ԵՄ առաջնորդները հավանություն են տվել Ուկրաինային և Մոլդովային թեկնածուի կարգավիճակ տրամադրելուն
ԵՄ անդամ երկրների ղեկավարները պայմանավորվել են Ուկրաինային և Մոլդովային ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրել, հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։
Մեկնաբանելով ԵՄ-ին անդամակցելու Վրաստանի դիմումը՝ Միշելը նշել է, որ պատրաստ են երկրին թեկնածուի կարգավիճակ տրամադրել այն դեպքում, երբ Թբիլիսին կկատարի մի շարք պայմաններ։
Ուկրաինային Եվրամիության թեկնածուի կարգավիճակ տալը չի նշանակում համաեվրոպական ասոցիացիան ներքաշել Ռուսաստանի հետ ռազմական հակամարտության մեջ՝ հայտարարել է Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերը ԵՄ գագաթնաժողովի շրջանակում։
Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոսն էլ Ուկրաինային և Մոլդովային Եվրամիության թեկնածուի կարգավիճակ շնորհելը խորհրդանշական է համարել: Այս մասին հայտարարել է, փոխանցում է РИА Новости-ն։
«Սա կարևոր խորհրդանշական ազդանշան է, բայց պարզ է, որ երկու պետության համար դա կլինի երկար ճանապարհ՝ հսկայական բարեփոխումներով, որոնք շատ ժամանակ կպահանջեն»,- ասել է քաղաքական գործիչը։
Եթե Ուկրաինան գոհ է ԵՄ նախաձեռնությունից, ապա Ալբանիան և Հյուսիսային Մակեդոնիան հիասթափված են: Թեկնածուի կարգավիճակ ունեցող այս երկու պետությունն այդպես էլ չեն կարողանում դառնալ Եվրամիության լիարժեք անդամ՝ Բուլղարիայի վետոյի պատճառով:
Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման Ուկրաինային խորհուրդ է տվել ԵՄ-ին արագ մուտք գործելու պատրանքները չփայփայել: «Հյուսիսային Մակեդոնիան 17 տարի է, ինչ թեկնածու է, Ալբանիան՝ 9»,- հիշեցրել է վարչապետը։