Իրանի խորհրդարանում արտահերթ նիստ է հրավիրվել` քննարկելու հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը՝  հայտնում են իրանական լրատվամիջոցները։ Նախատեսվում է, որ քննարկումը տեղի կունենա սեպտեմբերի 21-ին։ Արտահերթ նիստ հրավիրելու որոշումը կայացվել է ՀՀ սուվերեն տարածքի դեմ ադրբեջանական հարձակմանը հաջորդած ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Հայաստան այցից հետո։

Իրանագետ Էմմա Բեգիջանյանը Իրանի Մեջլիսում արտահերթ նիստ հրավիրելու որոշումը Իրանի հոգեւոր առաջնորդի ու նախագահի հայտարարությունների ամրագրում է համարում։

«Քանի որ խորհրդարանի մեծամասնությունը պաշտպանում է թե՛ առաջնորդի, թե՛ նախագահի տեսակետերը, ապա դրանք կամրագրվեն նաեւ փաստաթղթերով։ Նիստից հետո անպայման որոշում կլինի՝ օրինագի՞ծ, թե՞ հայտարարություն,  պարզ չէ, բայց  ամեն դեպքում սա խորհրդարանի հաստատումն է լինելու»։

Եվ՛ Իրանի հոգեւոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, եւ՛  նախագահ Ռաիսին հստակ հայտարարել են․ «Եթե Իրանի և Հայաստանի միջև սահմանը փակելու քաղաքականություն լինի, Իսլամական Հանրապետությունը դեմ հանդես կգա նման որոշմանը, քանի որ այս սահմանը հազարամյակների վաղեմություն ունեցող հաղորդակցության ճանապարհ է»։ Շանհայի կազմակերպության գագաթնաժողովին Ռաիսին կրկնել է Թեհրանի այս դիրքորոշումը և հստակեցրել․ «Տարածաշրջանում մեր քաղաքականության հիմքում ընկած է այն, որ պետք է հարգանք դրսևորվի երկրների ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ»։

Իրանական կողմի հայտարարությունները վերստին հիշեցրել է  Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Քանանին։ Նա հայտարարել է, որ Իրանը չի ընդունի աշխարհաքաղաքական որեւէ փոփոխություն տարածաշրջանում։ 

Իրանական մամուլն արձագանքել է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակի երեւանյան այցին ու հայտարարություններին, սակայն վերլուծությունների հիմքում  ավելի շատ Հայաստանի նկատմամբ դրական շեշտադրումներն են՝ ասում է իրանագետը նշում է։

«Փելոսիի այցը դրական չեն գնահատում, բայց Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը դրական է, անաչառ, անկողմնակալ։ Եթե նախկինում ադրբեջանական ԶԼՄ-ներին էին հղումներ արվում, հիմա հակառակը՝ հայկական վերլուծական շրջանակների վրա են հիմնվում։ Հիմնականում քննադատում են  Ադրբեջանի ու Թուրքիայի մտադրությունները՝ կապված միջանցքի հետ, որը բոլորի համար անընդունելի է»։

Հայաստանի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի  ֆոնին սաստող հայտարարություններ են հնչում ինչպես Իրանից, այնպես էլ ԱՄՆ-ից։ Ստացվում է, որ իրար նկատմամբ, մեղմ ասած, ոչ բարյացկամ երկու երկրների մոտեցումները համընկնում են Հայաստանի հարցում։  Իրանագետ Արմեն Վարդանյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում  նշում է։

«Այո, Իրանն ու ԱՄՆ-ն Հայաստանի վերաբերյալ  նույն դիրքորոշումն ունեն, բայց դա չի նշանակում, թե իրենք Հայաստանին վերաբերող հարցերում կհամագործակցեն։ Պարզապես այնպես է ստացվել, որ երկու երկրների դիրքորոշումներն այս տարածաշրջանում մեկ հարցում համընկնում են»։

Արմեն Վարդանյանը դժվարանում է ասել, թե ինչ քայլերի կդիմի Իրանը, եթե սպառնալիքներն ավելի մեծանան։ Իրանն անկանխատեսելի երկիր է՝ ասում է։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն