ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ընտրությունների արդյունքները դեռ ամփոփված չեն, սակայն վերլուծական կենտրոններն արդեն կանխատեսում են հանրապետականների հաղթանակը։ Հեղինակավոր NBC հեռուստաալիքը,  The New York Times-ը, The Wall Street Journal-ը գրում են հանրապետականների՝  մի քանի ձայնի առավելությամբ  հաղթանակի մասին։ Ներկայացուցիչների պալատի 435 տեղի համար պայքարում հաղթող համարվելու համար անհրաժեշտ է ունենալ 218 տեղ ։ Ներկայումս ներկայացուցիչների պալատում դեմոկրատներն ունեն 220 տեղ, հանրապետականները՝  212 ։ Ի՞նչ ազդեցություն կունենան ամերիկյան ընտրությունների արդյունքները այսօր ընթացող գլոբալ հակամարտությունների և փոքր պետությունների վրա։

Միջանկյալ ընտրություններով ամերիկացիներն ընտրում են Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամներին, ձևավորում սենատի մեկ երրորդը, ինչպես նաև մի շարք նահանգապետների։ Այս պահին դեռ  Կոնգրեսի երկու պալատներում էլ մեծամասնություն են դեմոկրատները՝ նախագահ Ջո Բայդենի կուսակիցները, ինչը որոշ չափով հեշտացնում է Բայդենի գործը։ Հանրապետականների հաղթանակի դեպքում,  ըստ ամերիկագետ Սուրեն Սարգսյանի, դժվարություն կառաջանա Սպիտակ Տան ու Կոնգրեսի հարաբերություններում։

«Սա լուրջ խնդիրներ է ստեղծելու գործող նախագահի համար, որը առաջիկա երկու տարվա ընթացքում բարդություններ է ունենալու իր օրակարգը սպասարկելու համար, իր կողմից նախաձեռնված իրավական ակտերն անցկացնելու համար, և պետք է գիտակցել, որ հաջորդ նախագահական ընտրություններին ընդառաջ լուրջ բարդություններ է ստեղծելու դեմոկրատների համար։ 

Սենատում թվերը գրեթե հավասար են, և լուրջ մրցակցություն կա նաև Սենատի համար։ Տեսնենք, թե  ինչպես կավարտվի»։

Սենատի ընտրություններում  Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի տևական ջանքերի արդյունքում հաջողվել է խափանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մտերիմ քաղաքական գործիչ, ազգությամբ թուրք և Թուրքիայի քաղաքացի Մեհմեդ Օզի ընտրությունը որպես ԱՄՆ Սենատի անդամ, տեղեկացնում է ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակը։ Գործը հաջողել են Ամերիկայի հունական, հրեական, քրդական համայնքային կազմակերպությունների հետ միասնական աշխատանքով։

Նշվում է, որ Օզը, բացի թուրքական իշխող վերնախավի հետ իր անթաքույց կապերից, հայտնի է նաև որպես Հայոց ցեղասպանությունը ակտիվորեն մերժող գործիչ։ Մեհմեդ Օզի ընտրվելը որպես սենատոր, էական խոչընդոտներ կարող էր հարուցել ինչպես Ամերիկայի հայ համայնքի, այնպես էլ հայ-ամերիկյան հարաբերությունների համար։ Այս հարցում որոշակի զգուշավորություն ուներ նաև Սուրեն Սարգսյանը․

«Սենատորի թեկնածուներից մեկը ազգությամբ թուրք Մեհմեդ Օզն է, որը Էրդողանի բարեկամական շրջապատից է և լավ կապեր ունի և ԱՄՆ պատմության մեջ երևի առաջին օտարերկրյա գործիչն է, որ ծառայել է նաև Թուրքական բանակում»։

«Հայ դատի Ամերիկայի կենտրոնական գրասենյակը, էական աշխատանք է տարել ընտրողների համար բացահայտելով Օզի իրական կապերը, քաղաքական ծագումը և անհամապատասխանությունն ամերիկյան քաղաքական մշակույթին, լայնորեն օգտագործվել են սոցիալական մեդիայի հնարավորությունները, ինչի արդյունքում Օզի իրական նպատակներն ու անցյալը ներկայացնող տեսահոլովակը կարճ ժամանակահատվածում հավաքել է միլիոնավոր դիտումներ։ Նրա դեմ բողոքի ցույցեր են նաև կազմակերպվել, տեղեկացնում է ՀՅԴ ամերիկյան կենտրոնական գրասենյակը։

Օզի փոխարեն Փենսիլվանիայի ընտրությունների արդյունքում  այդ նահանգից ընտրվել է Հայ դատի հանձնախմբի համակրանքը վայելող Ջոն Ֆեթերմանը։ Նա հայտնի է իր հայամետ դիրքորոշմամբ։

ԱՄՆ կոնգրեսի ընտրությունների նախնական արդյունքներն հրապարակվում են, սակայն էական են ազդեցիկ նահանգներում ընտրությունների արդյունքները, որոնք էլ կլինեն վճռորոշ։

«Լույս» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքական վերլուծաբան  Հայկ Այվազյանը կարևորում է ոչ թե ընտրությունների արդյունքը այլ ամերիկյան քաղաքականությունը, որն անփոփոխ է։

Այսօր գլոբալ առճակատում է Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև և հանրապետականների ու դեմոկրատների տարբերությունն ընդամենը նպատակին հասնելու ճանապարհին մոտեցումների տարբերությունն է, ասում է վերլուծաբանը․

« ՌԴ-ին ձեռնտու է, որ ԱՄՆ-ում հաղթեն դեմոկրատները, որոնք կողմնակից են Ռուսաստանի հետ ավելի սուր հակամարտության մեջ մտնելուն։ Ինչու՞ է դա ձեռնտու ՌԴ-ին։  Որովհետև որքան հակամարտությունը սուր լինի, այնքան ՌԴ իր ինքնիշխանության լիարժեք վերականգնման  պրոցեսը արագ կավարտի, քան եթե օրինակ՝ գան հանրապետականները, որոնք թվացյալ փորձեն մեղմել ՌԴ-ի հետ կոնֆլիկտը, որպեսզի առիթ չտան իր ներքին ինքնիշխանության   բարեփոխումներն արագացնելու , ժամանակ շահեն, ՌԴ-ում ներքին բարեփոխումների պրոցեսները դանդաղեցնեն, որն ի վնաս Ռուսաստանի է աշխատելու և ի վերջո մի քանի տարի հետո հասնեն իրենց նպատակին, որն այսօր ունեն՝ Ռուսաստանի չգոյության»։

ԱՄՆ անում է հնարավորը միջուկային ճգնաժամից խուսափելու համար, սակայն որքան սրվի իրավիճակը, այնքան ավելի լավ Ռուսաստանի համար, քանի որ միջուկային ճգնաժամ կառաջանա, բացատրում է Հայկ Այվազյանը։

« 1962 թվականին Խորհրդային Միությունը իր ստասուսը աշխարհում  որակապես բարձրացրեց, երբ հաղթանակ տարավ Կարիբյան ճգնաժամում, այսինքն՝ միջուկային ճգնաժամ տեղի ունեցավ ու ՄՆ–ը զիջեց և ԽՄ-ը դարձավ երկրորդ բևեռ։ Նույն վիճակն այսօր է, Ռուսաստանի ռազմական հզորության 95 % միջուկային զենքն է, մնացածը՝ թնդանոթներ, ավտոմատներ 5 % է, հետևաբար ԱՄՆ-ին Ուկրաինայի տարածքում հաղթել հնարավոր չէ»։

Գլոբալ զարգացումներն ուղիղ ազդեցություն ունեն նաև մեր տարածաշրջանի ու, մասնավորապես, Հայաստանի վրա, և պետք է հասկանալ, որ Եվրասիական տարածքում լուրջ հակասություններ ունեն Ռուսաստանն ու Թուրքաիան Այս երկրները ամեն տեղ են մրցում և թվացյալ է Մոսկվայի ու Անկարայի միջև համագործակցությունը կարծում է  Հայկ Այվազյանը։ Ըստ վերլուծաբանի՝ Փոքր պետությունների համար գլոբալ խաղացողների հակամարտությունը՝ իրենց լինել-չլինելու հարցն է,իրենց  գոյության խնդիրը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն