Սա կոչ արեց Ադրբեջանին դադարեցնել կրակը, նա կոչ արեց Ադրբեջանին պահել հրադադարը, շատ հաճելի է, ականջահաճո՝ ես կասեի․ Հակոբ Բադալյան
Սա կոչ արեց Ադրբեջանին դադարեցնել կրակը, նա կոչ արեց Ադրբեջանին պահել հրադադարը: Շատ հաճելի է, ականջահաճո՝ ես կասեի: Իսկ մենք լսում ե՞նք, թե ինչ է հաջորդում այդ կոչերին: Այդ կոչերին հաջորդում է կոչը արդեն երկու կողմին՝ նստել եւ հարցը լուծել բանակցությամբ:
Իսկ մենք մեզ հարց տալիս ե՞նք, ինչու՞ են կոչ անում երկու կողմին, եթե մի կողմը, այս դեպքում մենք, առավոտից երեկո հենց դա ենք ասում՝ որ մենք պատրաստ ենք բանակցության, նստած ենք բանակցության, որոշ դեպքերում նույնիսկ «պառկած» ենք բանակցության: Որեւէ մեկին հարց տալիս ե՞նք՝ ինչու՞ եք կոչ անում երկու կողմին, ինչու՞ չեք ասում, որ մի կողմը՝ այս դեպքում Ադրբեջանը, տապալում է բանակցությունը, հրաժարվում է բանակցությունից եւ ինչու՞ չեք դատապարտում այդ վարքագիծը:
Սրան է պետք ուշադրություն դարձնել, սրա շուրջ է պետք խորհել՝ ինչու՞ եք բանակցության կոչը հավասարապես անում երկու կողմերին, ինչու՞ Ադրբեջանի վրա չեք դնում բանակցությունը տապալելու պատասխանատվություն: Մենք, որպես հանրություն, պետք է կենտրոնանանք այս խնդրի վրա, ոչ թե ուռա գոչենք Ադրբեջանին չկրակելու կոչերի առնչությամբ:
Որովհետեւ, եթե հնչում է չկրակելու կոչ, բայց այն շարունակվում է երկու կողմին ուղղված՝ բանակցելու հավասար կոչով կամ հորդորով, դա նշանակում է Ադրբեջանի կրակելու «հիմքի» ճանաչում, պարզապես այս պահին կրակելու «մեթոդաբանության» մերժում: Այլ կերպ ասած, բանակցելու այդ հավասար կոչերը «թարգմանաբար» նշանակում է, որ Ադրբեջանը ունի կրակելու պատճառ, պարզապես պետք է փորձել այդ պատճառը վերացնել չկրակելով: Կարճաժամկետում սա թվում է լավ է, իհարկե: Թանկ է խաղաղ ամեն մի օր:
Բայց սա պետք է լինի մեր մտածելու գլխավոր առարկան, եւ լրջորեն մտածելու առարկան, որովհետեւ երկարաժամկետ առումով սա կարող է պարզապես «խլացնել» պայթյունի լիցքերը, բայց ավելացնել դրանք, եթե չենք տեսնում, որ «պատճառը» վերացնելու պատասխանատվությունը հավասարապես դրվում է նաեւ մեզ վրա:
Քաղաքական մեծամասնության առաջնային պատասխանատվությունից բացի, նաեւ մեր քաղաքական, հասարակական-քաղաքական առաջատար մյուս բոլոր խմբերի պատասխանատվությունն է կենտրոնանալ այդ խնդրի եւ դրա լուծումների վրա, որոնք շատ բարդ են, չափազանց բարդ, քան վեկտորի փոփոխությամբ փրկության «բանաձեւերը»:
Եվ, ես օրինակ երբ այսօր խոսում եմ դրա մասին, որեւէ մեկից պակաս շահագրգռված չեմ հայ-ամերիկյան, հայ-եվրոպական հարաբերության սերտացմամբ կամ խորացմամբ, քան առավոտից երեկո այդ մասին կենաց ասող շատ ու շատ սուբյեկտներ: Բայց մեզ այս օրին հասցրել է հենց այն, որ մոտ երեք տասնամյակ մեր հիմնական զբաղմունքը եղել է կենաց ասելը՝ կենցաղից մինչեւ տնտեսություն, քաղաքականություն ու բանակ:
Որպեսզի սա չընկալվի վերամբարձ, ասեմ, որ ինքս ինձ չեմ առանձնացնում մեր այդ հետագձից:
Բայց, այսօր մենք տեսնում ենք թե մեր, թե այլոց հետ կատարվողը եւ պարտավոր ենք բարձրացնել իրողությունների դիտարկման եւ գնահատման մեր նշաձողերը:
Աշխարհում մեզ վերաբերելու են ըստ դրա, այլ ոչ թե ըստ բաժակաճառերի ուղղությունների: Աշխարհի ուժեղներին մեր քաղաքական լրջությունն է հետաքրքիր, ոչ թե մեր սիրո խոստովանությունները: Իրենք չափազանց ուժեղ են դրա կարիքն ունենալու կամ այդ սիրո խոստովանությունների կամ նվիրական երդումների հույսին համար: