Տարածաշրջանային բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում Ադրբեջանի կողմից «միջանցքային թեմայի» մշտական շրջանառումը ոչ այլ ինչ է, քան 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կատարման խեղաթյուրում և սաբոտաժ՝  Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին հայտարարել է ՀՀ վարչապետը։

Ելույթում  Նիկոլ Փաշինյանը խոսել է ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական ներխուժման ու դրա հետևանքների մասին՝ արձանագրելով, որ նոր ագրեսիայի մեծ ռիսկեր կան։  Աստանայում այսօր տեղի է ունեցել նաև Միրզոյան-Բայրամով-Լավրով եռակողմ հանդիպումը։ Դրա արդյունքները Երևանն ու Բաքուն տարբեր շեշտադրումներով են ամփոփել։

ՀՀ սուվերեն տարածք ադրբեջանական հարձակումներն ու դրանից հետո  պաշտոնական Բաքվի և այլ ադրբեջանական աղբյուրների հռետորաբանությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանը Հայաստանի ավելի շատ տարածքներ գրավելու մտադրություններ ունի, ինչը պետք է կանխել՝ Աստանայում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիրկոլ Փաշինյանը։

«Ցանկանում եմ ընդգծել, որ Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի ռիսկը մնում է շատ բարձր՝ հատկապես հաշվի առնելով այն, որ Ադրբեջանը շարունակում է հետևողականորեն խախտել հրադադարի ռեժիմը՝ փորձելով իրենց սադրիչ գործողությունները վերագրել հայկական կողմին։ Հետագա էսկալացիայի ևս մեկ գործոն կարող է լինել անվտանգության տարածաշրջանային կազմակերպությունների կողմից՝ ստեղծված իրավիճակին ոչ ադեկվատ արձագանքը, ինչը շատ սուր հարցադրումներ է առաջացրել հայ հասարակության մեջ»։

Տարածաշրջանային բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում Ադրբեջանի կողմից «միջանցքային թեմայի» մշտական շրջանառումը ոչ այլ ինչ է, քան 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կատարման խեղաթյուրում և սաբոտաժ՝ ասել է ՀՀ վարչապետը և հիշեցրել, որ փաստաթղթում այդ տերմինը միայն մեկ՝ Լաչինի համատեքստում է օգտագործվում։

«Ցանկանում եմ ընդգծել, որ այս հայտարարության 9-րդ կետում ոչ մի տեղ և ոչ մի կերպ չի հիշատակվում միջանցք բառը։ 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ միջանցք բառն օգտագործվում է միայն Լաչինի միջանցքի հետ կապված՝ Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման համատեքստում և կապ չունի տրանսպորտային կապերի ապաշրջափակման թեմայի հետ, և այս պայմանավորվածությունների միջև ցանկացած զուգահեռներ համարում ենք մանիպուլյատիվ»։



Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տեքստի շահարկումը, ըստ Փաշինյանի, դարձել է Ադրբեջանի քաղաքականությունը, և արտահայտվում է նաև նրանով, որ չնայած այն փաստին, որ հայտարարության մեջ հստակ նշված է Լեռնային Ղարաբաղի գոյությունը, Ադրբեջանը պնդում է, որ Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի։

Տարածաշրջանում խաղաղություն հաստատելու թեմային անդրադառնալով՝ վարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը այս հարցում Ադրբեջանից կառուցողականություն է ակնկալում։

«Ընդհանուր առմամբ, ցանկանում եմ ասել, որ Հայաստանն իրապես անկեղծ նպատակադրված է տարածաշրջանում խաղաղությանը: Իհարկե, դա հասարակ հարց չէ, դա շատ խորը խնդիր է, բայց ինձ թվում էր, որ և՛ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինի, և՛ այլ միջազգային առաջնորդների միջնորդությամբ մեր մի քանի հանդիպումների արդյունքներով մենք ունենք ընդհանուր ընկալում, որ պետք է ձգտենք և ձեռնարկենք կոնկրետ քայլեր, որպեսզի հաստատենք խաղաղություն և կայունություն մեր տարածաշրջանում: Ակնհայտ է, որ դրա համար պետք են դրամատիկ քայլեր, և Հայաստանի Հանրապետությունը, կարծում եմ, մենք դա ցույց ենք տվել, մեր կառավարությունը պատրաստ է նման քայլերի: Եվս մեկ անգամ ցանկանում եմ ասել, որ այդ գործընթացում Ադրբեջանից միակ ակնկալիքը կառուցողականությունն է»:   

Խաղաղության թեման Աստանայում քննարկվել է նաև Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի արտգործնախարարներ՝ Արարատ Միրզոյանի, Ջեյհուն Բայրամովի ու Սերգեյ Լավրովի  եռակողմ հանդիպման ժամանակ։ Մի քանի ժամ տևած հանդիպումից հետո Բայրամովը հայտարարել է, որ Պրահայի հայտարարությունը Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի հիմք կդառնա։ Նաև ընդգծել է, որ Բաքուն հոկտեմբերի 2-ին Ժնեւում Երևանին փոխանցել է խաղաղության պայմանագրի հիմնական կետերը և սպասում է հայկական կողմի պատասխանին։

Այլ կերպ է հնչում Աստանայի եռակողմ հանդիպումից հբետո ՀՀ ԱԳՆ–ի  տարածած հայտարարությունը։ Դրանում նշվում է, որ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մշակման, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման շուրջ:

Ըստ հաղորդագրության՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման, բոլոր հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման և հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման անհրաժեշտությունը։ Կարևորվել է սահմանային իրավիճակի մշտադիտարկման ու վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրումը՝ նոր ագրեսիաները կանխարգելելու նպատակով։

Կողմերը քննարկել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, անդրադարձ կատարել սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների շրջանակներում, տարածաշրջանում տնտեսական կապերի և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքներին։

Հանդիպման  սկզբում ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովն էլ  շեշտել է, որ իրադարձություններն արագ են զարգանում, և հանդիպումը հարմար առիթ է քննարկելու, թե ինչ կարող են զեկուցել ղեկավարներին՝ ստորագրած պայմանավորվածությունների կատարման մասին։

Աստանայում տեղի ունեցած հանդիպումից ու դրանից հետո տարածված հայտարարություններից դրական ակնկալիքներ չունի քաղաքական վերլուծաբան Հրաչյա Արզումանյանը։

«Պետք է ուշքի գալ և այդ բոլոր մոտեցումները փակել և հասկանալ, որ այդտեղ լուծումներ չկան, որ այդտեղ սպառնալիքներ են և արդեն վերջնական պարտություն, երբ կորցնում ես պետականությունը։ Դա ռուս-թուրքական նպատակներ են, որ սպառնալիք են Հայկական կողմի համար։ Իմ կարծիքով եթե հայկական կողմը հասկանա դա, որ վիճակն այդպես է առաջին հերթին պետք է հիմնվի իր սեփական ներուժի վրա»։

Աստանայից ուշագրավ արձագանքներ կան նաև Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հայտարարություններին,  որում նա մեղադրել էր Ռուսաստանին Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը սրելու, տարածաշրջանում իրավիճակն ապակայունացնելու մեջ:

Ադրբեջանի ԱԳՆ-ն «կանխակալ և անընդունելի» է անվանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունները Հարավային Կովկասի գործընթացների և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին։  Նաև նշվում, է, որ «Ֆրանսիայի նախագահի արած հայտարարություններն Ադրբեջանի հասցեին լուրջ կասկածի տակ են դնում նրա չեզոքությունն ու անկանխակալությունը որպես միջնորդի»։ Մակրոնի հայտարարությունները Ադրբեջանին ստիպում են մեկ անգամ ևս վերանայել Ֆրանսիայի միջնորդական ջանքերը՝ ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։

Ֆրանսիայի նախագահին պատասխանել է նաև ՌԴ նախագահ Պուտինը՝ անընդունելի և ոչ կոռեկտ որակելով Մակրոնի հայտարարությունները։

ՌԴ նախագահը Փաշինյանին ու Ալիևի միջև հանդիպում կազմակերպելու նպատակով նրանց հրավիրել է Ռուսաստան։

Պետք է համաձայնեցնել օրը և հանդիպել Ռուսաստանում՝ Սոչիում, Սանկտ Պետերբուրգում կամ Մոսկվայում՝ առաջարկել է Պուտինը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն