Ռուսաստանում միգրացիոն խստացումների հետեւանքներն արդեն զգացվում են։  Աշխատանքային պայմանագրերի խնդիրներից մինչև շինանյութի դեֆիցիտ փաստում են, որ ՌԴ-ում  աշխատելն այլեւս նախկինի պես չէ։ Նախորդ տարեվերջին ուժի մեջ մտած  կարգավորումներին՝ պարտադիր բուժզննման, մատնահետք հանձնելու, բնակության վայրում գրանցվելու ու տեղեկացնելու մասին ոչ բոլոր միգրանտներն են լավատեղյակ։ Իսկ դրանց չպահպանումը միգրանտների կեցությունը դարձնում է անօրինական՝ իր բոլոր հետևանքներով։

Որ միգրացիոն կանոնների խստացման պայմաններում Ռուսաստանում աշխատելը հեշտ չի լինի՝ փորձագետները կանխատեսում էին դեռ ամիսներ առաջ։ Այսօր արդեն փաստերով են խոսում։ Ամենատարածված  խնդիրը թերևս աշխատանքային պայմանագրերին է վերաբերում։ Դրանք միգրանտներից ստացված բողոքների 30 տոկոսն են՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատում է «Հայկական Կարիտաս» կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը։

«Գործատուներն ուղղակի համոզում են միգրանտներին՝ լուծել աշխատանքային պայմանագիրը՝ վստահեցնելով, թե ոչ լեգալ կաշխատեն նույն աշխատավարձով, պարզապես առանց պայմանագրի, որ իրենք հարկեր չվճարեն, որովհետև պետությունը սանկցիաների տակ է, իրենք խնդիրներ ունեն։ Սա ամենամեծ սխալն է, որին ընդառաջ են գնում մեր քաղաքացիները՝ համաձայնելով աշխատել առանց աշխատանքային պայմանագրերի։ Նախ՝ իրենք չեն ունենում օրինական փաստաթուղթ, որի հիմքով կարող են երկարացնել իրենց գտնվելը ՌԴ-ում։ 2-րդ՝ որ պահին դադարեցնեն իրենց պայմանագիրը, ծագում է հաջորդ խնդիրը, որ գործատուն ուղղակի սկսում է չվճարել աշխատավարձ»։

Կազմակերպությունը ՌԴ գործընկերների հետ փորձում է օգնել, բայց նաեւ միգրանտներին հորդորում է ոչ մի դեպքում չաշխատել  առանց աշխատանքային պայմանագրի։ «Թոնգ Ջահոնի»-ն Ռուսաստանում միգրանտներին իրավական խորհրդատվություն տրամադրող կազմակերպություն է։ Կազմակերպության նախագահ Վալենտինա Չուպիկն արձանագրում է՝  իրենց օգնությանը հիմնականում դիմում են, երբ գործատուն մեկ տարուց ավելի աշխատավարձ չի վճարել։

«Եթե անցնում է մեկ տարի, արդեն հնարավոր չէ որևէ բան անել։ Եթե երկու ամիս չեն վճարել, դիմեք, այդ ժամանակ ավելի հեշտ կլինի։ Բացի այդ, հիմնականում դիմում են ՌԴ քաղաքացիություն ստանալու հարցերով։ Դիմում են նաև մուտքի արգելքի խնդրով»:

Ահազանգերը շատ են նաև շինարարության ոլորտից, որտեղ ամենամեծ թվով միգրանտներն ունենք։ Մեզ հետ զրույցում մի շարք ռուսաստանաբնակ հայեր  նշում են, որ շինարարության և վերանորոգման գներն անհամեմատ բարձրացել են, արտագնա աշխատանքի մեկնած հայ շինարարներն էլ իրենց հերթին են  բարձրացրել աշխատանքի գինը։ Իսկ «Հայկական Կարիտաս» կազմակերպության   փորձագետ Տաթևիկ Բեժանյանը զգուշացնում է՝ շինանյութի զգալի դեֆիցիտի պատճառով շինարարությունն այդ երկրում առաջիկայում կարող է կտրուկ նվազել։ 



«Բացի նրանից, որ հայ միգրանտներն այնտեղ վարորդական իրավունք են հանում և աշխատում որպես վարորդներ, շատ ավելի մեծ թվով աշխատում են ավտոմեքենաների սպասարկման ոլորտում։  ՌԴ-ում մեքենաների հիմնական մասը  ներկրվող  են, ու  ստացվում է, որ ոչ մեքենաներ են ներկրվում, ոչ էլ մեքենաների մասեր։ Ավոտմեքենաների սպասարկումը խնդիր է դարձել, որովհետև մասեր ուղղակի չեն կարողանում գնել»։

Երկրում միգրացիոն խստացումները քրեական պատասխանատվությամբ  կամ ցմահ մուտքի արգելքով են սպառնում այն օտարեկրացիներին իրենց մասին,  ակնհայտ կեղծ տեղեկատվություն  տրամադրողներին, եթե անգամ դա անտեղյակությունից է

«Ցավոք, մեր միգրանտները երբ մեկնում են ՌԴ, ոչ թե իրենց ճիշտ հասցեում են կանգնում միգրացիոն հաշվառման, հաճախ գնում են կեղծ ռեգիստրացիաների։ Շատերը կարծում են, թե ռեգիստրացիան ուղղակի ինչ-որ փաստաթուղթ է, մինչդեռ դա տեղեկատվություն է իրենց բնակության մասին, որը եթե ճիշտ չէ, ստացվում է, որ իրենք պետությանն ակնհայտ կեղծ տեղեկատվություն են տրամադրում»։

Միգրանտները, որոնք առանց մշտական գրանցման ունեն կեցության իրավունք, պարտավոր են մուտքի պահից 30 օրում անցնել բուժզննում 9 հիվանդությամբ, հանձնել մատնահետք, սքանավորել ափը։ Սա ուժի մեջ է 2021-ի դեկտեմբերի 29-ից։

«Ցավոք, հաճախ մեր միգրանտներն անցնում են բուժզննումը, բայց փաստաթուղթը չեն տանում, ներկայացնում տարածքային միգրացիոն կենտրոն, ինչի հետեւանքով նրանց միգրացիոն հաշվառումը դադարեցվում է, այսինքն՝ իրենք անմիջապես դառնում են անօրինական»։

Միգրացիոն վերջին խստացումները փոխել են ՌԴ-ում գտնվող հայերի հարցերն ու մտահոգությունները՝ արժե՞ մնալ ու աշխատել, թե՞ ավելի ճիշտ է հայրենիք վերադառնալ։ Բեժանյանի կանխատեսմամբ՝ հայ միգրանտների մի մասը կվերադառնա։ Իսկ վիճակագրությունը փաստում է՝  Ռուսաստան մեկնողների 70 տոկոսն աշխատելու է գնում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն