Ռոբերտ Քոչարյան. Բոլորովին անհասկանալի է, թե ինչպես հանձնվեցին Շուշին եւ Հադրութը
ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը, ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում նշեց պատերազմում կրած պարտության պատճառները:
«Ցնցումը ծայրաստիճան ծանր է. 35 հազար մարդ անօթեւան է մնացել, մեծ ավերածություններ: Անհրաժեշտ է ջանք գործադրել, անհրաժեշտ է բարձրացնել Հայաստանի տնտեսությունը, անհրաժեշտ է ունենալ միջոցներ, որոնք կօգնեն Ղարաբաղին ուշքի գալ պատերազմից հետո: Ամենաուղիղ ճանապարհը սոցիալական խնդիրները կառուցելը, կարգավորելն ու լուծելն է: Դա միջոցներ է պահանջում: Դա Հայաստանի, հայկական սփյուռքի հնարավորություններն են, մենք կփորձենք միջազգային կազմակերպություններին ներգրավել վերականգնման առավել ակտիվ քաղաքականության համար»,- ասաց երկրորդ նախագահը` խոսելով առկա իրավիճակից դուրս գալու մասին:
Ինչ վերաբերում է պատերազմի արդյունքներին, թե ինչո՞ւ ամեն ինչ այդքան ողբերգական եղավ, Քոչարյանը նշեց. «Բուն Հայաստանում անտաղանդ կառավարումը, զորքերի անտաղանդ կառավարումը: Բացարձակ թյուրըմբռնում, թե ինչ է պատերազմը, ինչ է զորահավաքը, ինչ է մոբիլիզացիոն ռեսուրսի ձեւավորումը, ինչ է բանակի համալրումը: Ցանկացած բանակ լայնամասշտաբ պատերազմի դեպքում իր մարդկային ռեսուրսներով ու ներուժով կարող է դիմակայել ընդամենը մեկուկես շաբաթ: Հետո պետությունը մտնում է իր ամբողջ հզորությամբ, տեղի է ունենում մարդկանց մոբիլիզացիա, պահուստների նախապատրաստում, համալրում: Այստեղ ձախողումը բացարձակապես լիակատար էր: Եղան բացարձակապես անընդունելի որոշումներ եւ այնքան անհասկանալի, որ դա մեծ կասկածներ էր առաջացնում` գուցե՞ այստեղ այլ պայմանավորվածություններ կան, արդյո՞ք չկա դավաճանություն` մի բան, որն արդեն դավադրության տեսությունների դաշտից է: Եվ նման կասկածները դեռ կան: Ընտրություններից հետո դրանք պարզապես պետք է ցրվեն մանրակրկիտ հետաքննությամբ: Միանգամայն անհասկանալի է, թե ինչպես նրանք հանձնեցին Շուշին, անհասկանալի են որոշ որոշումներ՝ կապված նույն Շուշիի պաշտպանության հետ, անհասկանալի է, թե ինչպես հանձնվեց Հադրութը, ինչպես ադրբեջանական զորքերը, փաստացի առանց որեւէ դիմադրության հանդիպելու, Հադրութից պիկապներով հայտնվեցին Շուշիի մոտ: Դա բոլորովին անհասկանալի պատմություն է, այս հարցերի պատասխանները պետք է տրվեն»,- ընդգծեց Ռոբերտ Քոչարյանը: