Այն ընթացքում, երբ մոնիտորինգային առաքելությամբ Հայաստանում է ՀԱՊԿ Միացյալ շտաբի օպերատիվ խումբը, բացառիկ այցով Հայաստանում է նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին: Փորձագետները վերջինի այցը կարևոր իրադարձություն են համարում ոչ միայն այն պատճառով, որ սա երբևէ ամենաբարձրաստիճան ամերիկյան այցն է Հայաստան, այլ նաև այն պատճառով, որ տեղի է ունենում սեպտեմբերի13-ից Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի օրերին։ Նենսի Փելոսիի այցը Հայաստան եռօրյա է։

Նա գլխավորում է Կոնգրեսական պատվիրակությունը, որի կազմում են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Էներգետիկ և կոմերցիոն հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆրանկ Փալոնեն, Ներկայացուցիչների պալատի անդամներ Աննա Էշուն և Ջեքի Սփիերը։ Ներկայացուցիչների պալատի խոսնակը կհանդիպի Հայաստանի  վարչապետի ու Ազգային ժողովի նախագահի հետ։ Ենթադրվում է, որ անվտանգային իրավիճակը քննարկումների հիմնական թեմաներից մեկն է։

Ադրբեջանի ռազմական ագրեսիան այս օրերին միջազգային տարբեր հարթակներում է։ Ռազմական գործողությունների մեկնարկից 2 օր անց Հայաստանի դիմումի հիման վրա արտահերթ նիստ հրավիրեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Շեշտադրումները հստակ էին․ ԱԽ անդամ պետությունները՝ Հնդկաստանից մինչև Չինաստան, Ֆրանսիայից մինչև ԱՄՆ, ընդգծում են՝ Ադրբեջանն ագրեսոր է, ներխուժել է ՀՀ սուվերեն տարածք, թիրախավորում է քաղաքացիական բնակչությանը։



«ՄԱԿ-ում երկրների ճնշող մեծամասնությունը ընդգծել են ուժի կիրառման անթույլատրելիությունը, Հայաստանի սուվերեն տարածքի անձեռմխելիությունը, մինչև ներխուժումը եղած դիրքեր վերադառնալու անհրաժեշտությունը, բազմիցս օգտագործվել է «ագրեսիա» եզրույթը, այսինքն՝ հստակ ընկալում կա, որ սա ներխուժում է, ագրեսիա է Հայաստանի տարածքի նկատմամբ, որ թիրախավորվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ, որ ներխուժողը պետք է վերադառնա ելման դիրքեր»,-նշել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։   



Հայաստանի դիվանագիտության ղեկավարը բարձր է գնահատում ադրբեջանական ագրեսիան դատապարտող երկրների քայլը, բայց նաև շեշտվում է՝ որոշ երկրներից ակնկալիքները չարդարացան։ Արդեն Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ-ից ակնկալիքների մասին խոսելիս շեշտում է՝ միջազգային գործընկերներից Հայաստանն առաջին հերթին անվտանգության երաշխիքներ էր ակնկալում։

«Մենք բնական է շատ դժգոհ ենք, այն ակնկալիքները, որ կային, չեն արդարացվում։ Մենք շատ երկար չենք կարողանալու մեր քաղաքացիներին բացարտել, թե ինչու ՀԱՊԿ-ը չի անում այն, ինչ նախատեսված է, և բնական է մենք դրանից հետևություններ ենք անելու և անում ենք և արդեն արել ենք և մենք հիմա էլ ենք սպասում ՀԱՊԿ-ի արձագանքին»։

Այնուամենայնիվ․ արդեն 3-րդ օրն է հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական անդորր է նույն միջազգային հանրության ջանքերով հաստատված հրադադարից հետո։ Հարաբերական, որոշ դեպքերում անորոշ ու անկանխատեսելի դադարից ու նոր պատերազմի իրական ռիսկերի մասին Հայաստանը խոսում է երկրի ներսում ու դրանից դուրս՝ ամենաբարձր մակարդակներով։  ԱԽ արտահերթ հանդիպմանը Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը շեշտեց՝ թշնամին Նախիջևանի կողմից հայ-ադրբեջանական սահմանի մոտ կուտակումներ ունի, ինչը Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու անվտանգությանը սպառնացող նոր ու ավելի մեջ սպառնալիք է։



«Այս պահի դրությամբ հաստատված զոհերի թիվը 135-ն է, չենք բացառում, որ այդ թիվը փոփոխություն կկրի, երբ իրավիճակը լիովին հանդարտվի և մենք կկարողանանք որդեն անհայտ կորածների նույնականացում իրականացնել։ Պետք  է ասեմ, որ ի պատիվ մեր բանակի ու զինվորականների շատ թեժ մարտեր են եղել և մեծ դիմադրություն են ցույց տվել, որոշ տեղերում նաև հետ են գրավել այն դիրքերը որոնք ենթարկվել են հարձակման»։

Սեպտեմբերի 16-ին ուշ երեկոյան արձանագրում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Վիրավոր զինծառայողների ու նրանց վիճակի մասին առայժմ պաշտոնական տեղեկատվություն չկա։ Առողջապահության գերատեսչությունը խոսում է միայն քաղաքացիական անձանց շրջանում վիրավորների մասին։ Ադրբեջանական հրետակոծության հետևանքով վիրավորում ստացած 7 քաղաքացիական անձանցից 4-ը շարունակում են ստացոնար բուժումը։ Իսկ Սեպտեմբերի 14-ին Տեղ համայնքում սպանվել է մեկ քաղաքացիական անձ։



Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Հայաստանյան գրասենյակը Ադրբեջանական կողմի հետ բանակցում է հնարավոր գերեվարվածների վերաբերյալ ճշտումներ անելու համար։ Գրասենյակի հանրության հետ կապերի պատասխանատու Զառա Ամատունին «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնում է՝ բանակցությունների շարունակվում են նաև ադրբեջանական կողմի կողմից ավելի վաղ հայտարարված հայ զինծառայողների 100 մարմինների վերադարձի ուղղությամբ։



Հայաստանը  դիմում է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան՝  Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործությունների հիմքով՝ լրատվամիջոցներին  ասել է  ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչության մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը: Նա նշել է, որ նամակն արդեն  ուղարկվել է, բայց  պաշտոնապես կհրապարակվի սեպտեմբերի 19-ին:

«Արդարադատության միջազգային դատարան դիմելու հիմքը Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործություններ կատարելն է»,-ասել է Հասմիկ Սամվելյանը:

Հայաստանը դիմել է նաև Եվրոպական դատարան՝ պահանջելով միջանկյալ միջոցներ կիրառել ընդդեմ Ադրբեջանի: Ներկայացված դիմումները վերաբերում են Հայաստանի քաղաքացիական բնակավայրերի թիրախավորմանը, քաղաքացիական բնակչության և ռազմագերիների հիմնարար իրավունքների պաշտպանությանը: Եվրոպական դատարանից Հայաստանը պահանջել էր նաև կիրառել իր կանոնադրության 39-րդ կանոնի 2-րդ կետը և անհապաղ ծանուցել որոշման մասին ԵԽ Նախարարների կոմիտեին:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գերիների տեսանյութերի մասով հարցում է արել Ադրբեջանին՝ սեպտեմբերի 13-ի դրությամբ նույնականացված 1 գերու և տեսանյութերում երևացող մյուս չնույնականացված գերիների մասով՝ ժամկետ տալով մինչև սեպտեմբերի 22-ը:

Գերեվարված հայ զինծառայողների մասով պատկերը դեռ խաբուսիկ է, կարող է փոփոխվել ՝ ասել է գրասենյակի ներկայացուցիչը։



Ադրբեջանական զինված հարձակման հետևանքները ՄԻՊ-ն ամփոփել է արտահերթ զեկույցում։ 7600 տեղահանվածներ, թշնամու թիրախում հայտնված քաղաքացիական նշանակության շենք-շինություններ, անգամ շտապ օգնության մեքենա ու լրագրողներ։ Ռազմական գործողությունների հետևանքով երեք մարզերում՝ Գեղարքունիքում, Սյունիքում ու Վայոց ձորում, վնասվել է ավելի քան 200 տուն, 60-ը՝ ամբողջությամբ։ 


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն