«Ընտրություն կատարելիս պետք է համադրել realpolitik-ն ու թղթի վրա գրված ծրագրերը». Աննա Կարապետյան (տեսանյութ)
Ընտրություն կատարելիս պետք է համադրել realpolitik-ն ու թղթի վրա գրված ծրագրերը: Այս մասին «Առավոտյան լուրեր Լիլիթ Թումանյանի հետ» հաղորդման «Հայացք. Երկրագունդ» խորագրի ներքո ասել է «Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանը՝ համադրելով, ըստ առկա սոցիալական հարցումների, հունիսի 21-ին կայանալիք ընտրությունների առաջատար քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերը:««Հայաստան» դաշինքի ծրագիրն առավել բանաձևային և ոչ դետալային է: Ծրագրում շատ մեծ և մանրամասն է անդրադարձն արտաքին տնտեսական հարաբերություններին: Հստակ ծրագրեր են նշվում, հարևանների հետ տնտեսական հարաբերությունները շատ կարևորված են»,- ասել է նա:
Կարապետյանը նշել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագիրն առավել մանրամասն է անդրադառնում արտաքին քաղաքական տարբեր ոլորտներին, սակայն շատ դեպքում գրվածը չի համապատասխանում վերջին երեք տարիներին Փաշինյանի վարած քաղաքականությանը:
«Ուշագրավ է, որ Փաշինյանն իր ծրագրում խուսափել է Թուրքիային թշնամի անվանելուց: Նշվում է, որ իրենք պատրաստ են Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորում քննարկել, եթե Թուրքիայի կողմից լինեն դրական քայլեր: Հարց է առաջանում՝ որո՞նք են այդ դրական քայլերը, Էրդողանի՝ Շուշիից արված հայտարարությունները Փաշինյանը կարո՞ղ է որակել որպես դրական քայլ»,- ասել է նա:
Քաղաքագետի գնահատմամբ՝ «Պատիվ ունեմ» դաշինքի ծրագիրն ընդհանուր առմամբ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիների արտաքին քաղաքականության տրամաբանական շարունակությունն է: «Մենք տեսնում ենք ոճի, սկզբունքների, մոտեցումների շարունակություն: Օրինակներից մեկն Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ մոտեցումն է, որտեղ նշվում է, որ պատերազմը պետք է չազդի հակամարտության կարգավորման տրամաբանության վրա և վերջնական կարգավորումը պետք է հենվի 3 սկզբունքների և 6 տարրերի վրա, որոնք անցյալում բանակցվել են»,- ասել է նա:
Կարապետյանն ընդգծել է, որ «Պատիվ ունեմ» դաշինքը միակ ուժն է, որն ուղիղ անդրադարձ ունի իր ծրագրում Հայաստանի տարածքային ամբողջականության խնդրին:
««Բարգավաճ Հայաստան» կուսակցության մոտ անդրադարձն արտաքին քաղաքականությունը ավելի հպանցիկ և ընդհանրական է: Ընդգծված է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարևորումը, եվրաինտեգրմանը մեկ բառով է անդրադարձ կատարվում, ԱՄՆ հետ հարաբերություններն ընդհարապես չեն նշվում»,- ասել է նա՝ հավելելով, որ «Բարգավաճ Հայաստանն» առաջարկում է նոր ռազմաքաղաքական պայմանագիր կնքել Ռուսաստանի հետ:
«Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրենը նշել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարևորումը չորս ուժերի պարագայում էլ առկա է, նույնիսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, որը միշտ եղել է ամենաարևմտամետը և «ԵԼՔ» դաշինքի կազմում նախագիծ է առաջարկել ԵԱՏՄ կազմից դուրս գալու մասին, այժմ խոսում է ՌԴ հետ հարաբերությունները զարգացնելու, վերաիմաստավորելու, կարևորելու մասին:
«Այլ հարց է, թե ՌԴ կողմից որ ուժը կվայելի վստահություն, որի հետ Մոսկվան կգնա իսկապես եղբայրական, գործընկերային հարաբերությունների կառուցման, իսկ որ ուժն արդեն այնքան է վարկաբեկել ինքն իրեն և իսկզբանե չի եղել ՌԴ հետ հարաբերությունների ջատագով, որ ՌԴ վերաբերմունքը կլինի համապատասխան»,- ասել է Աննա Կարապետյանը:
Վերլուծաբանն ընդգծել է, որ եթե քաղաքացիները որոշումը կայացնում են ըստ արտաքին քաղաքական առաջարկների, առաջինը պետք է ուշադրություն դարձնեն, թե ով ինչպես է պատեկարցնում այս կամ այն վեկտորի իրագործումը, և զուգահեռ ով կհաջողի դրանում, ում գրածն է համապատասխանել իր վարած քաղաքականությանը, իր իրական հայացքներին, իր անցած ճանապարհին:
Մանրամասները տեսանյութում:
<iframe width="770" height="407" src="https://www.youtube.com/embed/POJpiDAL88k" title="YouTube video player" frameborder="0" allow="accelerometer; autoplay; clipboard-write; encrypted-media; gyroscope; picture-in-picture" allowfullscreen></iframe>