Ընդլայնել ռուսական զորակազմը և ազդեցության գոտին. խաղաղապահների առաքելության կենսունակ բանաձևը
Հայաստանի Հանրապետության խնդիրը պետք է լինի ըստ ամենայնի աջակցել Արցախում ռուսական խաղաղապահների գործունեությանը, որովհետև նրանք են այսօր ապահովում Արցախի ազգաբնակչության կյանքի և սեփական հողում գտնվելու իրավունքը։ Սա կարևորագույն խնդիր է, և բոլորս Հայաստանում դա պետք է գիտակցենք` «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասում է զրուցակից, քաղաքագետ, ՀԱՊԿ և ԵՎՐԱԶԵՍ ակադեմիայի ռեկտոր Մհեր Շահգելդյանը։ Ըստ նրա`Ռուսաստանը նույնիսկ ներկա բարդ իրավիճակում պատրաստ է աջակցել և բավարար ռեսուրսներ կենտրոնացնել խաղաղապահ զորակազմի առաքելության համար։ «Գոնե հաստատ առաջիկա երեք տարիներին, ինչպես պայմանավորվել ենք, դրանից հետո նույնպես, հատկապես Ուկրաինայում ռազմական գործողությունների ավարտից հետո»,- ասում է քաղաքագետը։
2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շփման գծի, ինչպես նաև Լաչինի միջանցքի երկայնքով Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի տեղակայման փաստը Ադրբեջանի հանրությունը միանշանակ չի ընդունում։ Ալիևի վարչախումբը շրջանառության մեջ դրած թեզերից մեկով շարունակ խոսում է խաղաղապահ զորակազմի ժամանակավոր լինելու մասին։
Ի՞նչ է արվում ռուսական զորակազմի առաքելության ընդլայնման ուղղությամբ, ո՞րն է հակամարտությունների գոտում խաղաղապահ առաքելության կենսունակ բանաձևը, որքանո՞վ է ռուսական կողմն ի վիճակի առկա ռեսուրսով և ներկա թվաքանակով պատշաճ իրականացնել խաղաղապահ առաքելությունը, ի՞նչ անել ռուսական զորակազմի ազդեցությունը և ազդեցության գոտին ընդլայնելու համար։
Հարցերի շուրջ Մարիա Պապյանը զրուցել է քաղաքագետ Մհեր Շահգելդյանի հետ։