի դերում Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունն է, ով ՀՀ ԱԺ փոխնախագահն է, և ակնհայտորեն այս երկու միմյանցից էապես տարբեր, առանցքային դերերը նման անփորձ գործչի համար անհամատեղելի են թվում։ Համաշխարհային պրակտիկայում, երբ երկիրը պատրաստվում է ծանր բանակցությունների, ընդունված է նման դեպքերում առաջ մղել ծանրքաշային դիվանագետի։

Ինչպես կարելի է նկատել, Թուրքիան հենց այս «ավանդույթով» էլ առաջնորդվել է՝ հատուկ բանագնաց նշանակելով դիվանագետի, ով մի քանի տասնամյակ կարևոր դիվանագիտական պաշտոններ է զբաղեցրել՝ ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ՝ Մերձավոր Արևելքում և Թուրքիայի արտաքին դիվանագիտական գերատեսչությունում։ Սակայն ՀՀ իշխանությունների դեպքում իրավիճակն արտասովոր է՝ հասկանալի է, որ որևէ լուրջ դիվանագետ չէր համաձայնի ստանձնել այս դերը, իշխանությանն էլ իր հերթին՝ հարկավոր էր վստահելի մարդ այս պաշտոնում։ Դատելով իշխանության հրապարակային դիվանագիտական ակտիվությունից՝ իշխանությունը ծանր դիվանագիտական աշխատանքի չի պատրաստվում, այս պարագայում Ռուբինյանի թեկնածությունը թեև խնդրահարույց՝ լիովին ըմբռնելի է։

Գործընթացը հատկապես հայ հասարակության համար հնարավորինս անհասկանալի ու փակ է, պարզ չէ, թե ինչ դիրքորոշումներով է հայկական կողմը մտնում գործընթաց և ինչ պետք է սպասի հայ հասարակությունը մի երկրի հետ հարաբերությունների կարգավորումից, որի հետ կա Հայոց ցեղասպանության հարց, Արցախյան հիմնախնդիր, Թուրքիայի կողմից միակողմանիորեն փակված սահմաններ, 44-օրյա պատերազմում Թուրքիայի ռազմական աջակցություն Ադրբեջանին և, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի հարց։

Նույնիսկ թուրք վերլուծաբաններն են նշում, որ Թուրքիան բարդ երկիր է, բարդ հարաբերություններով, բարդ քաղաքականությամբ, հարևանությամբ, և ինչպես է Էրդողանի իշխանության հետ պատրաստվում բանակցել ՀՀ իշխանությունը։ Հայ վերլուծաբանների համար, թերևս, հարցականներ չկան, մեծամասնության պնդմամբ՝ հայկական կողմը սկսում է Թուրքիայի հետ բանակցությունները Թուրքիայի բոլոր նախապայմաններն իրագործած, խոսքը Արցախի հարցի, Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցի և Նախիջևանի միջանցքի մասին է։

Դատելով հայաստանյան դիվանագիտական շեշտադրումներից և ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրություններից՝ Հայաստանը որևէ խնդիր չի դնում Թուրքիայի առջև, Ցեղասպանության հարցը՝ որպես խնդիր հայ-թուրքական հարաբերություններում, ինչպես նաև Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը հնարավորինս անտեսված, խլացված է, այսպես կոչված, ՀՀ արտաքին քաղաքական դոկտրինում։ Ամենատարակուսելին այն է, որ հնարավոր բանակցությունների բովանդակության մասին տեղեկություններին հայաստանյան մեդիափորձագիտական հանրույթը տեղեկանում է ոչ թե ՀՀ իշխանություններից, այլ Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարություններից և թուրքական ԶԼՄ-ներից, որոնց նման դեպքերում հղում անելը Հայաստանում ընդունված չէ, կամ ավելի հաճախ՝ քննադատությունների է ենթարկվում, սակայն նման կարևոր շրջափուլերում, այդ թվում՝ թուրքական մամուլի արտահոսքերը ևս կարող են գործընթացի մասին պատկերն ավելի լիարժեք դարձնել տեղեկատվական դեֆիցիտի պայմաններում։

Եվ թուրքիական պետական TRThaber-ը դարձավ հերթական թուրքական լրատվամիջոցը, որն օրերս մանրամասներ հայտնեց հնարավոր բանակցություններից։ Ըստ այդ հրապարակման, առաջնային հարցերից մեկը, որին տրվելու է կարևորություն, Թուրքիայի և Հայաստանի միջև քաղաքական գործընթացի վերաակտիվացումն է: Ուղղություններից մեկն էլ վերաբերում է Հայաստանի՝ Ադրբեջանի հետ ունեցած խնդիրների լուծմանը: Նշվում է, որ փորձ կարվի այդ ուղղություններով առաջընթաց գրանցել, ինչպես նաև տրանսպորտային հաղորդակցության հարցում կարվեն հստակ քայլեր։ Հաղորդակցությանը զուգահեռ՝ կքննարկվեն տնտեսական հարաբերություններին առնչվող հարցեր, ինչպես նաև սահմանային անցակետերի (բացման) հարցը: Թուրքական, ինչպես նաև ադրբեջանական այլ լրատվամիջոցներ այս օրերին լծված են, այսպես կոչված, Նախիջևանի միջանցքի քարոզչությամբ զբաղվելու գործին, ներկայացնելով, թե ինչ հնարավորություններ այն կարող է բացել Թուրքիայի, Ադրբեջանի, ինչպես նաև Հայաստանի առջև։

Ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին մեզ հետ զրույցում ասաց, որ տպավորություն ունի՝ որքան էլ ռուսական կողմը միջնորդություն էր առաջարկել, բանակցությունները լինելու են երկկողմ, այսինքն՝ ռուսական ազդեցությունից դուրս։ Սա, նրա խոսքով, շատ կարևոր հանգամանք է։ Նա խորհուրդ տվեց բանագնացի թեկնածությունների վրա չկենտրոնանալ, քանի որ կարևոր են իշխանությունների դիրքորոշումները։



«Ռուսական ազդեցությունից դուրս գործընթացի ձգտում կա, ինչը, թերևս, կարելի էր կանխատեսել, քանի որ Թուրքիան ձգտում է ոչ թե ՌԴ-ի հետ համատեղ ազդեցության, այլ մրցակցում է, ձգտում իր ազդեցության ընդլայնման Հարավային Կովկասից մինչև Հյուսիսային Կովկաս և այլուր։ Այս ամենում ներկայիս փուլը Թուրքիայի համար չափազանց կարևոր էր, ուստի պատերազմից անմիջապես հետո գործընթացը վերսկսվեց։ Հաշվի առնելով մի շարք ներքին գործոններ՝ թե՛ Հայաստանում, և թե Թուրքիայում, վերսկսվելիք գործընթացը չափազանց խոցելի է թվում, քանի որ դա իրականացնում են իշխանությունները, և գործընթացները շատ օպոնենտներ ունեն։ Թուրքիայի ներսում ևս բարդ իրավիճակ է՝ կա թե տնտեսական, թե քաղաքական խնդիրների կուտակում, ճգնաժամ, լիրան է վատ վիճակում, և չի բացառվում, որ սա Թուրքիայի նախագահի իշխանավարման ամենավերջին փուլն է։

Հայաստանում ևս ներքաղաքական իրավիճակը պայթյունավտանգ է, այս իրավիճակում հայ-թուրքական վերսկսվելիք գործընթացը համարում եմ խոցելի։ Գուցե հաջողվի հասնել մինիմում պայմանավորվածությունների հարաբերությունների վերականգնման շուրջ, սակայն Թուրքիայի հետ հեշտ չի լինելու, հատկապես, երբ տարածաշրջանային տրանսպորտային նախագծեր են քննարկվում, և Թուրքիա պետության հետ բանակցելը շատ բարդ է։ Այս դեպքում Թուրքիան բանակցելու է նաև Ադրբեջանի հարցերը»,- ասաց վերլուծաբանը։

Հարցին, թե որքանո՞վ է խոցելի հայ-թուրքական հնարավոր գործընթացը, ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերը պատասխանեց, որ բարդ է ասել, քանի որ, երբ նման գործընթաց է սկսվում, ուրեմն որոշակի փոխըմբռնում և տեսլական ձևավորված է, կողմերն ունեն որոշակի ակնկալիքներ։



Ըստ նրա, քանի դեռ երկու կողմերում կան ներկայիս իշխանությունները՝ գործընթացը կշարունակվի։ «Որքան հասկանում ենք երկու կողմի հայտարարություններից, առավելապես քննարկվելու են ներկայումս հարաբերությունները կարգավորելու և առկա հարցերը լուծելու հարցերը, պատմությանն անդրադարձեր չեն լինելու։ Հիմնական խնդրահարույց թեման Նախիջևանի ճանապարհն է, դա կարծես առավելապես կքննարկվի այս ձևաչափի շրջանակում, ինչպես նաև հարաբերությունների կարգավորման քայլերի հաջորդականություն ֆիքսելը։ Սա, թերևս, մինիմումն է, ինչ թվում է, որ հնարավոր է այս իրավիճակում։ Կարծում եմ՝ երկար ժամանակ պետք չի լինի, որ այդ հանդիպումները սկսվեն, քանի որ տարածաշրջանում գործընթացները արագ են զարգանում, և ցանկացած փոփոխություն կարող է վտանգել նաև այս պրոցեսը»,- ասաց նա։

168.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն