Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարություն է տարածել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո: 

«Մեր մտքերի փոխանակումները բաց էին և արդյունավետ, և ես կցանկանայի շնորհակալություն հայտնել երկու ղեկավարներին դրա համար: Մենք վերանայեցինք մեր օրակարգային հարցերի ամբողջ փաթեթը։

Ուրախալի է տեսնել, որ բավական քայլեր են արվել մեր վերջին հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացնելու ուղղությամբ։

Այսօր համաձայնության եկանք ակտիվացնելու առարկայական աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական ​​հարաբերությունները կարգավորող խաղաղության պայմանագրի առաջմղման ուղղությամբ և հանձնարարեցինք արտգործնախարարներին հանդիպել մեկ ամսվա ընթացքում՝ աշխատելու տեքստերի նախագծերի ուղղությամբ։

Մանրամասն քննարկեցինք հումանիտար հարցերը, ներառյալ՝ ականազերծումը, գերիների և անհայտ կորածների ճակատագիրը»,- նշված է հայտարարության մեջ:

Նախագահ Միշելը կարևոր է համարել Ադրբեջանի կողմից հայ գերիների ազատ արձակման խնդիրը և ընդգծել, որ ԵՄ-ն կշարունակի զբաղվել այդ հարցերով։

«Դիտարկել ենք առաջընթաց՝ սահմանի սահմանազատման հետ կապված բոլոր հարցերում և այն հարցերում, թե ինչպես ապահովել առավել կայուն իրավիճակ: Պայմանավորվեցինք, որ սահմանային հանձնաժողովների հաջորդ հանդիպումը կկայանա նոյեմբերին՝ Բրյուսելում։

Ծանոթացանք տրանսպորտային կապերի ապաշրջափակման պայմանների վերաբերյալ քննարկումների ընթացքին:

Այս բոլոր քննարկումների հետ կապված՝ կցանկանայի ընդգծել, որ կարևոր է ներգրավել երկու կողմերի բնակչությանը և նրանց պատրաստել երկարաժամկետ կայուն խաղաղությանը:

Հանրային ուղերձներն այս առումով չափազանց կարևոր են. նման զգայուն իրավիճակում հրապարակայնորեն ասված յուրաքանչյուր բառն ակնհայտորեն լսվում և կշռադատվում է մյուս կողմից:

ԵՄ-ն պատրաստ է հետագայում էլ ուժեղացնել իր աջակցությունը երկարաժամկետ կայուն խաղաղության հաստատմանը: ԵՄ-ն նաև կշարունակի ջանքեր գործադրել տնտեսական զարգացման առաջխաղացման համար՝ ի շահ երկու երկրների և նրանց բնակչության:

Մենք պայմանավորվել ենք այս ձևաչափով կրկին հանդիպել նոյեմբերի վերջին»,- եզրափակել է Շառլ Միշելը։

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն