Օրերս ընկերներիցս մեկն ասեց, որ շատ տպավորված էր Բելմոնդոյի հուղարկավորության արարողությամբ: Երկրի ողջ էլիտան ծափողջյուններով հրաժեշտ էր տալիս լեգենդին, «Պրոֆեսիոնալ» ֆիլմին` Էնիո Մարիկոնեյի անկրկնելի սաունդթրեքի ներքո: Էդ պահին մտածում էի՝ տեսնես քանի՞ հոգի գիտի, որ այդ կինոյում հորինված Մալագավի անունով պետությունը իրականում Գաբոնն է, իսկ Բելմոնդոյի մարմնավորած հերոսի ճանապարհն իրականում պատմում է Իրանի ինքնիշխանության համար պայքարի վերջին ակկորդներից մեկի մասին: Լավ կինո էր...

1941 թվականին Սովետը ներխուժում է Իրան: Դրան զուգահեռ Իրանը վերահսկողության տակ պահող, բայց տեղի ֆրանսիամետ ազգայնականների հետ պարբերաբար խնդիրներ ունեցող Միացյալ Թագավորությունը ստիպում է, որպեսզի այդ ազգայնականներին տակից հովանավորող Ռեզա Շահը թագից հրաժարվի, պնդելով, որ միայն այդ դեպքում կկարողանան Ստալինին համոզել, որ նա Իրանում իշխանափոխություն չանի: Թե ինչու պիտի Ստալինը փաստացի իր դաշնակից Բրիտանիայի գաղութ հանդիսացող Իրանում ուզենար Շահի թագը զավթել, բնական է, ոչ մեկ չի բացատրում: Բոլորն էլ հասկանում են, որ դա ընդամենը պատրվակ էր` անհնազանդ Շահին հանելու ու աքսորելու: Վարչապետ Մոհամմեդ Ալի Ֆորուղիի երաշխիքները ստանալով` Շահը թագը ժառանգում է իր կրտսեր որդուն` Մոհամմադ Ռեզա Շահին, ով բրիտանացիների պատկերացմամբ շատ ավելի վերահսկելի պիտի լիներ:

Ալի Ֆորուղին 20րդ դարի իրանական էլիտայի անկյունաքարային կերպարներից էր: Նա մոդերնիստ ինտելեկտուալ էր, ով, փայլուն տիրապետելով պարսկական գրական ժառանգությանը, ինքնուրույն թարգմանում էր եվրոպական փիլիսոփաներին պարսկերեն և առանձնահատուկ վերաբերմունք ուներ Դեկարտի նկատմամբ: Դեռ 1908 թվականին Ֆորուղին հիմնադրում է ֆրանսիական «Գրանդ Օրիենտի» մասնաճյուղ հանդիսացող Իրանի առաջին մասոնական օթյակը, այն անվանելով` «Le Reveil de l'Iran» (ֆրանսերեն նշանակում է՝ Իրանի վերածնունդ): Ֆորուղին իրանական ինտելեկտուալների շերտը դաստիարակելու հիմքերն է դնում` ստեղծելով բազմաթիվ կրթական հաստատություններ և թելադրելով փիլիսոփայական նարատիվը: Ֆորուղին պնդում էր, որ Իրանում լուսավորչականության հաղթարշավի համար երկու նախապայման է անհրաժեշտ՝ պետք էր հասարակության մեջ զսպող ուժերի դեր տանող հաստատություններ ներդրվեն և այդ հաստատություններին վերահսկող հաստատություններ պետք է ստեղծվեն:

Լինելով մեծ հայրենասեր` զարմանալի չէ, որ հենց Ֆորուղիի վարչապետության օրոք են ցանվում այն սերմերը, որ արդեն մի քանի տարի անց պտուղներ են տալիս: Հենց հիշյալ երիտասարդ և անփորձ Շահի օրոք իր հոր երբեմնի արտաքին գործերի, իսկ հետո էլ ֆինանսների նախարարը` Մոհամմադ Մոսադեղը, «Ազգային Ճակատ» անվանմամբ մի կուսակցություն է ստեղծում, որը սկզբից բողոքի ակցիաներ է իրականացնում, պահանջելով վերջ դնել ընտրակեղծարարություններին, հետո փողոցի (հիմնականում Շիա արմատականների կողմից) ճնշման տակ երիտասարդ Շահը «ստիպված» իր հոր վաղեմի ընկերոջը` Մոսադեղին, նշանակում է վարչապետ:

Վարչապետ դառնալուն պես Մոսադեղը պահանջում է իրանական նավթը արդյունահանող անգլո-Իրանական նավթային ընկերությունից (հիմա այդ ընկերությունը հայտնի է «ԲիՓի» անվանմամբ) ներկայացնել շահագործման պայմանագրերը, պնդելով, որ ընկերությունը թերի է կատարում իր պարտավորությունները Իրանական բյուջեի հանդեպ: «ԲիՓի»-ն բնական է հրաժարվում է որևէ բան տրամադրել Իրանի վարչապետին, ինչին ի պատասխան Իրանի խորհրդարանը քվեարկում է բրիտանական ընկերությունն ազգայնացնելու օգտին:

Սրան ի պատասխան բրիտանացիք որոշում են ազգայնացնել վարչապետի պաշտոնն ու 1953 թվականին հեղաշրջում են իրականացնում Իրանում` հեռացնելով Մոսադեղին ու իր փոխարեն բերելով բանակի գեներալ Ֆազոլլահ Զահեդին: Զավեշտը նրանում է, որ այս գեներալն այն զինվորականներից էր, ով ժամանակին մեղադրվում էր գերմանական նացիստների հետ համագործակցության մեջ, ինչին ի պատասխան էլ անգլո-սովետական ուժերը ներխուժեցին Իրան: 

Մոսադեղին հետագայում մեղադրում են դավաճանության մեջ, բայց դատապարտում են ընդամենը տնային կալանքի: Պատճառը գուցե այն էր, որ իր փոխարեն վարչապետ դարձած Զահեդին Մուսադեղի կառավարութան նախարարներից էր: Հենց Զահեդու օրոք բրիտանացիների հետ բանակցության արդյունքում կնքվում է «1954 թվի կոնսորցիումի համաձայնագիրը», որի հիման վրա ստեղծվում է մինչ օրս գոյություն ունեցող և պաշարներով աշխարհում խոշորագույններից մեկը համարվող «Իրանի Ազգային Նավթային Ընկերությունը»: Ի հեճուկս բրիտանացիքի` կոնսորցիումի համաձայնագրի մեխը կայանում է նրանում, որ այսուհետ օտարերկրյա ներդնողները, այսինքն` բրիտանացիք, պիտի Իրանի հետ 50-50 փայաբաժնով աշխատեին:

1957 թվականին Իրանի վարչապետ դարձած Մանուչար Էղբալը` 3 տարվա բանակցությունների արդյունքում կարողանում է, հիմնականում ֆրանսիական որոշ շրջանակների օգնությամբ, 1960 թվականին համոզել Իրաքի, Քուվեյթի, Սաուդյան Արաբիայի ու Վենեսուելայի իշխանավորներին նավթային կարտել ստեղծել: ՕՊԵԿ անվանումը ստացած կարտելն իր նպատակն է հռչակում անդամ երկրների նավթային արդյունաբերության ազգայնացումը, և 1962 թվականին կարտելի անդամներն իրենց երկրներում սահմանում են նույն 50-50 սկզբունքը: Ֆրանսիացիների մոտիվացիան շատ պարզ էր, այդ պահին աշխարհի նավթը կառավարվում էր, այսպես կոչված, «Յոթ քույրերի» կողմից, այսինքն յոթ խոշորագույն նավթային ընկերությունների կողմից: Բնական է, որ այս յոթ քույրերի «ծնողները» նույնն են` ԱՄՆ-ն ու ՄԹ-ն: ՕՊԵԿ-ը փաստացի կոտրեց հենց այս «ծնողների» մենաշնորհը:

Ֆրանս-իրանական այս կոմբինացիան անշուշտ նորից բրիտանացիքի զայրույթն է առաջացնում և վարչապետ Էղբալին փոխարինում է խիստ բրիտանամետ Ասադոլլահ Ալամը: Ալամի արևմտամետ բարեփոխումները 1963 թվականի հունիսի 3-ին արժանանում են Ռուհոլա Խոմեյնի անունը կրող մի խարիզմատիկ Շիա մահմեդական հոգևորականի խիստ քննադատությանը: Խոմեյնին Շահին և Իսրայելին մեղադրում է ազգակործան գործունեության մեջ և բողոքի ալիք է բարձրացնում, որի արդյունքում Թեհրանում մոտ 100,000 մարդ հրապարակավ մահ է ցանկանում Շահին: Այդ ելույթից 3 օր անց Խոմեյնին ձերբակալվում է, ինչն էլ` 6 օր տևած և հարյուրավոր մարդկանց կյանք խլած զանգվածային անկարգությունների պատճառ է դառնում: Իշխանությունները ստիպված ռազմական դրություն են մտցնում: Սակայն, վախենալով հետագա էսկալացիայից, Իրանի ԱԱԾ ղեկավար Հասան Պակրավանը այդ օրերին ամեն ինչ անում է, որպեսզի Խոմեյնիին ազատեն առանց որևէ պատժի: Սակայն 15 տարի անց, երբ Խոմեյնին հեղափոխություն է իրականացնում, նա առաջին հերթին կախաղան է հանում հենց իրեն ժամանակին «փրկած» այս բրիտանական գործակալին, և երբ արդեն Այաթոլլահ դարձած Խոմեյնիին հարցնում են, թե ինչու է նա պատժում Պակրավանին, ով ժամանակին իր կյանքն էր փրկել, Խոմեյնին պատասխանում է՝ «շատ իզուր»:

1963-ի ապստամբության չհանդարտվող կրքերը ստիպում են վարչապետ Ալամին քավության նոխազ դառնալ ու հրաժարական տալ: Իր փոխարեն վարչապետ է դառնում էլ ավելի օտարերկրյա հայացքներ ունեցող Ալի Մանսուրը: Արևմտամետ կաբինետ հավաքելուն պես Մանսուրն ընդունում է օրենք, ըստ որի Իրանի տարածքում գտնվող ԱՄՆ-ի զինվորականները քրեորեն պատժելի արարք կատարելու դեպքում կդատվեն ԱՄՆ ռազմական դատարանի, ոչ թե Իրանական արդարադատության կողմից: Իմամ Խոմեյնին սա անվանում է «կապիտուլյացիոն օրենք» (մենք դա կանվանեինք՝ «Պերմյակովի օրենք») և նորից խստիվ դատապարտում Շահին և նորից ձերբակալվում: Կես տարի փակի տակ պահելուց հետո Խոմեյնիին ազատում են ու բերում վարչապետ Մանսուրի մոտ: Մանսուրը փորձում է համոզել Խոմեյնիին դադարեցնել քննադատութունը Շահի և իր կառավարության նկատմամաբ: Մերժում ստանալուն պես Մանսուրը ապտակում է Խոմեյնիին: Երկու ամիս անց Շիա արմատականները Մանսուրին գնդակահարում են Խորհդարանի մուտքի մոտ: Խոմեյնին աքսորվում է երկրից և 14 տարի բնակվում է օտար ափերում:

1965 թվականին հաջորդ վարչապետ է նշանակվում Իրանի Ազգային Նավթային ընկերության տնօրեն Ամիր Աբբաս Հովեյդան, ով, ռեկորդ սահմանելով, երկիրը կղեկավարի 12 տարի ընդհուպ մինչև 1978 թվականի Իսլամական հեղափոխությունը: Հովեյդան իր իշխանավարումը շատ ակտիվ է սկսում և փորձում բազմաթիվ բարեփոխումներ իրականացնել, սակայն որոշ ժամանակ անց հասկանում է, որ ներկայիս պետական համակարգը ճահճացած է ու ունակ չէ առաջընթաց ապահովել: Դրան զուգահեռ սրվում են արտաքին քաղաքական մարտահրավերները:

1967-ին Իսրայելը ստեղծում է իր միջուկային զենքը և սանձազերծում է «6-օրյա» կոչվող պատերազմը, որի ընթացքում Իրանի ռազմավարական դաշնակից համարվող բոլոր երեք երկրներից տարածքներ է զավթում՝ այդ թվում Սինայի թերակղզին, Գոլանյան բարձրունքները, Հորդանանի արևմտյան ափն ու Գազան: Այսպիսով Իսրայելը դառնում է նավթաբեր Մերձավոր արևելքում անգլո-ամերիկյան զույգի գլխավոր հենարանը և նավթային կարտելի հետ փայերի բանակցության գործում կարևոր գործոն: Իրավիճակն էլ ավելի վերահսկելի դարձնելու համար ԱՄՆ-ն ու ՄԹ-ն հանդես են գալիս միջուկային զենքի չտարածման պայմանագրի նախագծով: Ըստ այդ պայմանագրի` միջուկային զենք կարող էին ունենալ միայն նրանք, ովքեր այն ձեռք են բերել մինչև 1968 թիվը, այսինքն Իսրայելից զատ Մերձավոր Արևելքում ոչ մեկ միջուկային զենք պիտի չունենար: Այս պայամանագրի տակ ստորագրում են 5 միջուկային տերություններից 3-ը՝ ԱՄՆ-ն, ՄԹ-ն և Սովետը: Ֆրանսիան և Չինաստանը չեն ստորագրում... իրենք դեռ հարցեր ունեին լուծելու:

Օգտվելով նավթային աշխարհում ձեռք բերված փորձից և իրեն հասու պետական լծակներից` վարչապետ Հովեյդան ընդլայնում և ամրապնդում է ՕՊԵԿ-ի կազմը մի կողմից և մյուս կողմից սկսում ակտիվ բանակցությունները Ֆրանսիայի հետ իրանական միջուկային ծրագիր ստեղծելու շուրջ: Բնական է, որ անգլո-ամերիկյան աշխարհը, մեղմ ասած, առանց խանդավառության է ընդունում այն լուրը, որ աշխարհի ամենամեծ էներգակիրների պաշար ունեցող հնագույն ու կարևորագույն պետությունն ուզում է միջուկային ծրագիր ունենալ: Նույնքան բնական է, որ միջուկային ծրագիրը Իրանին որևէ էներգետիկ նպատակի համար չէ, որ պետք էր, դա պարզապես միջուկային զենք ունենալու առաջին քայլն էր, ինչը բնականաբար ընդունելի չէր անգլո-ամերիկյան զույգի համար, քանի որ լրիվ խաղից դուրս կթողներ «յոթ քույրերին»:

Ահագին ուժ կուտակելով` 1973 թվականի հոկտեմբերի 6-ին Իրանը հակագրոհ է սկսում: Եգիպտոսն ու Սիրիան զինված ուժերը մտցնում են համապատասխանաբար Սինայ ու Գոլան, փորձելով ազատագրել իրենց տարածքները, իսկ ՕՊԵԿ-ը նավթային էմբարգո է կիրառում արևմուտքի նկատմամբ: Ու թեպետ համարվում է, որ այդ պատերազմում Իսրայելը հաղթեց, այնուամենայնիվ նախ Իսրայելը զորքերը հանում է Եգիպտոսին պատկանող Սինայից, իսկ մի քանի ամիս անց հայտնի է դառնում, որ Իրանն ու Ֆրանսիան 4 միլիարդ դոլարանոց տասնամյա պայմանագիր են կնքել, որի շրջանակներում Ֆրանսիան պարտավորվում է Իրանին մատակարարել հինգ հատ հազար մեգավատանոց միջուկային ռեակտոր և մատակարարել, Գաբոնից (այո, հենց Բելմոնդոյի Գաբոնից) արդյունահանված, հարստացված ուրանով:

Իրանը Ֆրանսիային է փոխանցում մեկ միլիարդ դոլար կանխավճար ռեակտորների համար, Բրիտանիային փոխանցում է 650 միլիոն դոլար կանխավճար տանկերի համար, Գերմանիային փոխանցում է մոտ 100 միլիոն դոլար կանխավճար ռազմական այլ տեխնիկա (այդ թվում G class-ի առաջին արտադրության համար) գնելու համար: Այս և միլիարդավոր այլ ներդրումները կոչված էին Իրանին սարքել տարածաշրջանի առաջատարը և լուրջ գլոբալ խաղացող:

Սակայն 1977-ին, երբ Իրանը վերջին խոշոր կանխավճարն է փոխանցում դեպի արևմուտք, Թեհրանում բողոքի ակցիաներ են սկսում տեղի ունենալ: Ակցիաներ, որոնց գլխին լիբերալ ձախական հայացքներ ունեցող «մտավորականությունն» էր կանգնած: Բողոքի ալիքն աստիճանաբար ահագնանում էր: Իրանի կառավարությունն աքսորում է այդ շարժման պարագլուխներից մեկին` լիբերալ սոցիալիստ Ալի Շարյաթիին, սակայն Բրիտանիա ժամանելուց 3 շաբաթ անց Շարյաթին շատ խորհրդավոր կերպով մահանում է, և արևմտյան քարոզչությունը դրանում մեղադրում է Իրանի հատուկ ծառայություններին և Շարյաթուն ներկայացնում որպես ռեժիմի սակրալ զոհ: Նկատելով ակցիաների խիստ կառավարվող ու ահագնացող բնույթը` Իրանի էլիտաները հասկանում են, որ արևմուտքը խոշոր քցոցի է պատրաստել: Փողերը վերցրել են, բայց ապրանքը մատակարարելու նպատակ չունեն, դրա փոխարեն փորձում են հերթական հեղաշրջումը իրականացնել Իրանում և «սպիսատ» անել իրենց պարտավորությունները: 

Այս ամենը պարզ դառնալուց հետո այնպես է ստացվում, որ բողոքի ալիքը ինչ-որ փուլում ազատական սոցիալիստների ձեռքից անցնում է խիստ պահպանողական ազգայնական հոգևորականների ձեռքը: Նրանք նույնպես սակրալ զոհ են ունենում՝ Իրաքում մահանում է Իմամ Խոմեյնիի որդին՝ Մոստաֆա Խոմեյնին: 

Սրանից հետո վարչապետ Հովեյդան մի հոդված է գրում և հրապարակում, որում Իմամ Խոմեյնիին մեղադրում է բրիտանական գործակալ լինելու մեջ: Թեպետ դա իհարկե ոչ մի աղերս չուներ իրականության հետ, այդ հոդվածը Խոմեյնիին սարքում է հեղափոխության լիդեր: Մնացածը, ինչպես ասում են, տեխնիկայի հարց էր... Այդ պահին Փարիզյան արվարձաններում ապրող Խոմեյնին 120 արևմտան լրագրողների հետ միասին «Էյր Ֆրանսի» օդանավ է նստում և, վայրէջք կատարելով Թեհրանում, վերցնում է գետնին գցված իշխանությունը: Իրանի խորքային էլիտան երկիրն օտարերկրյա ազդեցության տակ գտնվող լիբերալների փոխարեն տալիս է ուլտրապահպանողականներին, այսպիսով քամի ցանողներին դնում փոթորիք հնձելու փաստի առաջ: 

Խոմեյնին, գալով իշխանության, մահապատժի է ենթարկում մոտ 500 նախկին պաշտոնյա, արևմուտքից պահանջում է վերադարձնել Իրանից փաստացի գողացված հսկայական գումարները, անգլոամերիկյան տանդեմը հռչակում է գլխավոր թշնամի, նզովում է Իսրայելը, սկսում է ի կատար ածել Ֆորուղի տեսլականը` ստեղծելով հիշյալ զսպող հաստատությունները և դրանց վերահսկող օղակները: Հեղափոխությունից գրեթե անմիջապես հետո Սադամ Հուսեյինի գերազանցող ուժերը հարձակվում են փլուզված Իրանի վրա: Ութ տարի տևած աղետալի պատերազմում հաղթում է Իրանը: 

Պատերազմի ավարտից հետո Ֆրանսիայում սպանվում է, Սադամին զենք մատակարարած, ֆրանսիացի զինվորականը, Գաբոն-Ֆրանսիա-Իրան ուրանի մատակարարման շղթայի կազմակերպիչ-շահառուն, և ֆրանս-իրանական համատեղ միջուկային հիմնարկի ղեկավարը, ով արդեն հասցրել էր «Ռենո» ընկերության տնօրենը դառնալ և շատ սերտորեն համագործակցել ամերիկյան օլիգարխատի հետ: Բոլոր սպանությունները, առևանգումները և պայթեցումները իրագործում են մարքսիստական գաղափարախոսությամբ զինված, ֆրանսիական հեղափոխական խմբերը, սակայն, չգիտես ինչու, նրանք թիրախավորում էին ոչ թե պրոլետարիատի իրավունքները ոտնահարող նենգ կապիտալիստներին, այլ բացառապես իրանական միջուկային գործարքի տապալման պատասխանատուներին: Ընդ որում, այս անորսալի վրիժառուները հանձնվում են այն պահին, երբ Ֆրանսիան համաձայնվում է վերադարձնել Իրանի կանխավճարը: 

Հարկ է նաև նշել, որ ֆրանս-իրանական հարաբերություններն այս ամենից իրականում չեն տուժում: Սա ընդամենը սեփական շարքերը մաքրազերծելու մի փոքր օպերացիա էր: Մինչ օրս Ֆրանսիան իրանական շահերի գլխավոր քարոզիչն է Եվրոպայում, քանի որ դրանք մինչ օրս համընկնում են Ֆրանսիայի շահերի հետ: Արևմուտքի հետ լարման ամենածանր տարիներին Իրանը Ֆրանսիայի հետ համատեղ ծրագրեր էր իրականացնում, ինչպիսին էր, օրինակ, 1999-ին Իրանում բացված «Պեժոյի» գործարանը:   

Իսլամական հեղափոխությունից 40 տարի անց Իրանական միջուկային ծրագիրն իրականություն է դառնում, դրանից զատ իրականություն է դառնում նաև Իրանի արբանյակային ծրագիրն ու բազմաթիվ այլ ծրագրեր, իսկ Իրանը սկսում է ստանալ, 50 տարի առաջ որպես կանխավճար մուծված, իր գումարները: Ու հիմա հավաքական արևմուտքը փորձում է համոզել Իրանի էլիտային անցնել լիբեռալիզմի ճամբարը և դրա դիմաց ազատվել պատժամիջոցներից, իսկ իրանցիք պնդում են, որ սկզբից պիտի պատժամիջոցները հանվեն հետո նոր երկիրը ազատականացվի, որ արևմտյան գործընկերները նորից չքցեն: Ու ոնց որ, թե Իրանը հաղթում է այս վեճում... 

Սա է Իրանի սուվերենության պատմությունը 20րդ դարում՝ ազգային էլիտայի հարյուր տարվա անդադար,  անձնուրաց և արյունալի պայքար:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն