Եվրոպական կոչերի նոր երանգներն ու Եվրոպայի կախվածությունը Ադրբեջանից
Վերջին շրջանում միջազգային հարթակներում ակտիվացել են Հայաստան–Ադրբեջան հարաբերություններին և Արցախի հետագա ճակատագրին առնչվող քննարկումները։ Դրանցից էր, օրինակ՝ ԵԽԽՎ–ում Հայաստանի հանդեպ Ադրբեջանի վերջին ագրեսիայի հարցով քննարկումը, իսկ Եվրախորհրդարանի պաշտպանության հարցերով հանձնաժողովը հանդիպում էր կազմերպվել ԼՂ–ում հայերի իրավունքներն ու անվտանգության հարցերը հասկանալու համար։ Առանձին հայտարարություններով հակամարտող կողմերին դիմել են եվրոպացի տարբեր պաշտոնյաներ։
«Ռադիոլուր»–ը առանձնացրել է դրանցում տեղ գտած նոր ձևակերպումները ու փորձել է հասկանալ դրանցում պարունակվող նոր ազդակները։
Մինչ ԵԽ գլխավոր քարտուղարը Ադրբեջանից հստակ տեղեկություններ է սպասում հայ ռազմագերիների սպանության փաստով հետաքննության վերաբերյալ (համապատասխան պաշտոնական նամակը Մարիա Պեյչինովիչ Բուրիչն ուղարկել էր Ադրբեջանի արտգործնախարարին), տելեգրամյան ալիքներով սկսեց տարածվել հայ ռազմագերիների խոշտանգելը պատկերող մի նոր տեսանյութ։ ՄԻԵԴ–ում հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հաստատել է, որ տեսանյութը թարմ է, և նկարահանվել է սեպտեմբերյան հարձակման օրերին։
Մինչդեռ ԵԽ գլխավոր քարտուղարի նամակի համար հիմք էր հանդիսացել դեռ առաջին տեսանյութը։ Նա հստակ և մանրամասն տեղեկություն է հայցել Ադրբեջանի ԱԳՆ–ից՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2–րդ և 3–րդ հոդվածների հնարավոր խախտումների վերաբերյալ՝ հիմնվելով հայ ռազմագերիների արտադատական սպանությունների տեսագրության փաստի վրա։ Նամակում գլխավոր քարտուղարը զգուշացրել է, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով նախատեսված մանդատի շրջանակներում Եվրոպայի խորհուրդը հետևողական է լինելու այս հարցում՝ կազմակերպության չափանիշները լիովին ապահովելու համար։
Սա միջազգային հարթակներից վերջին օրերին ստացված ազդակներից մեկն է։ Վերլուծաբանները, սակայն, դեռ դժվարանում են մեկնաբանել, թե ինչ ենթատեքստ ունեն եվրոպացիների խոսքում ի հայտ եկած նոր ազդակները։ Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի համար, օրինակ, եղելությունը հասկանալու համար միայն հայտարարությունները շատ քիչ են։
«Իհարկե, կա խնդիր պահել Ադրբեջանը կառավարելիության դաշտում, բայց այդ ազդեցությունը գործադրելու գերմոտիվացված մակարդակ ես չեմ տեսնում։ Առավել ևս, որ Թուրքիայի և Ռուսաստանի գործոնը Բաքվի համար ստեղծում է մանևրի հնարավորությունը։ Ընդհանուր առմամբ այդ հայտարարությունները վկայում են դիվանագիտական այն ակտիվ փուլի մասին, որ հիմա մենք տեսնում ենք տարածաշրջանում և մասնավորապես հայ–ադրբեջանական հակամարտության շուրջ, բայց դրանք թերևս շատ քիչ բան են ասում այն դետալային կարևոր երանգների համեմատ, որ առաջանում են հարցերի տեսքով հենց այդ հայտարարություններից ելնելով։ Այսինքն՝ մենք տեսնում ենք ընդհանուր գնահատականներ, ընդհանուր հայտարարություններ, որոնք սակայն, բաց են թողնում դետալային հարցերը։ Մինչդեռ ինչպես հայտնի խոսքում է ասվում՝ «սատանան մանրուքների մեջ է»»։
Նոր ձևակերպումներ վերջերս նկատելի են նաև Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքում: Եվրախորհրդարանի պաշտպանության հարցերով հանձնաժողովի հանդիպմանը նա ուղիղ հայտարարեց, որ հենց Հայաստանն է ենթարկվել հարձակման, նրա տարածք ներխուժել են, ոչնչացրել քաղաքացիական ենթակառուցվածքները։ Թեև Կլաարը այս փուլում խոսում է արցախյան բոլոր պատերազմների խնդիրների մասին, հստակ ձևակերպում է, որ «անհնար է անպատիժ մնացած հանցագործությունների վրա խաղաղություն կառուցել»։
Եվրոպացի դիվանագետը նաև սկզբունքային մի ձևակերպում է արել, որն առնչվում է Ադրբեջանի կարևորագույն նպատակին՝ «Զանգեզուրի միջանցք» կոչվածին։
«Ադրբեջանի և Նախիջևանի միջև ավտոմոբիլային և երկթուղային հաղորդակցությունը կարող է հաստատվել միայն այն ժամանակ, երբ բոլորի համար հստակ լինի, որ այդ ճանապարհները Հայաստանի ինքնիշխան տարածքի մաս են»։
Ավելին՝ Կլաարը հաստատել է, որ այդ հարցը համաձայնեցվել է Բրյուսելում դեռևս այս տավա մայիսի 22–ին։ Անգամ այս խոսքերից հետո քաղաքական վերլուծաբանի համար դեռ շատ հարցեր մշուշոտ են մնում։ Հակոբ Բադալյան․
«Այն, որ խոսքը վերաբերում է որևէ արտատարածքային հանգամանքի բացառման, սա իհարկե, ողջունելի է։ Բայց մենք պետք է նկատի ունենանք, որ խնդիրը միայն արտատարածքային կարգավիճակի հարցը չէ, այլ նաև սահմանային ռեժիմ, մաքսային ընթացակարգեր և այլն, և այլն։ Այստեղ կան մանրուքներ և իրավիճակը ստույգ գնահատելու համար մեզ պետք է հասկանալ, թե այս դաշտում ինչպիսի քննարկումներ են։ Այս տեսանկյունից Կլաարի և ընդհանրապես մյուս հայտարարությունները շատ ողջուների տարր են պարունակում, բայց նաև, իհարկե, չեն պատասխանում մնացյալ դետալների վերաբերյալ հարցերին»։
Հայաստան–Ադրբեջան հարաբերությունները օրեր շարունակ նաև ԵԽԽՎ ուշադրության կենտրոնում էին՝ հատկապես վեհաժողովի առաջին օրը, երբ քննարկվում էր Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի նկատմամբ։ ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Վլադիմիր Վարդանյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշել էր իր գոհունակությունը քննարկման ընթացքից․
«Ադրբեջանական պատվիրակությունը պարզվեց, որ մնացել է մենակ և որևէ այլ պատվիրակություն պարզապես սատարելու ցանկություն չունի Ադրբեջանին այս հարցում։ Բացառություն էին կազմում միայն երևի թե Թուրքիայի ներկայացուցիչները։ Տեղ հասավ մեսիջը, թե ոչ՝ չգիտեմ։ Կարծես թե ԵԽԽՎ–ն այս անգամ լսեց Հայաստանին, այս անգամ լսեց հայկական դիրքորոշումը և այս անգամ շատ հստակ գնահատականներ տվեց ադրբեջանական այն ագրեսիային, որը տեղի էր ունեցել սեպտեմբերի 12–ից սկսած»։
Հասցեական կոչեր և ասելիք հնչում է ոչ միայն Եվրոպայից, այլև՝ ԱՄՆ–ից։ Ըստ պաշտոնական հղորդագրության, պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքների և երաշխիքների շուրջ քննարկումների կարևորությունը։ Նա կոչ է արել պահպանել հրադադարի ռեժիմը և կենտրոնանալ բանակցությունների միջոցով համաձայնության հասնելու վրա։
Ադրբեջանին ուղղված բոլոր կոչերին զուգահեռ, սակայն, հայ վերլուծաբանները չեն մոռանում շեշտել, որ առջևում ձմեռ է և Ադրբեջանի՝ թեկուզ և փոքր էներգետիկ ռեսուրսը, դեռ պետք է օգնի Եվրոպային հաղթահարել առաջիկա ձմռան դժվարությունները։ Իսկ դա արդեն լծակ է՝ հակառակ տարաբնույթ հայտարարություններին։