44-օրյա պատերազմից 2 տարի անց Ադրբեջանը նախաձեռնեց հրադադարի ամենամասշտաբային խախտումը
Ըստ Պաշտպանության բանակի հաղորդագրության՝ Արցախի հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները «դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով»: Իրադրությունը շարունակում է մնալ լարված, հայկական կողմը զոհվածներ ու վիրավորներ ունի։
Այս անգամ ռուս խաղաղապահները հստակ նշել են, թե որ կողմից է խախտվել հրադադարը։ ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրությունը փաստում է՝ ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման երեք դեպք է գրանցվել միայն օգոստոսի 1-ին։
Հայ վերլուծաբանները սահմանային էսկալացիան սկզբում պայմանավորում էին Արցախի տարածքից Հայաստանի ԶՈՒ-ի դուրս բերման Բաքվի պահանջով։ Ադրբեջանի իրական նպատակը պարզ դարձավ հետո, երբ ռուս խաղաղապահների միջոցով հայկական կողմին փոխանցվեց նոր պահանջ՝ Արցախը Հայաստանի հետ կապը Լաչինի միջանցքի փոխարեն այլ երթուղով կազմակերպելու վերաբերյալ: Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը «News.am»-ի հետ զրույցում հաստատել է․
«Միանշանակ այդ պահանջի կատարման համար է այս ամբողջ էսկալացիան։ Այսինքն՝ այս գործելաոճն Ադրբեջանը բազմաթիվ անգամ կիրառել է։ Ցանկացած պահանջ ներկայացնելուց առաջ լարում է իրավիճակը, այսինքն՝ ուղիղ անպարտելի և լկտի ձևով սպառնալիք է գործադրում։ Այդ սպառնալիքի ներքո պարտադրում է հայկական կողմին որոշակի հարցերում գնալ զիջումների։ Վստահ եմ, որ այս էսկալացիայի առաջին նպատակը ճանապարհի փոփոխության հարցը լուծելն է»։
Ժամանակագրական առումով Հայաստանի պատասխանը ադրբեջանական պահանջին հնչեց Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցից հետո։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ նախօրեին Հայաստանի վարչապետն ու Ռուսաստանի նախագահը քննարկել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարմանը վերաբերող մի շարք հարցեր:
Ի պատասխան ադրբեջանական պահանջին հայկական կողմի դիրքորոշումը ձևակերպել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Պաշտոնյան վկայակոչել է 2020թ. եռակողմ հայտարարության 6-րդ կետը, որտեղ սահմանված են Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի ստեղծման և գործունեության հետ կապված հարցեր։ Սահմանված է, որ կողմերի, այսինքն՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համաձայնեցմամբ առաջիկա երեք տարվա ընթացքում կորոշվի Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի կապն ապահովող Լաչինի միջանցքով երթևեկության նոր երթուղու կառուցման պլանը, ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հետագա վերատեղաբաշխմամբ՝ այդ երթուղու պահպանության համար:
Այս համատեքստում Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել է․
«Այս ընթացքում, իհարկե, այս ուղղությամբ որոշակի աշխատանք կատարվել է, բայց այս պահի դրությամբ համաձայնեցված պլան գոյություն չունի: Համենայնդեպս՝ Հայաստանը որևէ պլանի համաձայնություն չի տվել, հետևաբար Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ»:
Ոչ թե սահմանված երեք, այլ երկու տարում Ադրբեջանը արագացված տեմպերով ավարտեց Լաչինը շրջանցող 32 կիլոմետրանոց ճանապարհի շինարարությունը։ Հայաստանն Արցախին կապող ու Լաչինի միջանցքին փոխարինող նոր ճանապարհը Սյունիքի Տեղ և Կոռնիձոր գյուղերով է մտնում Արցախ՝ շրջանցելով Բերձոր քաղաքը, Սուս և Աղավնո գյուղերը։
Հայկական վերլուծական դաշտում ենթադրում են՝ Ադրբեջանը առաջիկայում անցակետ կտեղակայի դեպի Բերձոր, Աղավնո, Սուս գնացող հատվածում և Հայաստանից Արցախ շարժը կկազմակերպվի անավարտ ճանապարհով։
Հայաստանի կառավարությունը օրեր առաջ՝ հունիսի 30-ին է գումար հատկացրել այդ ճանապարհի վերակառուցման նպատակով նախագծահետազոտական, գեոդեզիաքարտեզագրական աշխատանքներ իրականացնելու նպատակով։
Օգոստոսի 1-ին բացվեցին 3 լոտով հայտարարված մրցույթին դիմած կազմակերպությունների հայտերը․ Մ-12 ավտոճանապարհը նոր պետք է կառուցվի։
«Այդ շինարարությունն արդեն իսկ սկսվել է, բայց ուշադրություն դարձրեք, որ եռակողմ հայտարարության մեջ նշվում է նոր երթուղու կառուցման պլանի մասին: Նման համաձայնեցված պլան գոյություն չունի: Հայաստանի Հանրապետությունը արդեն իսկ առաջարկել է եռակողմ ձևաչափով համաձայնեցնել և ստորագրել պլանը և համաձայնեցված ժամանակացույցով ու ճանապարհային քարտեզով գնալ առաջ: Դա այն է, ինչ նախատեսված է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ»:
Շրջանցող ճանապարհի դեպքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցնող Բերձոր, Աղավնո, Սուս բնակավայրերի բնակիչների ճակատագիրը Արցախի ղեկավարության ուշադրության կենտրոնում է՝ վստահեցնում է Արցախի օմբուդսմենը։
«Երբ միջազգային հանրությունը կամ տարբեր դերակատարներ սկսում են խոսել Արցախում ապրող մարդու իրավունքների երաշխիքների մասին, հենց սա ամենավառ ապացույցն է, որ այդ բոլոր խոսակցությունները ուղղակի սին են և որևէ հիմք չունեն։ Ադրբեջանը շատ լավ տեսնում է, որ հայկական կողմը իր բաժին հատվածը դեռևս չի կառուցել, Ադրբեջանը շատ լավ գիտի, որ եռակողմ հայտարարությամբ 3 տարի ժամկետ է սահմանված, բայց ուղղակի քմահաճույքի համար դնում է պահանջ և ուժի սպառնալիքի ներքո փորձում է հասնել այդ պահանջի կատարմանը։ Այս պահին բանակցություններ են ընթանում կոնկրետ միջանցքի հետ կապված, թե ինչպիսի ելք կունենան՝ չգիտեմ։ Ակտիվորեն ներգրավված են նաև ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները։ կսպասենք, կհասկանանք, թե ինչպիսի որոշում է կայացնում, ինչպիսի եզրահանգման է գալիս։ Բնակչությունը դեռևս չի տարհանվել, երբ արդեն որոշումը վերջնական կլինի, Արցախի պատկան մարմինները անմիջապես, ամենակարճ ժամկետներում կազմակերպելու են բնակչության տարհանումը։ Այնպես որ որևէ ձևով քաղաքացիական բնակչությանը որևէ վնաս կամ սպառնալիք չի լինի»։
Սրընթաց զարգացող իրադարձությունները հայ վերլուծաբանները դիտարկում են տարբեր տեսանկյունից։ Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը նկատել է՝ հենց վերջին ՀՀ զորակոչիկներին դուրս բերեցին Արցախից, թուրքերն անցան հարձակման։ Ադրբեջանական կողմի ցանկություններում նա տեսնում է նաև Սյունիքը։
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի կարծիքով՝ ադրբեջանցիները փորձում են Արցախում անել այն, ինչը Կոսովոյում է արվում:
«Կոսովոյի սերբերին նույնպես փորձում են Կոսովոյի անձնագրեր տալ ու սերբերի տեղաշարժը դեպի Սերբիա իրենց ոստիկանության վերահսկողության տակ վերցնել: Նպատակը՝ տեղահանություն»,-գրել է քաղաքագետը:
Լաչինի միջանցքը վերահսկողության տակ վերցնելու մեջ ավելի խորը նպատակներ տեսնելով։
Արցախ-Ադրբեջան շփման գծում իրավիճակի լարմանը զուգահեռ «միջազգային հանրության» տարբեր մասնակիցներ ձեռնարկում են իրավիճակը կայունացնելու փորձեր։
Եվրոպական Միությունը մտահոգված է Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածության աճի կապակցությամբ, Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:
«Եվրամիությունը հանձնառու է խորացնել մասնակցությունը խաղաղության գործընթացում»,- գրել է Կլաարը՝ հավելելով, որ ներգրավված են մի քանի մակարդակում: «Կարևոր է նվազեցնել լարվածությունը և բաց չթողնել պատերազմի՝ տասնամյակների էջը շրջելու պատմական հնարավորությունը»,-գրել է պաշտոնյան:
Մտահոգություններ արդեն հնչել են նաև ՆԱՏՕ-ից։ Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ ՆԱՏՕ-ն լիովին աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին, որոնք կնպաստեն Հարավային Կովկասի կայունությանը, որը Դաշինքի համար ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջան է։