ՌԴ երկրորդ «նահանջը» Փառուխից
Հայաստանյան այցի շրջանակում ՌԴ արտգործնախարարը որոշ հստակեցումներ արեց այն հարցերում, որոնք շահարկում է ադրբեջանական կողմը: Սերգեյ Լավրովը, մասնավորապես, հստակ հայտարարեց՝ տրանսպորտային ապաշրջափակման ընթացքում «միջանցքային» տրամաբանություն չկա, և այդ հարցում երկիմաստություն լինել չի կարող․ ճանապարհները գործելու են այն պետությունների սուվերենության ներքո, որոնցով անցնում են: Երկրորդ հստակեցումն առնչվում էր «Խաղաղության պայմանագրի» մշակման հիմքերին: Լավրովը հաստատեց, որ բանակցությունների սեղանին երկու փաստաթուղթ է՝ Ադրբեջանի հրապարակած 5 կետանոց առաջարկները և դրան ի պատասխան հայկական կողմից ներկայացված 6 լրացումները:
Փոխարենը Լավրովի մեկ այլ հայտարարություն հայտնվեց քննարկումների առանցքում՝ հարուցելով քաղաքական գործիչների և վերլուծաբանների տարակուսանքը:
Ի՞նչ կապ ունեն Արցախի Փառուխի խնդրի լուծումը և Հայաստան-Ադրբեջան սահմանազատումը. հունիսի 9-ից այս հարցի պատասխանը փորձում են գտնել Հայաստանի քաղաքական և վերլուծական դաշտում, քանի որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Երևանում հստակ ներկայացրեց, թե ինչպես է պատկերացնում Փառուխում գրավված դիրքերից ադրբեջանցիների դուրս բերումը.
«Ռուս զինվորականները դա իրենց առաջնահերթություններից են համարում, և դրա մասին մեր հայ ընկերները լավ տեղեկացված են: Տեղում արդեն կան որոշակի արդյունքներ այս իրավիճակի դեէսկալացիայի առումով, և մենք ունենք ընկալում, որ սահմանազատման արդեն առարկայական աշխատանքի ընթացքում այդ հարցերը կդիտարկվեն և անպայման կլուծվեն»։
Եթե չլինեին հայտարարության առնչվող հետագա զարգացումները, սա կարելի էր ընկալել իբրև մեսիջ ադրբեջանական կողմին: Ռուսաստանի արտգործնախարարության կայքում, սակայն, Լավրովի բանավոր խոսքն արագորեն տեղադրվեց վերախմբագրված ու վերաձևակերպված տարբերակով և փոփոխված շեշտադրումներով: Գրավոր տեքստում Փառուխի խնդրի լուծումն արդեն չի դիտարկվում սահմանազատման համատեքստում: Ըստ ռուսական պաշտոնական հաղորդագրության, Լավրովը Երևանում հույս է հայտնել, թե «հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի գործընթացը կնպաստի Բաքվի և Երևանի միջև վստահության բարձրացմանը և թույլ չի տա Փառուխում տեղի ունեցածի նման միջադեպեր ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում»:
Ի վերջո, ինչպե՞ս հասկանալ Լավրովի Երևանյան հայտարարությունը․ արդյո՞ք Ռուսաստանի արտգործնախարարը տողատակերով ինչ-որ բան էր փորձում հասկացնել, թե՞ պարզապես շփոթել էր Փառուխի գտնվելու վայրը: Պաշտպանության և անվտանգության հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը խնդիր չի տեսնում, եթե անգամ շփոթմունք է եղել։
«Հիմա լեզվական սխա՞լ է, տրամաբանական ձևակերպումնե՞ր են․․․ պետք է հասկանալ: Զարմանում եք, թե չէ սխալներ քի՞չ են եղել: Լինում են նաև նման մակարդակի: Բայց ես սխալի կամ ճշտի մասին չեմ խոսում: Եղել է ձևակերպում, այդ ձևակերպումը որոշակի բացատրությունների խնդիր ունի, և այսօր կամ ամենաուշը վաղվա ընթացքում դրա պատասխանները տարբեր խողովակներով կհնչեցվեն: Ի՞նչ խնդիր կա»:
Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը հորդորում է բոլոր պարզաբանումները ստանալ Ռուսաստանի արտգործնախարարությունից և պաշտպանության նախարարությունից: Իսկ այն վարկածը, թե հայաստանյան իշխանությունները Լավրովին ճիշտ չեն ներկայացրել իրողությունները, և նա թյուր տեղեկություններ ունի տեղանքի վերաբերյալ, նախարարը բացառում է.
«Նման բան չի կարող լինել․ ՀՀ իշխանությունը ամեն ինչ ներկայացնում է ի շահ ՀՀ- ի շահ Արցախի, ի շահ մեր անվտանգության, և նման մտահոգություն պետք չէ ունենալ»:
Լավրովի երևանյան հայտարարությանն անմիջապես արձագանքել էր Բաքուն: Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, մեջբերում եմ՝ «Դելիմիտացիայի գործընթացը չի նախատեսում որևէ հարցի քննարկում, որը դուրս է հայ-ադրբեջանական պետական սահմանից, ներառյալ՝ Ադրբեջանի տարածքին վերաբերող հարցերը, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը»: Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթև Հայրապետյանի դիտարկմամբ.
«Եթե շտկումը չլիներ, միգուցե կմտածեի՝ Բաքվին ուղղված ինչ-որ փոքր մեսիջ կար: Բայց այստեղ ինձ համար հետաքրքրական է Բաքվի արձագանքը, որը բնավ չուշացավ, և Բաքվի վերաբերմունքը, որի հետևանքով ռուսական կողմը պարբերաբար շտկումներ է անում: Մեկը, որը նշեցիք, մյուսն էլ՝ վերջերս հայտնի դարձավ, որ «ՌԻԱ Նովոստի» կայքը, որը հրապարակել էր Արտակ Բեգլարյանի հետ հարցազրույցը, և Ադրբեջանը անդրադարձել էր դրան, հեռացրել է այդ հարցազրույցը: Այսինքն՝ սա գալիս է փաստելու, որ ռուսական կողմն իրապես հաշվի է նստում Բաքվի տրամադրությունների հետ»:
Քաղաքագետ Գևորգ Մելիքյանը չի կարծում, թե Լավրովը սխալ է հասկացել իրեն ուղղված հարցը և շփոթել է տեղանքները: Հարցը հստակ ձևակերպվել էր Փառուխի մասին.
«Ինքը ճիշտ է հասկացել, որովհետև ասում է՝ հապճեպ հայտարարություններ մի արեք, որովհետև իրեն, ըստ էության, հարցադրման մեջ մեղադրում են, թե դուք ինչու չեք Փառուխը պահում: Ինքն էլ ասում է՝ մի շտապեք, մենք անում ենք դելիմիտացիա և այդ հարցը կլուծվի դրա շրջանակում: Չեմ կարծում, որ ինքը չի հասկանում հարցը կամ դելիմիտացիան նկատի ունի Հայաստան-Ադրբեջան սահմանը և Արցախն էլ դրա մեջ: Բայց միգուցե, իհարկե, չգիտենք»:
Միջազգային իրավունքի մասնագետ Լևոն Գևորգյանը խնդիրը դիտարկում է մի քանի տեսանկյունից.
«Եթե խոսքը խաղաղապահների գործունեության տիրույթի դելիմիտացիայի մասին է, ապա այդ պարագայում մի փոքր անհասկանալի է, թե ինչու է հարցը քննարկվում Հայաստանի հետ հարաբերությունների համատեքստում, որովհետև Լավրովի ելույթում, կարծես , խոսք գնաց հայ-ադրբեջանական դելիմիտացիոն գործընթացի մասին: Ես առնվազն այն տպավորությունն ունեմ, որ կամ լեզվի սայթաքում է, կամ պարզապես հարցադրումը լավ չհասկացավ ՌԴ արտգործնախարարը և փորձեց ամեն ինչ կապել դելիմիտացիոն աշխատանքի հետ: Իհարկե, մյուս կողմից ակնկալելի էր, առնվազն տրամաբանական, որ եթե ՌԴ արտաքին գործերի նախարարը լսում է Արցախ կամ Լեռնային Ղարաբաղ տերմինները, պետք է հասկանար, որ խոսքը սահմանային շրջանների մասին չէ: Ինչպես է ՌԴ-ն այդտեղ բացատրում իր գործառույթների հարցում թերացումը, դա, իհարկե, այլ պատմություն է, միգուցե դա նաև փորձ էր հարցը շրջանցելու՝ անորոշություն ստեղծելով»:
Միջազգային իրավունքի տեսանկյունից, ըստ մասնագետի, հարցը հնարավոր է լուծել այլ ատյաններում: Հիշեցնում է, որ Փառուխը միակ դեպքը չէ: Դրանից առաջ ունեինք Հին Թաղերի դեպքը, երբ տարածքը զիջվեց Ադրբեջանին նոյեմբերի 9-ի փաստաթղթից ընդամենը օրեր անց: Հին Թաղերի միջադեպը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում քննության առարկա է թե՛ միջպետական հայցի, թե՛ մասնավոր դիմումների մակարդակներում: Լևոն Գևորգյանը չի բացառում, որ Փառուխի դեպքերը նույնպես հասնեն միջազգային ատյաններ: