Ղրիմի կամրջի պայթյունից, "ցորենի միջանցքից" մինչև Պուտինի նոր խաղը Էրդողանի ու Ալիևի հետ․ "գազային հանգույց" ընդդեմ ԱՄՆ, ԵՄ-ի
մարտավարությունը՝ Ուկրաինայի մայրաքաղաքից մինչև արևմուտք հրթիռակոծելը, քան "դիրքային մարտերը"․․․
Բացառված չէ, որ այս ամենը նույնպիսի շանտաժ է, ինչպես այս կամ այն երկրին Ղրիմի կամրջի ահաբեկչությանը կապելը․ մի բան հստակ է, Ռուսաստանը խնդիր է դրել ինչ-որ բան ստանալ "ցորենի միջանցքից" ու Թուրքիայից, մանավանդ որ Էրդողանը թե վերընտրության, թե ռեգիոնալ ամբիցիաների առումով "երկրորդ շահառուն է"։
Ու այստեղ չափազանց վտանգավոր է դառնում Պուտինի նոր առաջարկը Էրդողանին, որը ձևակերպվեց իբրև "էներգետիկ/գազային հանգույց"։ Ինչպես կրեմլյան պրոպագանդիստներն են բերաններից թռցնում, այն իհարկե ռիսկային գործարք է, քանի որ Թուրքիան վստահելի գործընկեր չի կարող դիտարկվել, ու պարզ չէ, թե մինչև ուր կգնա ռուս-թուրքական նոր խաղը։ Սակայն մի բանում կասկած չունեն, որ Թուրքիան ու էներգետիկ ոլորտը այն են, որտեղ հնարավոր է ԱՄՆ-ի ու ԵՄ-ի համար նոր խնդիրներ ստեղծել, ինչպիսին արեցին Սաուդյան Արաբիայի/ՕՊԵԿ-ի դեպքում ու ինչի վրա աշխատում են նաև չինական, իրանական ու այլ ուղղություններով՝ որքան հնարավոր է "ճնշման ու խնդիրների շատ հարթակներ ստեղծել ԱՄՆ-ի համար", որ դրանք դառնան "կրիտիկական" ու Ռուսաստանի համար խաղ ապահովեն։ Դրա համար էլ ընտրել են Թուրքիան, որը 4 խողովակ ունի, որոնցից մեկը զուտ Թուրքիայի համար է, մնացածը՝ արտահանման, ըստ որում՝ դեպի Բալկաններ ու Միջերկրական ծովի հյուսիս։ Գաղափարն այն է, որ թե՛ Թուրքական հոսքով, թե ադրբեջանական խողովակներով ռուսական գազը խառնելն է ադրբեջանականին, ինչը Եվրոպայում պարզել չեն կարող, ի տարբերության նավթի։ Այդ ամենի արդյունքում Եվրոպայի գազ ներկրող երկրները հայտնվում են թուրքական կախվածության ներքո, և որ կարևոր է՝ առաջին տուժող երկրներն են դառնում Գերմանիան, Հոլանդիան։ Գերմանիայի վրա առանձնապես զայրացած են, քանի որ կրկին հայատարավել է շատ բացառիկ սպառազինություններ Ուկրաինային տրամադրելու մասին, որոնք անգամ գերմանական բանակի սպառազինությունում չկան։ Դրանցից են "Սյուզաննե" հակատանկայի համակարգերը, որոնք նաև դառնում են զենիթահրթիռային համակարգեր, որոնք արդեն իսկ Ուկրաինայում են, ինչպես նաև նորագույն ՀՕՊ-երը, որոնք կմատակարարվեն շուտով․․․ Գերմանիային հոգուտ ԱՄՆ-ի "կողմնորոշման" համար պատժելու համար Կրեմլում մտածել են հենց այս "գազային հանգույցի խաղը", որպեսզի լուծեն Բեռլինի հարցերը նաև Անկարայի ձեռքերով․․․
Կրեմլյան փորձագետները ակնարկում են, որ Թուրքիան, բացի Էրդողանի ընտրության կամ տարածաշրջանային ամբիցիաների բավարարումից, հնարավոր է նաև այլ ակնկալիքներ ունենալ, ու նրա հզորացումը ռիսկեր բերի նաև այլ տարածաշրջաններում։ Դրանցից Կովկասը չի նշվում, սակայն ակնարկվում է, որ հնարավոր է սևծովյան ավազանում պայմանավորվել, եթե Մոսկվան ու Անկարան կարողանան պայմանավորվել Ուկրաինս պետությունը դե ֆակտո վերացնելու հարցում․ թե ինչ տարածքներ է պատրաստ Ռուսաստանը զիջել Անկարային, դժվար է ասել, քանզի Օդեսայի վրա Մոսկվայի աչքն է, Ղրիմն էլ չի զիջի Անկարային։
Տակը մնում է Կովկասը, որտեղ Ռուսաստանը առնվազն "միանձնյա տիրոջ" համարում ունի, ի տարբերություն բալկանների կամ սևծովյան ավազանի։ Մանավանդ, որ Ադրբեջանն այստեղ այդ կեղտոտ խաղի մասն է՝ ի վերջո ռուսական գազը պետք է խառնվի ադրբեջանական գազին ու դրա անվան տակ արտահանվի Եվրոպա։ Իսկ կեղտոտ ծրագրում մասնակցելու համար Ալիևը հայտնի է, թե ինչ է պահանջելու Կրեմլից ու ում հաշվին է դա լինելու․․․
Ահա թե ինչու Մակրոնը ինտենսիվացրել է ոչ միայն Հայաստանին միայնակ չթողնելու, Ռուսաստանի երեսին ճշմարտությունն ասելու թեման, այլ նաև անցել է բավական տեսանելի հակաադրբեջանական դիրքավորման, նրան մեղադրելով Ռուսաստանի կեղտոտ խաղերի կեղտոտ գործիքը լինելու մեջ։ Ավելին՝ Մակրոնը մեծ թափ տվեց ֆրանսիացի հրապարակախոսի մեկնարկած ֆլեշ մոբին՝ չզիջել ոչևէ արժեք կամ սկզբունք հանուն գազի կամ նավթի․․․
Թերևս այս վտանգաշատ իրավիճակում ստրատեգիական նշանակության է դառնում Հայաստանի սահմանի երկայնքով եվրոպական դիտորդների տեղակայումը, որի առաքելությունն է լինելու մոնիթորինգի տակ պահել հրադադարի պահպանությունը, Բրյուսելին զեկուցել, թե ով է ագրեսորը, ինչպես նաև՝ նպաստել Հայաստան-Ադրբեջան սահմանային դեմարկացիային, ասել է թե՝ ագրեսորին ելման դիրքեր տանելը։
Բարդ աշխարհաքաղաքական պարտիա է և պետք է ճիշտ խաղալ։