Թեեւ ես ինձ չեմ համարում միջազգայնագետ, բայց մեկ-մեկ մամուլում եւ ինձ հարազատ դարձած թերթի (կարծում եմ՝ գուշակեցիք, թե որ թերթի) էջերում երբեմն հանդիպում եմ այնպիսի հոդվածների, որ, մեղմ ասած, միամիտ կամ քարոզչական նյութի տպավորություն են թողնում: Եվ որպեսզի հենց սկզբից պարզ լինի, թե ես ինչ կողմնորոշում ունեմ, ասեմ, որ այն զուտ հայանպաստ է: Ավելի քան 17 տարի անդամակցել եւ աշխատել եմ հասարակական կազմակերպություններից մեկում եւ երկրի ներքաղաքական կյանքի ձեւավորման հարցում ունեցել եմ արեւմտամետ դիրքորոշում: Ու դա նորմալ է, որովհետեւ մենք 17 դար շարունակ ապրել ենք քրիստոնեական քաղաքակրթության շրջանակում, իսկ Արեւմուտքը դրա առաջամարտիկն է: Բայց միաժամանակ երկրի անվտանգության հարցում միշտ եղել եմ պահպանողական, որովհետեւ մենք գտնվում ենք Ռուսաստանի ազդեցության գոտում:

Դա՝ մեկ, եւ երկրորդ՝ մեր տարածաշրջանում, 18-րդ դարից սկսած, եղել է ռուսական կամ թուրքական այլընտրանք: Իսկ մենք այնքան հզոր չենք, որպեսզի չունենանք մեզ պաշտպանող անվտանգության համակարգի կարիքը: Ինչ մնում է Արեւմուտքին, ապա թե՛ արցախյան երրորդ պատերազմը եւ թե՛ հետպատերազմական շրջանը վկայեցին, որ Արեւմուտքն իր զինվորով չի գալու այստեղ, որպեսզի մեզ պաշտպանի: Դա այդպես էր 100 տարի առաջ, այդպես է մեր օրերում: 

Իսկ այժմ՝ ուկրաինական դեպքերի մասին, քանի որ դա է այսօրվա աշխարհի թիվ մեկ մտահոգությունը: Մեկ անգամ արդեն «Հրապարակի» էջերում անդրադարձել եմ ռուս-ուկրաինական բախման հեռանկարին՝ ասելով, որ պետք է աղոթենք Աստծուն, որ այն տեղի չունենա: Որովհետեւ այդ դեպքում մեծ կլինի հավանականությունը, որ ադրբեջանա-թուրքական տանդեմը կօգտվի դրանից եւ կփորձի լուծել, իրենց ասած, Արեւմտյան Զանգեզուրի խնդիրը: Այնպես որ, յուրաքանչյուր բանիմաց ու գրագետ եւ միաժամանակ Հայաստանի ապագայով մտահոգված մարդ պետք է ոչ թե «երկրպագի» Ուկրաինային, այլ մտածի ռուս-ուկրաինական բախման հետեւանքների մասին: Դա՝ մեկ, եւ երկրորդ՝ ինչ վերաբերում է ռուսական հարձակմանը, ինչն իբր թե պետք է տեղի ունենա այսօր՝ փետրվարի 16-ին, ապա դա արեւմտյան հերթական քարոզչական ճարպիկ հնարքն է (ավելի լավ այդ իմաստն արտահայտում է ռուսերեն եւ հայերեն ժարգոնային «տրյուկ» բառը):

Կամ էլ արեւմտյան աջակցությամբ ուկրաինական բանակը հենց այդ օրն է հարձակվելու Դոնեցկի եւ Լուգանսկի տարածաշրջանի վրա, իսկ ռուսական բանակի հարձակման վերաբերյալ ամերիկյան պնդումները նպատակ ունեն ռուսներին հետ պահել պատասխան հարվածից: Երկու դեպքում էլ նախաձեռնությունը զուտ արեւմտյան է եւ ոչ թե ռուսական: Որովհետեւ պատերազմը սկսվելու օրը հրապարակային տեղեկատվություն չէ, որպեսզի դրանից մեկ-երկու շաբաթ առաջ ամերիկյան հետախուզությունն իմանար ու տարփողեր ի լուր աշխարհի: Իսկ ռուսական ռազմաքաղաքական ղեկավարությունն էլ հաստատ հիմարների հավաքածու չէ, որ հարձակման օրվա հայտնի դառնալուց հետո չփոխեր այն: Եթե, իհարկե, հարձակվելու նպատակ ուներ եւ դրան այլընտրանք չէր տեսնում: Էլ չեմ խոսում նախահարձակ լինելու մասին, որ Ռուսաստանին բացարձակ պետք չէ: Ի վերջո, ինչ իմաստ ունի հակամարտությունից 6-7 տարի անց ռուսական հարձակումը, եթե Ուկրաինան առաջինը չնախաձեռնի այն:

Մի խոսքով, այդ պատերազմը մեզ հաստատ պետք չէ: Եվ ոչ էլ պետք է հակառուսականությունը դարձնել դրոշ՝ այն դեպքում, երբ Արցախի անվտանգությունն ապահովող միակ ուժը ռուսական բանակն է: Դրան էլ գումարած Հայաստանի Հանրապետության անվտանգային խնդիրները: Ի դեպ, երբ այդ հակամարտության հարցում, այսպես ասած, ժողովրդավարության հենքով հակառուսականություն է դրսեւորվում, հիշում եմ վրացի գործընկերոջ հետ խմած Նիկոլի վարքը՝ Պուտին հայհոյելը: Իհարկե, դժվար է ընդունելը, որ այդ երեւույթները համահունչ են, բայց հենց դա է իրականությունը:

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն