Զինվորական երդումը՝ առաջին անգամ Եռաբլուրում։ Երդումը Հայրենիքինն է, խոստումը՝ երկրինն ու Եռաբլուրում հանգչող եղբայրներինը։ 

«Ես ծառայության անցնելով ՀՀ ԶՈՒ հանդիսավոր երդվում եմ՝անձնվիրաբար ծառայել ՀՀ –ը,և հանուն նրա չխնայել կյանքս, ու թե դրժեմ երդումս, թող պատժվեմ օրենքի ամբողջ խստությամբ»։

Զինվորական շարանցում։ Նորակոչիկների հպարտ, ծնողների որոնող հայացքներ։ Տղաները բոլորն էլ միանման են հագնված։ Հարազատներն իրենց որդուն ճանաչում են արդեն զինվորական հագուստով, զինվորականի կեցվածքով, զինվորական հրամանները վարժ կատարելիս։

Երդման նոր վայրը  պատահական չի ընտրվել․ այն դարձել է սրբավայր՝ Տեր Պսակ քահանան է շեշտում։ Օրհնության կարգ, տերունական աղոթք.

«Զինվորական երդումը միախառնվում է զինվորական պաշտպանության մեր սահմաններին իրենց կյանքը տված տղաների երդմանը։ Այսօր կարծես նույն այդ տղաները, որ արդեն նահատակներ են, վերստին երդման արարողության են ներկա»։

Եռաբլուր պանթոնում զինվորական երդում անցկացնելը պարտքի ու պատասխանատվության զգացողությունն էլ ավելի է մեծացնում՝ N զորամասի հրամանատար  գնդապետ Անդրանիկ Պողոսյանն է.

«Մեր նորակոչիկներին  պետք է դաստիարակենք այն ավանդույթներով, որ մեր զոհված ընկերների գործը պետք է ավարտին հասցնենք։ Եվ նորակոչիկների գիտակցությանը հասցնել այն գաղափարը, որ զինվորական ծառայության զինվորագրված մեզանից յուրաքանչյուրն անվերապահորեն սիրի իր ազգը և հողը հայրենի»։

Բացառել «դրժել» բառը․ ԶՈւ  Կապի զորքերի պետ, գեներալ-մայոր Շահնազարյանն է իր զինվորների կողքին.

«Հարգելի զինվորներ, սա լոկ երդում չէ, ու  պատահական չի ընտրվել վայրը, դուք երդվում եք Աստծո, ձեր ծնողների առաջ, երդվում եք  նաև  մեր նահատակված զինվորների առաջ։ Եվ դրժել բառը պետք է հանեք ձեր միջից՝ չի լիելու  դա»։ 

Ամբոնի մոտ Հասմիկ  Մաթևոսյանն է․ շատ մոտիկ ամուսինն է ննջում, զոհվել է 44-օրյա պատերազմում։

«Տղերք, հիշեք, որ մենք երկնքում շատ հերոսներ ունենք, դուք մեզ ողջ- առողջ եք պետք։ Թող հայոց աշխարհի բոլոր լուսաբացները խաղաղ ու կապույտ լինեն։

Նորակոչիկ Դավթյանն է։ Զինվորական երդմանը հաջորդում է խոստումը.

«Մենք թույլ չենք տա, որ պատմություն չունեցող վայրի ցեղն աղավաղի մեր պատմությունը, պղծի մեր օջախը։ Պատիվ ունեմ ծառայելու ՀՀ–ին»։

Նորակոչիկ Ղազարյանը պետհամալսարանում կրթությունն ընդմիջել է ծառայությամբ։ Ասում է՝  Հայոց բանակի մասին կարծիքը մեկն է՝ ուժեղ, ու փոխել չեն կարող.

«Շատ մեծ պատասխանատվություն է դրված, մենք պետք էշարունակենք մեր տղերքի գործը։ Ինչքան էլ ուզում են դրսից բանակի մասին մեր կարծիքը փոխեն, հայ զինվորը միշտ լինելու է անվախ։ Միշտ մեր հայրենիքի սահմանները լիելու են անկոտրուն, ու կորցրածն էլ հետ ենք բերելու, ես վստահ եմ»։

Երկրի վաղն այսօրվա բանակն է՝ ծնողներն են ձեւակերպում։ Անհանգիստ են, բայց վստահ.

«Այսօր ապրումները շատ են՝  և հուզված, և ոգևորված, և հպարտության զգացումով։ Այդ պատասխանատվության ու հպարտության զգացումը ունեին մեր տղաները, ովքեր ամուր ու ձիգ կանգնած էին»։ 

Զինվորական քայլերթ, Հայոց բանակի հիմն ու խոնարհում։ Երդումը Հայրենիքինն է՝ անձնվիրաբար ծառայել, խոստումը՝ Եռաբլուրում հանգչող եղբայրներինը՝ շարունակելու ենք ձեր գործը։ Պատիվ ունեն։

hy.armradio.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն