Ռուս-ուկրաինական պատերազմը թևակոխում է մեկ այլ վտանգավոր փուլ. Միջազգային կառույցներն ահազանգում են միջուկային պատերազմի վտանգի մասին։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը տևական ժամանակ է՝ բարձրաձայնում է Եվրոպայի ամենամեծ` ուկրաինական Զապորոժյեի ատոմակայանի տարածքում ռազմական գործողությունների, հրթիռակոծության մասին` շեշտելով՝ «ատոմակայանի վրա ցանկացած հարձակում ինքնասպանություն է»։

Միջուկային հնարավոր պատերազմի զսպման լծակները ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ձեռքում են, նման լծակներ չունեն Չինաստանն ու Ռուսաստանը, նույնիսկ Իրանը` ասում է «Ռադիոլուր»-ի զրուցակիցը` քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը։ Ըստ նրա` միայն Հավաքական Արևմուտքից է կախված համաշխարհային աղետի լինել-չլինելը։ 

Քաղաքագետի կարծիքով` ուկրաինական զարգացումների համատեքստում արևմտյան առաջնորդները քիչ թե շատ հասկացել են, որ ռազմական մրցակցության հարցում դժվար է լինելու դիմակայել Չինաստանին և Ռուսաստանին։

«Ռուս-ուկրաինական պատերազմի այս ժամանակահատվածում Մոսկվայի դեմ Արևմուտքի սահմանած պատժամիջոցների հետևանքով աճող էներգետիկ ճգնաժամն ավելի մեծ զրկանքների և կորուստների կբերի։ Եվ սա առավել մեծ սպառնալիք է, քան, թերեւս, միջուկային զենքի կիրառման սպառնալիքը»,- ասում է Սերգեյ Շաքարյանցը։

Ուկրաինայում ռազմական գործողության մեկնարկից հետո ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն բազմիցս հայտարարել են, որ չեն ցանկանում միջամտել ռազմական գործողություններին, սակայն շարունակում են զինել Կիևին: Եթե ԱՄՆ-ը ու նրա գլխավորությամբ հավաքական Արևմուտքը ՌԴ հատուկ ռազմական գործողությունից առաջ ու նշված գործողության սկզբնական շրջանում Ուկրաինային տրամադրում էին պաշտպանական ու թեթև զինատեսակներ, ապա այսօր մատակարարում են ծանր ռազմական տեխնիկա և հարձակողական սպառազինություն։

Ինչ է փոխվել անվտանգության միջազգային համակարգում, որ երկրներն են Միջուկային սպառազինության չտարածման պայմանագրի գործողության երաշխավորները և որոնք են հնարավոր աղետը կանխելու զսպման մեխանիզմները։

Հարցերի պատասխանները քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցի հետ հարցազրույցում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն