Հայաստանում բենզինի գինը բարձրացել է։ Բենզալցակայաններում դիզել տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում է 460 դրամով, ռեգուլյարը՝ 480–ով, պրեմիումը՝ 500–ով։

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադեւոս Ավետիսյանը բենզինի թանկացումը պայմանավորում է երկու գործոնով.

«Առաջինը՝ կորոնավիրուսից հետո միջազգային շուկայում պահանջարկի վերականգնում կա, ինչը, բնականաբար, գնաճի է բերում, իսկ մենք ներկրող երկիր ենք։ Երկրորդ գործոնն այն է, որ շուկան ոչ արդյունավետ է կարգավորվում. մրցակցային ոչ բարենպաստ պայմաններ են, ու որքան էլ օրվա խաբեբա իշխանությունները բարձրաձայնում են, որ պայքարում են մենաշնորհների դեմ, վերացրել են դրանք, սակայն փաստն այն է, որ շուկան ընդամենը վերաձեւակերպում են իրենց յուրայիններով, մեծ հաշվով սպառողի համար ոչինչ չի փոխվում, ընդամենը կապիտալի վերաբաշխում է տեղի ունենում եւ փորձում են յուղոտ շահույթ ապահովող շուկաներում իրենց ցուցակի համարներով տեղավորել այն մարդկանց, որոնք իրենք քաղաքական հենարաններն են՝ որպես օլիգարխներ»,– NEWS.am-ի հետ զրույցում ասաց Թադեւոս Ավետիսյանը։

Տնտեսագետի խոսքով՝ եթե դրամն արժեզրկվի, ապա այս երկու գործոններին կգումարվի նաեւ ազգային արժույթի անկայունությունը, ինչը դարձյալ կհանգեցնի բենզինը գնի բարձրացման։ 

«Եթե չլինեն արմատական փոփոխություններ եւ տնտեսական իրավիճակի բեկում, ապա մինչեւ տարվա վերջ ականատես ենք լինելու ոչ միայն բենզինի գնաճի, այլեւ ներկրվող ապրանքի շեշտակի գնաճի։ Բենզինի գնի ավելացումը նկատվում է 20 օրից ավելի, բենզինի յուրաքանչյուր տեսակ առնվազն թանկացել է 20 դրամով։ Սա լուրջ գնային փոփոխություն է, որովհետեւ դա ամենօրյա օգտագործվող ապրանք է, եւ դրա գնաճը կարող է հանգեցնել այլ ապրանքների գների բարձրացման, հատկապես այս ժամանակաշրջանում՝ գյուղատնտեսական»,– նշեց տնտեսագետը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն