Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով բնությանը հասցված վնասները. Ջերմուկի անտառներում դեռ ծխացող օջախներ կան
Ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով Հայաստանի բնությանը պատճառվել է էական վնաս: Շրջակա միջավայրի նախարարության, անտառային կոմիտեի, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մասնագետներն օրերս ուսումնասիրել են այրված հատվածները, գույքագրել և արձանագրել՝ Վայոց Ձորում՝ անտառածածկ, Սյունիքում և Գեղարքունիքում հիմնականում խոտածածկ տարածքներ են այրվել:
Վլադիմիր Կիրակոսյան (ՀՀ ՇՄՆ անտառային կոմիտեի նախագահ) - Հրդեհների հատվածը հիմնականում Վայոց ձորի անտառտնտեսության Ջերմուկի անտառպետության հատվածներում է: Նախնական տվյալներով` մոտ 10 հեկտարի վրա հրդեհ ունենք. Կարմիր գրքում գրանցված Գի կազակական ծառատեսակն է և էնդեմիկ ծառատեսակներից նաև ունենք մի շարք տանձենու տեսակներ:
Ջերմուկի անտառներում ծխացող օջախներ դեռ կան: Դրանց մոտենալ փրկարարներն այս պահին չեն կարող, քանի որ կարող են հայտնվել թշնամու նշանառության տակ: Անտառային կոմիտեի նախագահի խոսքով՝ ռիսկեր կան, որ ծխացող օջախներից խոշոր հրդեհներ կարող են բռնկվել:
Վլադիմիր Կիրակոսյան - Նաև պետք է ուսումնասիրություն արվի, թե հողերի դեգրադացման հետևանքով մենք ինչ խնդիրներ կարող ենք ունենալ, ժամկետի առումով, վերականգնման առումով չեմ կարող ասել, քանի դեռ ուսումնասիրությունները վերջնական ավարտված չեն:
Կովկասը, ներառյալ` Հայաստանը, համարվում է կենսաբազմազանության գլոբալ թեժ կետերից մեկը: Մեր երկիրը, տարածաշրջանում զբաղեցնելով ընդամենը 6.7 տոկոսը, այստեղ արտահայտված է Կովկասի կենսաբազմազանության 50 տոկոսը: Մեր երկրում աճում է կարմիրգրքյան 452 բուսատեսակ, բնակվում՝ 308 կենդանատեսակ: Ոլորտի պատասխանատուների խոսքով՝ այդ հրդեհները լուրջ խնդիրներ կարող են առաջացնել ինչպես բույսերի, այնպես էլ կենդանատեսակների վերացման տեսանկյունից:
Ոսկեհատ Գրիգորյան (ՀՀ ՇՄՆ ԲՀՊՏԿ քաղաքականության վարչության պետ) - Դրանք բերելու են խնդիրներ՝ այստեղ մշտապես բնակվող և միգրացիա իրականացնող կենդանատեսակների համար, որովհետև արդեն իսկ մարդածին ճնշումները շատ մեծ են, իսկ պատերազմական գործողությունները առավել ևս են անդրադառնում այդ կենդանիների բնականոն միգրացիաների և կենսակերպի վրա:
Ջերմուկի անտառներում կենդանիների անկման դեպքեր մասնագետները դեռ չեն արձանագրել: Հայտնի է միայն, որ այդ տարածքներում բնակվում են Կովկասյան ընձառյուծներ, հայկական մուֆլոններ, բեզոարյան այծեր, գորշ արջեր և բազմաթիվ թռչնատեսակներ:
Մեր երկիրը տարիներ շարունակ անդամակցում է միջազգային բնապահպանական կոնվենցիաների: Բնությանը պատճառված վնասների, հնարավոր հետևանքների մասին ոլորտի պատասխանատուները հասցեական արձագանքներ են ակնկալում միջազգային գործընկերներից:
Ոսկեհատ Գրիգորյան - Շրջակա միջավայրի նախարարությունը պաշտոնական գրությամբ իրավիճակի նկարագրով դիմել է միջազգային գործընկեր 6 կազմակերպությունների, այդ թվում նաև` ՄԱԿ-ի խոշոր երեք կոնվենցիաների քարտուղարություններին, նաև Եվրոպայի Բեռլինի կոնվենցիայի քարտուղարությանը՝ նշելով այն տեսակները և կենսաբազմազանությանը սպառնացող վտանգները, որ կարող է կրել Հայաստանն այս իրավիճակում:
Մինչև այս պահը միջազգային կառույցներից որևէ արձագանք դեռ չկա: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինի մասնագետները շարունակում են ուսումնասիրությունը, հաշվարկում բնությանը հասցված վնասը։ Նյութերը փոխանցելու են նաև Հայաստանի իրավապահ մարմիններին։