Կարմիր գծերի ու սադրանքների միջև․ ի՞նչ խնդիր է լուծում Բաքուն ապատեղեկատվությամբ
Սեպտեմբերի 11-ի երեկոյան Հայաստանի ԶՈՒ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել՝ Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը հերթական հայտարարությամբ հերքում է Ադրբեջանի ապատեղեկատվությունը։ Մինչ այդ Արցախից այլ տեղեկություններ են ստացվում։ Վաղ առավոտյան ադրբեջանական կողմը կրակել է Արցախի երկու բնակավայրերի ուղղությամբ՝ հայտնում է Արցախի ՄԻՊ –ը։ Ինչո՞ւ է վերջին շրջանում Բաքվից սահմանային ապատեղեկատվությունն առավել հաճախ հնչում և ի՞նչ խնդիր է դրանով լուծվում։ Հայաստանում կարծիքները տարբեր են ՝ բանակցային գործընթացի վրա ազդեցությունից մինչև նոր սադրանքի նախապատրաստում։
Սեպտեմբերի 3-ից 12–ը՝ մեկ շաբաթվա ընթացքում 11 անգամ ադրբեջանական կողմն ապատեղեկատվություն է տարածել շփման գծում միջադեպերի վերաբերյալ։ Մինչ Հայաստանի պաշտպանության նախարարությունն ու Արցախի Պաշտպանության բանակը հերքում են այդ տեղեկությունները, դրանք զուգորդվում են Ադրբեջանի ՊՆ նախարարի այն հայտարարությամբ, թե զինված ուժերին հրահանգ է տրվել պատրաստ լինել մարտական գործողությունների։
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին Բաքվի այս վարքագիծը չի զարմացնում.
«Բանակցային պրոցեսը շարունակվում է, եւ նույն անձնավորությունը հարեւան երկրի խոսում է նաեւ խաղաղության մասին։ Մենք հետամուտ ենք լինելու խաղաղության գործընթացին։ Մեր քաղաքացիները եւ մենք գտնում ենք, որ պետք է առաջնայինը լուծենք մեր անվտանգության հարցերը, իսկ անվտանգության հարցերը երկու ձեւով են լուծում՝ խաղաղություն հաստատելով հարեւանների հետ եւ ուժեղ բանակ ունենալով»։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանին անհանգստացնում է, թե ինչու հայկական կողմը պատշաճ չի արձագանքում Բաքվի ապատեղեկատվությանն ու այդ երկրի ռազմական գերատեսչության ղեկավարի հոխորտանքներին.
«Ինչո՞վ է զբաղված իշխանությունը, եթե մենք 24 ժամ չենք տեսնում դրա դեմ պայքար, միջազգային հանրությանը դրա սուտ լինելու մասին փաստեր։ Եթե մի որոշ ժամանակ անց, Աստված մի արասցե, հերթական անգամ ծանր իրավիճակում հայտնվենք ու ասենք ՝ օրվա իշխանությունները ոչինչ չէին անում, ի՞նչ պատասխան դրան պետք է տրվի»։
Հայկական կողմը միջադեպերի մասին տեղեկացնում է միջազգային գործընկերներին՝ հստակեցնում է ԱԺ խոսնակը.
«Եթե հետեւեք, կտեսնեք, որ բոլոր գործընթացները զուգորդվում են թե ռուս, թե եվրոպացի գործընկերների հետ քննարկումներով ու շփումներով»։
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը Ադրբեջանի սադրիչ գործողությունների մասին արդեն իրազեկել է եվրոպացի գործընկերներին.
«Սա այն է, ինչի մասին օրեր առաջ Եվրոպական խորհրդարանում տեղի ունեցած համաժողովի ժամանակ առիթ եմ ունեցել հայտարարելու, որ սա եւս մեկ ապացույց է, որ Ադրբեջանը շարունակում է իր հանցավոր գործողությունները՝ թիրախավորելով նաեւ քաղաքացիական բնակավայրերն ու բնակչությանը»։
Արցախի օմբուդսմենն արձանագրում է նաև, որ այս գործողությունները Արցախի ժողովրդի կյանքի, ֆիզիկական եւ հոգեբանական անձեռնմխելիության դեմ ուղղված ադրբեջանական հանցավոր վարքագծի, էթնիկ զտման քաղաքականության հերթական ապացույցն են, որոնց նպատակն է ահաբեկել Արցախում ապրող մարդուն եւ խաթարել նրա բնականոն կյանքն ու գործունեությունը։
Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը կարծում է, որ ապատեղեկատվության տարածմամբ Բաքուն այլ նպատակ է հետապնդում՝ նախապատրաստում է սահմանային հերթական սադրանքը.
«Մենք բոլորս գիտենք, որ երբ Ադրբեջանը պլանավորում է հերթական սահմանային սադրանքը, դա իրականացնելուց առաջ կազմակերպում է այդ սադրանքի տեղեկատվական լեգիտիմացման կեղծ հենքը: Միջազգային հանրության բոլոր դերակատարները, ովքեր հետաքրքրված են հայ֊–ադրբեջանական խաղաղության գործընթացով եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ, պետք է շատ ուշադիր հետեւեն եւ հստակ գիտակցեն, որ հերթական անգամ Ադրբեջանը սադրանքի նախապատրաստական գործընթաց է սկսել։ Այս իրավիճակում միջազգային թիրախավորված արձագանքը կարող է կանխել նախապատրաստվող այդ նոր սադրանքը»:
Սահմանային միջադեպեր հրահրելու գործելաոճով Բաքուն փորձում է ճնշում գործադրել բանակցային գործընթացի վրա՝ կարծում է ԱԺ նախագահը։ Բաքուն միշտ է այսպես վարվել բանակցություններից առաջ եւ հետո, սակայն դա չի նշանակում, թե հայկական կողմը միայն արձանագրում է իրավիճակը.
«Մեր ընկալումն ու վերաբերմունքն է ՝ ուշի ուշով հետեւել եւ ամեն րոպե պատրաստ լինել որեւիցե զարգացման։ Որեւէ մեկի մոտ թող տպավորություն չլինի, թե մենք մտածում ենք, որ բոլոր հարցերը լուծված են։ Մենք մշտապես սպասում ենք, որ կարող է որեւէ սադրանք լինել Ադրբեջանի կողմից»։
Վլադիվոստոկում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակ ասաց, որ կայացած Փաշինյան-Ալիեւ-Շառլ Միշել հանդիպման ժամանակ Հայաստանի համար կարեւոր հարցերի շուրջ չի հաջողվել ընդհանուր դիրքորոշումներ արձանագրել։ ԱԺ նախագահը ձեռնպահ է մնում փակագծերը բացելուց ․ չի նշում, թե կոնկրետ որ հարցերում չի հաջողվել ընդհանուր համաձայնության գալ։
«Չեմ կարող մանրուքներ բացահայտել, գիտեմ ինչի մասին է խոսքը, բայց չեմ կարող մանրուքներ բացահայտել»։
Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի մասին ադրբեջանական համառ հայտարարություններին ի պատասխան ԱԺ նախագահը կրկնում է՝ այս հարցը կարմիր գիծ է Հայաստանի համար․
«Հայաստանի համար դա կարմիր գիծ է եւ քննարկման ենթական չէ։ Բոլոր կետերը, որ կան նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ Հայաստանը պատրաստ է եւ մեծ հաշվով կարելի է ասել՝ իրագործում է։ Ադրբեջանական բեռներն ու մարդիկ կարող են տեղափոխվել Նախիջեւան հայաստան յան օրենքներին համապատասխան, այնպես, ինչպես օրինակ իրանցիները Հայաստանով Վրաստան են տեղափոխվում։ Դա կարող է լինել միջազգային օրենքներին համապատասխան։ Միջանցք ձեւակերպումը չի կարող լինել, քանի որ այն չկա ոչ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, ոչ էլ որեւէ բանակցային գործընթացում եւ Հայաստանի իշխանության համար այն կարմիր գիծ է հանդիսանում»։
Ինչ վերաբերում է գերիների վերադարձին, ապա այս հարցը հայկական կողմը, ըստ ԱԺ նախագահի, կբարձրացնի այնքան, քանի դեռ բոլոր գերիները Հայաստան չեն վերադարձել։