5-րդ շարասյան հոգեվարքն ու "միջանցքային" ինքնախոստովանությունը

Պատռվեց ևս մեկ "Արցախամետ", "հայամետ" փորձագետի դիմակ

Բնօրինակը դեռևս չեմ հասցրել դիտել, բայց անուղղակի վերարտադրությամբ հանդիպեցին նյութեր, որ հայտնի "հայամետ", "արցախամետ" Կոնստանտին Զատուլինը հայկական մի ընդդիմադիր հեռուստաընկերության տված հարցազրույցում  ասել է, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9/10-ի հայտարարությամբ խոստացել է "միջանցք" տալ Ադրբեջանին։

Թերևս պարզ է դառնում, թե հետպատերազմյա թուլացած Հայաստանում կրեմլամերձ ինչ աղբյուրներ էին "արտահոսքերով" տեղական ընդդիմությանը սնուցում ՝ փորձելով Երևանում հասնել իշխանափոխության։ Կարծում եմ՝ հիշեցման կարիք չկա, թե այդ ժամանակահատվածում ընդդիմադիր որ գործիչները ու փորձագետները ինչ բարձր վստահությամբ հայտարարություններ էին անում այս թեմայով․ սեփական հայտարարություններից թռնել ու խուսափել հնարավոր չէ, բոլորի հայտարարությունները այլևս պատմականորեն վավերագրված են։ 

Եվ ակնհայտ է, որ այդ հայտարարությունների հիմքում "վստահելի աղբյուրի" "տրամադրած" տեղեկություններն էին․ չէ՞ որ Կոնստանտին Զատուլինն էր ղեկավարում Հայաստանում ստեղծված "Լազարևան ակումբը", որի առաջին հյուրը, իսկ ըստ տարբեր չհերքված տեղեկությունների՝ նաև հովանավորողը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էր, իսկ այդ ֆորմատի բոլոր մասնակիցները, առանց բացառության, Հայրենիքի փրկության շարժման անդամներն էին, որը ղեկավարում էր Վազգեն Մանուկյանը, իսկ վերջինս էլ Քոչարյանի "անցումային վարչապետի" թեկնածուն էր։

Եվ ահա, միայն այս տարի առնվազն երկու կրեմլյան փորձագետ խոսեցին "միջանցքի" թեմայով՝ Սերգեյ Մարկեդոնովը, ապա Կոնստանտին Զատուլինը։ Խոսեցին, բայց ավելի լավ է լռեին հանուն Կրեմլի։ Որովհետև Կրեմլի ուղղությամբ մեղադրանքներն ավելի հիմնավորեցին։

Մինչ այդ՝ Ռուսաստանից ոչ մեկ, առաջին հերթին՝ Վլադիմիր Պուտինը, երբեք չկանխեցին "Զանգեզուրյան միջանցքի" ալիևյան մեկնաբանությունները, թեպետ պարտավոր էին դա անել շատ արագ ու ամենասկզբից, նրան հիշեցնելով նոյեմբերի 9-ի հայտարարության համապատասխան կետը, ու ի լուր աշխարհի հստակեցնելով, որ  այնտեղ միջանցք հասկացություն չկա, անգամ աշխարհագրական/վարչական շրջանի (Սյունիք, Զանգեզուր) հիշատակում չկա։ Չարեցին։ Չարեցին միտումնավոր։ Որովհետև հընթացս Զատուլինները Հայաստանի ներքաղաքական կյանքը սնուցում էին "հավաստի լուրերով"։ Չարեցին՝ հավատալով ու հույս փայփայելով, որ շրջանառության մեջ դրված այդպիսի լուրերը կգեներացնեն հանրային մեծ դժգոհություն ու ատելություն իշխանություններից, և ժողովուրդը, իր կամքից անկախ, իշխանության կբերի այն խմբին, որը տասնամյակներով Կրեմլի հենարանն է եղել Արցախում, ապա Հայաստանում։ 

Եվ միայն կրքերի շիկացումից հետո Ռուսաստանի փոխվարչապետը, ով ապաշրջափակման եռակողմ հանձնաժողովի ռուսաստանյան համանախագահն է, Երևանում, այն էլ՝ լրագրողների ճնշման տակ, ստիպված եղավ հայտարարել, թե "եռակողմ հանձնաժողովում միջանցքի հարցեր չեն քննարկվում"։ Իհարկե, հայկական կողմում ճիշտ են նրանք, ովքեր այս հայտարարությունը հիշեցնում են որպես Ռուսաստանի մեկնաբանություն ու դիրքորոշում․ եթե միջանցքի հարցեր հիշատակված լինեին նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, ապա բնականաբար կքննարկվեին հանձնաժողովում, եթե չեն քննարկվում, նշանակում է՝ չկա միջանցքի հիշատակում։ Սա, անշուշտ, ճիշտ է։ Բայց ուշադրություն դարձրեք ՌԴ փոխվարչապետի ձևակերպմանը․ չի ասվում, որ "միջանցքի հարցեր չեն կարող քննարկվել, քանի որ դրա մասին խոսք չկա", այլ ուղղակի ասվում է՝ "չեն քննարկվում"։

Ամիսներ առաջ Սիվիլնեթին տված հարցազրույցում ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը "բերանից թռցրեց", որ "միջանցքը նաև Ռուսաստանին է պետք"։ Ահա և սկանդալը․ ստացվում է, որ հետպատերազմյա Հայաստանի ներքուստ թուլացումը և Ադրբեջանի ագրեսիաները Հայաստանի վրա բխում են Ռուսաստանի շահերից, քանի որ Ալիևը ուժով, վախեցնելով միջանցք է ստեղծում։ Սա է բխում որպես եզրակացություն Մարկեդոնովի հայտարարություններից։ 

Հայաստանում մի քանի փորձագետիս կողմից սույն հարցազրույցին տրված գնահատականները բնականաբար չէին կարող անտեսված մնալ Ռուսաստանում, քանի որ ըստ էության հենց ռուս քաղաքագետներն էին բացահայտել գաղտնիքը, թե ինչու է Հայաստանը միայնակ ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի, ինչու ՀԱՊԿ-ը և Ռուսաստանը նրա կողքը չեն․ որովհետև միջանցքը պետք է նաև Ռուսաստանին, ասում է Սերգեյ Մարկեդոնովը։

Ու քանի որ "գաղտնիքն" այլևս բացահայտված էր հենց ռուս քաղաքագետի շուրթերով, Հայաստանում նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, ով "քոմփլիմենթար" քաղաքականության անվան տակ Ռոբերտ Քոչարյանի հետ միասին 10 տարի շարունակ "միութենականացրել ու ավելի բարձր և լայն ինտեգրել է" Հայաստանը Ռուսաստանի հետ, վերջինիս հանձնել Հայաստանի ռազմարդյունաբերական հսկաները, ռազմավարական ակտիվները, ով Արցախյան խնդրի կարգավորման "Մեղրիի", "Քիվեսթի" ու "Մադրիդյան" տարբերակներում պաշտոնապես իր, Ռոբերտ Քոչարյանի ու Հայաստանի անունից համաձայնություն է տվել "Ադրբեջանի ու Նախիջևանի հաղորդակցման միջանցքի" գաղափարին, հանկարծ հայտարարում է, որ Նիկոլ Փաշինյանը ոչ թե գրավոր, այլ բանավոր է խոստացել միջանցքը։ Ի՞նչ է սա, եթե ոչ Ռուսաստանի վրայից "միջանցքի շահագրգռության" թեման լվանալու, այն Հայաստանի վրա թողնելու տխրահռչակ ու անպատիվ փորձ․․․ 

Ռուսաստանին "միջանցքի ու Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի" թեմայից մաքրելու Օսկանյանի այս հախուռն, խուճապահար ու ողորմելի գործունեությունը լավագույնս համընկնում է նրա հետ, երբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ինքը ի լուր աշխարհի հայտարարեց, որ Հայաստանի դեմ իրականացվող ագրեսիայի հետևում կանգնած է Ռուսաստանը։ Մակրոնն ըստ էության շարունակել է Սերգեյ Մարկեդոնովի թեզը, որ միջանցքը Ռուսաստանին է պետք, հետևաբար Ալիևի գործողությունները բխում են Կրեմլի շահերից․․․ Եվ ահա, կրկին վարդան Օսկանյանը խուճապահար ևս մեկ հոդված է գրում, որտեղ շարունակում է պնդել, թե միջանցքը ոչ թե Պուտինի խոսոտումն է Ալիևին, այլ Փաշինյանի խոստումը Ալիևին։ Դեհ, "խեղճ" Պուտինն ինչ անի․ որպես "գործարքի քավոր" ոչինչ անել չի կարող․ եթե Հայաստանի ժողովուրդը ուզում է/որոշել է վերընտրել Նիկոլ Փաշինյանին, ուրեմն թող վերջինիս "բանավոր պայմանավորվածությունը կատարի", իսկ եթե դեմ է "բանավոր պայմանավորվածությունը կատարելուն", թող իշխանության բերեն Ռոբերտ Քոչարյանին, ով գոնե բանավոր խոստում չի տվել․․․ 

Ահա այս հակապետական խմբակի հետապնդած ռազմավարությունը․․․ Եվ ահա, ի լրացումն Վարդան Օսկանյանի՝ Կոնստանտին Զատուլինը կրկին հայտարարում է, թե "միջանցքի" թեմա նոյեմբերի 9-10-ի հայտարարության մեջ կա։ Նրան ու Վարդան Օսկանյանին միասնաբար "կարդալու" դեպքում ստացվում է՝ "միջանցքի խոստումը կա, միգուցե շատ ուղիղ չի գրված" /Զատուլին/, բայց "ուղիղ խոստումը տրվել է բանավոր" /Վարդան Օսկանյան/։ Ահա և ամբողջը։

Հարց է ծագում․ ինչո՞ւ են այսպես ոտուձեռ ընկել բոլորը․ միթե՞ Էմանուել Մակրոնի հայտարարություններն այդքան վտանագավոր են Ռուսաստանի ու Պուտինի համար։ Պատասխանեմ՝ այո, վտանգավոր են։ Ոչ միայն այն առումով, որ ըստ էության հայ հասարակությունն ու նրա ճնշող մեծամասնությունը ծափահարեցին Ֆրանսիայի նախագահին ճշմարտությունն ի լուր աշխարհի ասելու համար։ Ավելին, այս օրերին Իրանի ԱԳՆ նախարարը սկանդալային բացահայտում է արել, թե ինչպես է մեկ տարի առաջ ու այժմ Իրանն իր հերթին կանխել "միջանցքը ուժով" բացելու Ալիևի փորձը։ Սրան գումարվում է Ալիևի սեպտեմբերյան ագրեսիան կանխելու ԱՄՆ փաստը․․․ 

Այս ամենից հետո, հըթնացս կամ առաջ Ալիևը  Ասթանայում փորձում է փրկել Պուտինին, որպեսզի "փլուզի" իր և Պուտինի՝ ընդդեմ Հայաստանի միջազգային հանցավոր դավադրության մեղադրանքը։ Նա բառացիորեն հայտարարեց, թե սեպտեմբերի 13-ի ագրեսիան կանգնեցրել է Պուտինը, այսինքն՝ Պուտինը "միջանցքի" ու այն ուժով բացելու հարցում շահագրգիռ չէ, մի մեղադրեք նրան․․․ Բայց հավատացող չկա․ Իրանի ԱԳ նախարարը շարունակում է, որ անցած տարվա ագրեսիան էլ իրենք են կանխել, այսինքն՝ սեպտեմբերյանը առաջին դեպքը չէ․․․ ԱՄՆ կոնգրեսականներն էլ Երևանում են հայտարարում, որ այս սեպտեմբերի ագրեսիան իրենք են կանգնեցրել․․․ Այսինքն՝ կանխողների մեջ Պուտինը չկա․․․ Այսինքն՝ Պուտինը շահագրգռված չի եղել կանգնեցնելու մեջ թե առաջին, թե երկրորդ, թե երրորդ անգամ, այսինքն՝ Էմանուել Մակրոնը ճիշտ է․․․

Եվ այս "ռազբորկայում" Զատուլինը անհանգստացած, արդեն սկսում է Ռուսաստանի "շահագրգռությունը" մաքրել այլ կերպ․ "ոչ թե շահագրգռված ենք, այլ հենց այդպես է գրված նոյեմբերի 9-ի10-ի հայտարարության մեջ"։ Երեկ վարչապետ Նրիկոլ Փաշինյանը թվվիթերյան գրառումներով պահանջում է հայտարարության մեջ ցույց տալ այն դրույթը, թե որտեղ է գրված "միջանցք"։ Ավելին, մի քանի տաասնյակ հայ փորձագետների հետ հանդիպմանը, պատասխանելով Թաթուլ Հակոբյանի հարցին, հայտարարում է, որ Վարդան Օսկանյանը ստում է, թե միջանցքի բանավոր խոստում է տվել։

5-րդ շարասյունը արդեն հոգեվարքի մեջ է։ Այդ շարասյան կրեմլյան սմատրյաշչիները՝ նույնպես։ Զատուլինը Հայաստան է գալիս ու ուղիղ դեպի Քոչարյանի տուն, հետո հանդիպում Արցախի երկու նախկին նախագահներին՝ Արկադի Ղուկասյանին և Բակո Սահակյանին։ Փորձում է Ռուսաստանին "մաքրող" հայտարարություններ անել ընդդիմադիր հեռուստաալիքով։ 

Այս ամենը ժամանակային առումով համընկնում է նաև ևս մեկ պրոցեսի հետ՝ Մայր Աթոռում Վեհափառը "հանդիպեցնում է" 3 նախկին նախագահներին․․․ Արդեն կարծեք թե պարզ է դառնում, թե այս ամենը ինչ շղթայի մաս է․․․ Երկրորդ նախագահը խափանում է առաջին նախագահի՝ միասնականության ու պետական քաղաքականությանը թիկունք լինելու առաջարկությունը։ 

Սակայն օրերս շատ ավելի վատ բան է բացահայտվում․ պարզվում է, միասնականության խափանարարության միակ գործող անձը միայն Ռոբերտ Քոչարյանը չէ․․․ Համազգային միասնականությամբ խանդավառված չեն նաև հայոց երկու կաթողիկոսները՝ Էջմիածնում ու Անթիլիասում, ովքեր խորհուրդ չեն տալիս ՀՀ կառավարությանը այս պահին հայոց միաասնության նպատակ հետապնդող համահայկական համագումարի անցկացում․ "ճիշտ/լավ ժամանակ չէ", ասում են նրանք։ Պատկերացնո՞ւմ եք՝ ուրեմն համահայկական համախմբման լավ ժամանակը չէ, այժմ լավ ժամանակ չէ, որ աշխարհում Հայաստանին օգնել ցանկացող և ունակ հայերը հավաքվեն, այն էլ՝ 44-օրյա պատերազմից հետո առաջին անգամ, իսկ, ա՛յ,   միասնականացնելու նախաձեռնության ժամանակն է ՀՀ 3 նախկին նախագահներին ու Արցախի 2 ՀՀ նախագահներին, որոնցից բոլորը ժողովրդի մանդատն ստանալու հարցում պրոբլեմ են ունեցել․․․ Այսինքն՝ ոչ լեգիտիմներին միավորելու ժամանակն է, իսկ այ լեգիտիմ հայերին միավորելու ժամանակը չէ․․․ Տարօրինակ տրամաբանություն չէ՞։ Ես կասեի՝ մատնող է․․․

Միով բանիվ․ թերևս այս ամբողջը նաև պատմության համար ի ցույց են դնում նաև կայսերական մայրաքաղաքներում "հայամետ", "Արցախամետ" գործիչների, փորձագետների ֆոնեմենը։ Նրանք ոչ մի բանամետ էլ չեն․ նրանց հրահանգված/թույլատրված է կոնկրետ ուղղություններով՝ Հայաստան, թե Ադրբեջան, սիրտ շահող հայտարարություններ անել, ներդրվել այդ հասարակություններում ու դառնալ այդ երկրներում 5-րդ շարասյուների լոկալ սմատրյաշին կամ ոչ ֆորմալ գուբեռնատորը։ Սա գրում եմ, որ հանկարծ պատմության որևէ դասագրքում չգրվի՝ "մեծ հայասեր Զատուլինը"․․․․

Այս ամենը լավագույս է ցուցադրում, թե որքան "մեծ" են նրանք ու որքան "հայասեր"․․․

Դիմակները պատռված են պարոնայք, դուք այլևս մերկ եք․․․


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն