Մինչ գլխավոր «դժբախտ ու դժգույնը» պատրաստվում է Էրդողանի ու իր սիրելի Ալիևի հետ ձեռք սերած հայակործան պայմանավորվածությունների փաստաթղթավորմանը, նրա դամքաշները կտրուկ ակտիվացել են ու, միմյանց հերթ չտալով, անում են մեկը մյուսից վտանգավոր, բացառապես անուղեղ լսարանի համար նախատեսված հայտարարություններ: Այլ կերպ ասած՝ Նիկոլ Փաշինյանը, հանդես գալով այլ նիկոլփաշինյանների դեմքով, որոշակի քարոզչական ֆոն է ապահովում Արցախի հայությանը ցեղասպանության մատնելու, Հայաստանի Հանրապետությունը թուրքական ծվատմանը հանձնելու իր հակապետական, հակահայկական որոշումները հնարավորինես անցնցում անցկացնելու համար:

Մասնավորապես, որոշ ուշադրություն գրավեց ՔՊ-ական բազմաթիվ նիկոլփաշինյաններից Վահագն Ալեքսանյան անուն-ազգանունով հանդես եկող ինչ-որ մանդատավոր, որ ՀՀ հարկատուների հաշվին աստղաբաշխական աշխատավարձ ու պարգևավճարներ է ստանում հանուն ոչնչի, ավելի ճիշտ՝ ադրբեջանաթուրքական շահերի սպասարկման համար: Սույն երեսփոխանն, օրինակ, հայտարարել է, թե Գորիս-Կապան ավտոճանապարհը, որի զգալի մասն իր շեֆ Փաշինյանը նվիրել է իր սիրելի ադրբեջանական թուրքերին, ՀՀ սահմաններից դուրս է, ՀՀ տարածքային ամբողջականության մեջ չէ, պարզ ասած՝ ադրբեջանական տարածքներով է անցնելիս եղել այդ ճանապարհը: Ի դեպ, բազմաթիվ ծաղրական, վիրավորական ու անմեջբերելի արձագանքներից բացի, հիշատակված ՔՊ-ականի արտաբերած անհեթեթությանը բավականին կոնկրետ պատասխանել էր նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ ֆեյսբուքյան գրառմամբ: 

Սովորաբար, նման պատասխանները ժողովրդական բառուբանով բնորոշում են որպես՝ «պորտը տեղը դնել»:

Բայց խնդիրն այն է, որ սրանք՝ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ական նիկոլփաշինյանները վաղը, մյուս օրը արդեն հայտարարելու են, թե՝ «Հայաստանը դուրս է... ՀՀ տարածքային ամբողջականությունից»:

Մեկ այլ ՔՊ-ական նիկոլփաշինյան, ի դեմս «երաժշտասեր» Էդուարդ Աղաջանյանի, գիտեք, օրերս հարցազրույցում կարելի է ասել՝ պաշտոնապես, հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանն ու իրենց ամբողջ քպ-աթիմը ուրանում է Արցախը, արցախահայերի իրավունքները: Այդ հարցազրույցից հետո չի եղել որևէ պաշտոնական հայտարարություն, որ Էդուարդ Աղաջանյանը չի արտահայտել Նիկոլի կամ ՔՊ-ի դիրքորոշումը, հետևաբար, դա նիկոլական իշխանության պաշտոնական դիրքորոշում կարելի է նշել:

Իսկ դիրքորոշման մեխը սա է. «Հայաստանի Հանրապետությունն այլևս չունի հնարավորություն և ռեսուրս ապահովելու Արցախի ժողովրդի իրավունքները, ազատությունները և անվտանգությունն այդ թվում»: Ըստ սույն, ևս մեկ անիմաստ վարձատրվող-պարգևավճարվող նիկոլականի, Արցախի հայությունը պիտի արդեն ոչ թե Հայաստանի վրա հույս դնի, այլ միջազգային հանրության ողորմածության: Բայց դե, բոլորին էլ հասկանալի է, որ դա երևութական, ուտոպիստական մի բան է:

Էդ. Աղաջանյանի հարցազրույցն ինչ-որ տեղ ավելի հետաքրքիր էր, քան նրա քպ-ընկեր Ալեքսանյանի հայտարարությունը: Հետաքրքրությունն այս պարագայում զուտ տեխնիկական էր՝  նիկոլական մանիպուլյացիոն, խեղաթյուրիչ գործիքակազմից օգտվելու իմաստով:

Ահավասիկ, Էդ. Աղաջանյան նիկոլփաշինյանն ասում է. «Մենք գիտենք, որ չհաշված վերջին 25 և ավելի տարիների այն բանակցային գործընթացը, որն ըստ էության, ցավոք, որևէ քաղաքական լուծման չբերեց, և որի արդյունքում մենք ունեցանք պատերազմ....»: Ապա հաջորդում է անհեթեթ մի բառակույտ, որն այստեղ մեջբերելն անտեղի է: Այստեղ հիմնականն այն է, որ նրա խոսքով, 25 տարվա բանակցային գործընթացի՛ արդյունքում, է  2020-ի պատերազմը տեղի ունեցել:

Անձը նախ, չի հասկանում «արդյունք» և «հետևանք» բառերի բովանդակային նպբերանգները: Կամ էլ, ավելի վատ՝ հասկանում է, բայց...: Դա դեռ մի կողմ:

Հիմնականն այն է, որ նա պարզապես ստում է և միտումնավոր խեղաթյուրում երևույթների, գործընթացների պատճառահետևանքային կապը: Էդ. Աղաջանյան նիկոլփաշինյանը համեստորեն լռում է այն մասին, որ ոչ թե բանակցային գործընթացը հանգեցրեց պատերազմի, այլ իր, իր Նիկոլի և իրենց մյուս նիկոլփաշինյանների՝ 2018-2020թթ. վարած քաղաքականությունը: Բանակցային գործընթացը 2018-ի մարտի դրությամբ այնպիսի դրության մեջ էր, որ 2016-ի ապրիլյան պատերազմից հետո ՀՀ-ն կարողացել էր դիվանագիտական ճակատում էապես բարելավել դիրքերը (Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի հայտարարություննր):

Իսկ հարցազրույց տվողը, իր Նիկոլը, իրենց մյուս նիկոլփաշինյանները գործնականում զրոյացրեցին բանակցային գործընթացի՝ նախորդած շրջանի արդյունքները, որոնցից, հիշեցնենք, այդպես նեղսրտում էր Ալիևն ու տրտնջում, որ իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը: Իսկ Նիկոլն ու իր նիկոլախումբը հայտարարեցին «զրոյական կետից» սկսելու մասին, վերելակային համաձայնություններ կայացրեցին թշնամու հետ, ավելին՝ թշնամու հետ կուլիսային շփումների մեջ մտան, Արցախը մի քանի միլիարդով ծախելու ալիևյան առաջարկը նամակաբերի ձեռքից վերցրեցին, որ քննարկեն, փաստորեն: Ամենից կարևորը՝ Նիկոլ Փաշինյանը, ըստ երևույթին՝  նախապես թշնամու հետ համաձայնեցված սցենարով, հայտարարեց՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», ինչով և՛ ազդանշան տվեց Ալիևին, և՛ ապահովեց ադրբեջանաթուրքական կողմի ռազմական ագրեսիայի լեգիտիմությունը՝ այժմ հիշատակվող «միջազգային հանրության» դիտանկյունից:

Պատերազմը ոչ թե բանակցային գործընթացի արդյունք է, ինչպես սա է հայտարարում, այլ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալու և արդեն ՀՀ վարչապետի կարգավիճակում Հայաստանի, Արցախի, հայության կենսական շահերին արմատապես հակասող քայլերի ու քաղաքականության ուղիղ հետևանք: Մի բան, ինչի համար, թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ Վահագն Ալեքսանյանը, թե՛ Էդուարդ Աղաջանյանը, թե մյուս նիկոլփաշինյանները դեռ պիտի կանգնեցվեն խստագույն դատարանի առաջ:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն