Փոշու մեջ կորած Երևանում ամենափոշոտը կրկեսն է․ աղտոտվածությունը՝ նորմայից 3.5 անգամ բարձր
Երևանը փոշու մեջ է հայտվել հատկապես իր շուրջը շահագործվող քարի ու ավազի բաց հանքերի, մայրաքաղաքում նոր թափ առած կառուցապատումների, ավտոտրանսպորտային արտանետումների և այլ պատճառներով։ Հաշվի առնելով շրջակա միջավայրի վրա բազմաթիվ գործոնների բացասական ազդեցությունը՝ Շրջակա միջավայրի նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ու փորձաքննության մասին» օրենքի նոր նախագիծ։ Այն դրված է հանրային քննարկման, որի շուրջ ՀԿ-ները շատ ասելիք ունեն»:
Գլխացավանք՝ տանտիրուհիների, մտահոգություն՝ բնապահպանների համար, ահազանգ՝ բժիշկների համար։
Երևանը, Գյումրին, Վանաձորն արդեն փոշոտվածության կարմիր գիծը հատել են։ Բաց պատուհանից ներս լցվող փոշու ավելացումը խիստ նկատելի է դարձել։
Չկա շաբաթ, որ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալները չփաստեն, որ այս քաղաքների օդում փոշու պարունակությունը գերազանցում է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Հայաստանում խնդիրը նոր չէ: Հիմնական աղտոտիչներն են շինարարությունը, արդյունաբերությունը, հատկապես ոչ մետաղական հանքերի գերօգտագործումը, ավտոտրանսպորտը, ավտովայրերի բաց այրումը, տնային տնտեսությունները։
Փոշու մեջ են թաղված Երևանի անգամ այն բնակավայրերը, որտեղ շինարարություն չկա։
Հիդրոօդերութաբանության և մոնիթորինգի կենտրոնի փոխտնօրեն Գայանե Շահնազարյան. «Փոշին հատկապես բարձր է կրկեսի հատվածում։ Աղտոտվածության գերազանցումն այս շաբաթ փոշու պարագայում սահմանային թույլատրելի նորմայից գերազանցում է 3.5 անգամ։ Նախորդ շաբաթ ավելի բարձր դեպքեր էլ են եղել, գերազանցում՝ մինչև 5 անգամ»։
Եթե ձեր պատուհանագոգին կամ մեքենանեյի վրա դեղնավուն փոշի եք նկատում, դա արդեն Սահարայի փոշին է՝ հասել է Հայաստան։ Փոշեխեղդ վիճակը նաեւ գլոբալ տաքացումների հետևանքն է՝ ասում է Գայանե Շահնազարյանը, բայց և ընդգծում՝ գերակշռողն, այնուամենայնիվ, շինարարական փոշին է․
«Փոշու տեսակից, գույնից ելնելով՝ ավելի շատ դեր է խաղում քաղաքում տեղի ունեցող շինարարությունը՝ թե ճանապարհային, թե բնակարանաշինությունը։ Բայց լինում են նաև դեպքեր, որ դեղին գույնի անապատային, արևադարձային հոսանքներով եկող փոշին է լինում, բայս այս վերջին շրջանում հիմնականում շինարարական փոշին է գերիշխում»։
Որ Երևանը փոշոտ է, օդն էլ աղտոտված՝ փաստում է նաև շրջակա միջավայրի նախարարությունը։ Հատուկ սարքեր հարկավոր չեն՝ հասկանալու, որ մեր քաղաքը, մեր միջավայրը աղտոտված են՝ նկատում է փոխնախարար Գայանե Գաբրիելյանը։
«Մարդը պատուհանը բացում է՝ տունն արդեն կեղտոտ է։ Մարդու մեքենան միշտ կեղտոտ է, կոշիկները միշտ կեղտոտ են։ Սրանք այն կենցաղային ցուցիչներն են, որոնք մոնիթորինգի համար լավագույն ցուցանիշներն են։ Պատճառը կրկին շինարարական բումն է, որը մի կողմից լավ է՝ ներդրումներ են, աշխուժություն է, մյուս կողմից շինարարների կողմից հաճախ չեն պահպանվում օրենքով արդեն իսկ ամրագրված նորմերը»։
Որպեսզի օդը մաքուր մնա, կառավարությունը սկսել է 1994 թվականից գործող՝ մթնոլորտային օդի մասին օրենքը բարեփոխել, հստակեցնել ընկերություններին առաջադրվող պայման-պահանջները, խստացնել վերահսկողությունն ու նոր չափորոշիչներ կիրառել։
Փոխնախարար Գայանե Գաբրիելյան․ « Դրան է կոչված այս նախագիծը, որպեսզի ստեղծվի բալանս։ Այո, աղմուկ, բայց մինիմալ, աղտոտվածություն, բայց կառավարելի, որպեսզի նվազագույնի հասցվի նաև փոշու հասցրած վնասը»։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքի փոփոխություններով որոշակի խստացումներ են նախատեսվում՝ ընդգծում է Շրջակա միջավայրի նախարարության իրավաբանական վարչության պետ Խաչատուր Խաչատրյանը։
Գործող օրենքը պատասխանատվություն է նախատեսում առանց փորձաքննության դրական եզրակացության գործունեության համար, իսկ փոփոխություններով պատասխանատվության չափը խստացվել է:
«Գործող օրենսգրքում տուգանքի չափը նվազագույն աշխատավարձի մինչև 150-ապատիկ է սահմանված, այս նոր նախագծով՝ մինչև 5000-ապատիկ։ Առաջին անգամ տուգանվելուց հետո եթե փաստաթղթերը փորձաքննության ներկայացնելու տեսչականի պահանջը նորից չի բավարարվում, տուգանքի չափն ավելի է մեծանում»։
Գործող օրենքում բացակայում է պատասխանատվությունը փորձաքննության պահանջների և պայմանների չկատարման համար: Նոր նախագծով նաև դրա համար է սահմանվել պատասխանատվություն, իսկ եթե տնտեսվարողը ցանկանում է գործունեությունն ընդլայնել կամ վերապրոֆիլավորել, ու ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը պահանջում է նորից ներկայացնել փորձաքննության, ապա պարտավոր է դա կատարել, հակառակ դեպքում պատասխանատվությունից չի խուսափի: