ՆԳ նախարարության ստեղծումը, բնականաբար, բերելու է խորհրդարանական և քաղաքացիական վերահսկողության արդյունավետ գործիքակազմի ներդրմանը: Այդ մասին «Ներքին գործերի նախարարության ստեղծումը, քաղաքացիական վերահսկողության կարևորությունը» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը՝ ներկայացնելով ներքին գործերի նախարարության ստեղծելու նախաձեռնությանը:

«Ոստիկանության պետը և փրկարար ծառայության պետը, ըստ էության, համատեղելու են նախարարի տեղակալների պաշտոնները, բայց օրենսդրական հստակ ընդգծումներով այնպես է տրվելու, որ քաղաքական պաշտոնի և վարչական պաշտոնի կոնֆլիկտ, ըստ էության, մենք չենք ունենա: 

Ոստիկանապետը, փրկարար ծառայության պետը պատասխանատու են լինելու տվյալ ծառայությունների ծառայողական պատասխանատվության համար, իսկ նախարարը, բնականաբար, այդ ծառայությունների քաղաքական պատասխանատվությունն է իր վրա վերցնելու: Հետևապես, ոստիկանության պետին, այս դեպքում արդեն նախարարի տեղակալի պաշտոնը համատեղող անձին, նշանակելու է վարչապետը՝ համապատասխան նախարարի առաջարկությամբ: Նույն մոտեցումն է նաև փրկարար ծառայության դեպքում: Ոստիկանության ծառայության գլխավոր պաշտոններին նշանակելու է ներքին գործերի նախարարը, ավագ և միջին պաշտոնները, որը կազմում է շուրջ 60 տոկոսը, նշանակելու է ոստիկանապետը»,- ասաց նա:

Փոխնախարարը հայտնեց, որ բացի նրանից՝ որ ներքին գործերի նախարարության ստեղծումը կտա խորհրդարանական, քաղաքացիական վերահսկողության արդյունավետ գործիքակազմ, դրա նպատակը նաև նոր ոստիկանի կերպարի ձևավորումն է, նոր ոստիկանության ձևավորումը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն