44-օրյա պատերազմից հետո Ռուսաստանի հետ դաշնակցային փոխհարաբերություններ հաստատած Ադրբեջանն արդեն ԵՄ «գազային» գործընկերն է: Բրյուսելում կարծում են, որ լուծել են Ադրբեջանին Ռուսաստանից որոշակիորեն կտրելու խնդիրը, մինչդեռ արևմտյան շատ փորձագետներ համոզված են, որ Մոսկվա-Բաքու հարաբերությունները, անկախ իրողություններից,  մոտ ապագայում շեշտակիորեն խզել չի հաջողվի։

Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ, քաղաքական գիտությունների թեկնածու Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով` ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում Ադրբեջանը Ռուսաստանի համար սողանցք է Արևմուտքի հետ հարաբերությունները կառուցելու համար։ Նրա գնահատմամբ՝  Ադրբեջանը ոչ թե երկակի խաղ է խաղում, այլ կարողանում է Ռուսաստանի, Արևմուտքի և Ուկրաինայի հետ համադրել իր շահերը։

Ըստ «Ռադիոլուր»-ի զրուցակցի` Ուկրաինայի համար ադրբեջանական և թուրքական ուղղությունները կարևոր են. Բաքուն և Կիևը գործընկերային լուրջ հարաբերություններ ունեն նաև ՎՈՒԱՄ-ի` (Վրաստանում, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) համագործակցության շրջանակներում։

«Չնայած Ադրբեջանն այսօր փորձում է «չեզոք» դիրքերից հանդես գալ, այդուհանդերձ, տարբեր գործոններով, այդ թվում ուկրաինական  ճակատում օրեցօր փոփոխվող իրադարձություններով պայմանավորված՝ իրավիճակը կարող է շատ կտրուկ փոխվել», –ասում է Ղևոնդյանը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին վերջերս «բարոյական աջակցություն» հայտնած Արևմուտքը Բաքվից մատակարարվեիք գազային պայմանավորվածության դիմաց կփորձի կոծկել «գործընկեր» երկրում մարդու իրավունքների ոտնահարումները, բռնաճնշումները` դրանց նկատմամբ հանդես գալով առավել զուսպ գնահատականներով։ Սակայն, եթե նույնիսկ Ադրբեջանին հաջողվի կրկնապատկել գազի արտահանումը մինչեւ 2027-ը՝  ծավալները հասցնելով  մինչեւ 20 մլրդ խմ–ի, Բաքվին չի կարողանա Եվրոպայի համար նշանակալի դեր խաղալ ռուսական մատակարարումների հնարավոր կորստի փոխհատուցման հարցում:

Հիշեցնենք` Ուկրաինայի դեմ Ռուսաստանի մղած պատերազմի մեկնարկից ընդամենը երկու օր առաջ նախագահ Ալիեւը, Մոսկվայում ստորագրելով ռազմավարական դաշնակցային հարաբերությունները հաստատող  պայմանագիրը, այլ խնդիրների շարքում պարտավորվել էր նաև խուսափել որեւէ երրորդ կողմի հետ գործակցելուց՝ ի վնաս պայմանագիրը ստորագրած երկու երկրների տնտեսական շահերի։

Ի՞նչ երկակի խաղ է խաղում Ադրբեջանը։ Ինչպե՞ս է այս երկրին հաջողվում Ռուսաստանի ռազմավարական դաշնակցի կարգավիճակում պաշտպանել  Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և զինել այդ երկիրը։

Հարցերի շուրջ «Ռադիոլուր»-ը զրուցել է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ, քաղաքական գիտությունների թեկնածու Ռոբերտ Ղևոնդյանի հետ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն