2023թ․ բյուջեում կրթության ու գիտության հատկացումներն ավելացել են, հավակնությունները՝ նվազել
2023թ․ բյուջեի նախագծով կառավարությունը նախատեսում է ԿԳՄՍ ուղղությամբ հատկացնել շուրջ 250 մլրդ դրամ, որի կեսից ավելին՝ ավելի քան 127 մլրդ դրամը, կուղղվի հանրակրթությանը։ Գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագրի համար 2023թ․ նախատեսվել է 29 մլրդ դրամ: Շարունակվելու է գիտական կադրերի աշխատավարձի աստիճանական ավելացումը։ Արդյո՞ք ֆինանսական հատկացումները բավարար են կրթության և գիտության բնագավառներում որակական փոփոխությունների հասնելու համար։ Որքանո՞վ են իրականացվել նախորդ տարվա սահմանված նպատակները և ի՞նչ ծրագրային փոփոխություններ կան բյուջեում։
2023թ-ի բյուջեի նախագծում կրթության ոլորտին ուղղվող հատկացումները հուշում են, որ կառավարությունը հրաժարվել է հավակնոտ ծրագրերից՝ կարծում է պետական ֆինանսական կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանը։ Պատճառն, ըստ նրա, նախորդ տարիներին ամրագրված հավակնոտ ծրագրերի ուղղությամբ հաջողություններ չգրանցելն է։
«Բյուջետային փաստաթղթերում ներառվող ոչ ֆինանսական ցուցանիշները ցույց են տալիս, որ կառավարությունը ավելի քիչ հավակնոտ է դառնում, այսինքն, եթե նախկինում ավելի հավակնոտ ծրագրեր էր սահմանում և հաջողությամբ չէր հասնում դրանց, ապա այլևս այդքան հավակնոտ չէ»։
Կառավարության այս տարվա նախագծում մի շարք փոփոխություններ են կատարվել։ Նախորդ տարիներին, օրինակ, կառավարությունը նպատակ էր սահմանել, որ տարրական դպրոցն ավարտելիս ընթերցանությունից և մաթեմատիկայից գիտելիքների նվազագույն մակարդակ ձեռք բերած սովորողների համամասնությունը 2024-ին 86, 8 տոկոսից պետք է հասնի 100 տոկոսի, իսկ հիմնական դպրոցն ավարտելիս՝ 87, 7 տոկոսից 100-ի։ Այս տարվա նախագծում այդ ցուցանիշները բացակայում են, կառավարությունը հրաժարվել է այդ նպատակներից։ Մեկ այլ կետով վերապատրաստված ուսուցիչների մասնաբաժինը 0 տոկոս էր գնահատվել և նպատակ էր սահմանվել՝ 2024-ին հասնել 45 տոկոսի։ Այս նպատակից ևս կառավարությունը հրաժարվել է։
Արտակ Քյուրումյանը
2023թ-ի բյուջեում կրթության ծգով ամենամեծ հատկացումը՝ ավելի քան 127 մլրդ դրամ, ուղղվելու է հանրակրթությանը։ Քյուրումյանի խոսքով՝ միայն հատկացումներն և բյուջեն ավելացնելը բավարար չեն, ավելին՝ որոշ կետերում փոփոխությունները հակասում են պետական ֆինանսական կառավարման հատվածում կատարվող փոփոխություններին։
«Պետական ֆինանսական կառավարման բնագավառում արդեն մոտավորապես 20 տարի ներդրվում է ծրագրային բյուջետավորումը։ Դրա ամբողջ տրամաբանությունն այն է, որ միացվում են ֆինանսական և ոչ ֆինանսական ցուցանիշները, և տարբեր ծրագրերի կառավարիչներ պատասխանատվություն են կրում ինչպես ոչ ֆինանսական ցուցանիշների, այնպես էլ ֆինանսականի համար։ Այդպիսով հնարավորություն են ստանում գնահատել ծրագրերի արդյունքները և արդյունավետությունը։ Օրինակ, մեկ միավոր ապրանք կամ ծառայություն մատակարարելու համար որքա՞ն գումար է ծախսվել։ Հանրակրթությունում, օրինակ, երկու տնօրենի ինստիտուտը ստեղծելով, հակառակն են անում, առանձնացնում են ֆինանսական կառավարումը, և արդյունքում կառավարման բնագավառում խնդիրներ են առաջանալու, որովհետև արդյունքը կախված չէ ֆինանսավորումից, և ֆինանսավորումը արդյունքի հետ կապ չունի»։
2018թ-ից ի վեր պետբյուջեում, որպես հանրակրթության ծրագրի վերջնարդյունքի գնահատում ընդգրկվում է 3 հիմնական ցուցանիշ՝ պարտադիր կրթության առաջին ու երկրորդ մակարդակում և 12-ամյա պարտադիր կրթության համակարգում ընդգրկվածությունը։ Եթե նախորդ տարիներին կառավարությունը սահմանել էր 90-91 տոկոսի հասնող ընդգրկվածությունը հասցնել 99 տոկոսի, ապա այս տարի այդ շեմը նվազել է՝ հասնելով 95 տոկոսի։ Քյուրումյանը բացատրում է, թե ինչ է նշանակում այս նվազումը։
«Եթե առաջ ասում էին, որ երեխաների 99 տոկոսը դպրոց է հաճախելու, հիմա ասում են, որ առաջին մակարդակում ընդամենը 95 տոկոսին ենք հասնելու․ նշանակում է՝ տարրական դպրոցահասակ երեխաների 5 տոկոսը դպրոց չի գնալու»։
Կառավարությունը գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագրի համար 2023թ․ նախատեսել է 29 մլրդ դրամ: Շարունակվելու է (ՀՀ կառավարության N 747-Լ որոշմամբ 2022-2025 թթ) գիտական կադրերի աշխատավարձի աստիճանական ավելացումը։ «Գիտուժ» նախաձեռնության անդամ Գևորգ Սաֆարյանի խոսքով` որակական փոփոխությունների հասնելու համար նախ անհրաժեշտ է հստակեցնել՝ ինչ փոփոխությունների ենք ձգտում։ Ըստ նրա՝ գիտության բնագավառը տարիներ շարունակ թերֆինանսավորվել է, ուստի հիմա ցանկացած փոփոխություն դրական է դիտարկվում։
Գևորգ Սաֆարյանը
Նախաձեռնությունը, սակայն, նպատակների և ռեսուրսների նպատակային ծախսերի հստակություն չի տեսնում։ Սաֆարյանի դիտարկմամբ՝ մեծ ներդրումների անհրաժեշտություն առաջնահերթորեն կա պաշտպանական գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքներում ։
«Այս ամենը մեր պատկերացրած և մեր տեսած խնդիրները չի լուծում։ Այս փոփոխությունները կիսաքայլեր են, որոնք խնդրի լուծմանը չեն հանգեցնելու և ամենակարևորը՝ շուտափույթ լուծմանը, որովհետև բազմիցս նշվել է մեր խնդիրների մասշտաբայնության մասին, որը հնարավոր չէ լուծել առանց համարձակ քայլերի և համարձակ ծրագրերի»։
Կառավարության 2023թ․ բյուջեի նախածով նախատեսվում է ԳԱԱ 95 անդամների պատվովճարների տրամադրում, պետական գիտական ծրագրերում ընդգրկված` գիտական աստիճան ունեցող 618 գիտության դոկտորների և 1550 գիտության թեկնածուների գիտաշխատողներին հավելավճարների տրամադրում, նաև գիտական և գիտատեխնիկական նպատակային-ծրագրային հետազոտությունների համար միջոցների հատկացում:2023 թ.-ին իրականացվելու է 2 նոր միջոցառում՝ գիտական կենտրոնների վերանորոգումը և վերազինում ու համատեղ օգտագործման գիտական սարքավորումների կենտրոնների ստեղծում: Գևորգ Սաֆարյանը հիշեցնում է՝ նախորդ տարի հատկացված 25 մլրդ-ից ընդամենը 1 մլրդ-ն է ծախսվել նոր ծրագրերի համար։
«Աշխատավարձերն այնքան ցածր են, որ այդ փոփոխությունները թվում է, թե մեծ տոկոս են կազմում, բայց դրանք դեռ բավարար չեն։ Անցած տարվա ծրագրերի մեջ 2,5 մլրդ դրամի ծրագրեր կար, որոնք պետք է Եվրամիության կողմից ֆինանսավորվեին՝ ենթակառուցվածքների բարելավման և գերազանցության կենտրոնների ստեղծման համար, բայց չեն իրականացվել»։
Կրթության և գիտության ուղղությամբ բյուջեի հատկացումներին հետևող փորձագետներն արձանագրում են՝ ֆինանսական ավելացումները որակական փոփոխությունների կարող են բերել միայն նպատակների հստակեցումից և համարժեք քայլերի նախաձեռնումից հետո։