Ռուսաստանը, խախտելով Մինսկի խմբի իր պարտավորությունները, որով միջնորդ երկրները չպետք է խախաղաղապահներ ուղարկեին Արցախ, կողմնակալ մոտեցում է ցուցաբերել 2020թ.
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2022թ. ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում հասկանալի է դառնում, որ 2020 թ. 44-օրյա պատերազմը եւ նոյեմբերի 9-ի հայտարարությունը «նախերգանք» էին աշխարհաքաղաքական հսկա փոփոխությունների, եւ, որ վերջիններս ռուս-թուրքական դավադիր գործարքի բաղկացուցիչներ էին, որոնց արդյունքում Ռուսաստանը պետք է ցամաքային կապ հաստատեր Թուրքիայի հետ եւ Թուրքիայի բարյացակամությունը նվաճեր Սեւ ծով - Հարավային Կովկաս հատվածում:
Այսպիսով Ռուսաստանը իր պաշտոնական դաշնակցի՝ Հայաստանի շահերը, որպես մանրադրամ, օգտագործեց եւ Ռուսաստանի պաշտպանության նախարար Շոյգուի խոսքերով ասած' «հաջող թուրք-ռուսական գործողություն իրականացվեց»: Արցախի կարգավիճակը նոյեմբերի 9-ի տխրահռչակ հայտարության հետեւանքով դարձավ օկուպացված տարածք` Սոչիի հայտարարության ռուսական տերմինով ասած' «զոնա»:
Հիշենք, որ 1920 թ. օգոստոսի 10-ի ռուս-հայկական պայմանագրի համաձայն, այն օկուպացվել էր ռուսական զորքերի կողմից, եւ ըստ այդ պայմանագրի նրա հետագա ճակատագիրը պետք է որոշվեր երկկողմանի բանակցությունների հիման վրա, սակայն 1920 ռուս-թուրքական օկուպացիայի հետեւանքով եւ 1921 թ. Մոսկվայի եւ Կարսի ապօրինի պայմանագրերով եւ բոլշեվիկյան կուսակցական որոշումներով այն կցվեց Ադրբեջանին: 1990- ական թթ. Արցախը դեօկուպացվեց հայկական զինված ուժերի կողմից, երբ ռուսական օկուպացիոն զորքերը հեռացան: Եւ կրկին այն օկուպացվեց 2020թ. նոյեմբերի 9-ի կապիտուլացիոն հայտարարության եւ Լավրովի պլանի համաձայն:
Ներկայումս օրհասական հարցը Արցախի բնակչության ֆիզիկական անվտանգության հարցն է, որը ամեն պահ վտանգվում է, եւ ամեն պահ այնտեղի բնակչությունը կարող է հայտնվել ռուսական զորքերի կողմից լքված վիճակում, ինչպես Սյունիքի բնակավայրերը հայտնվեցին 2022 թ. սեպտեմբեր ամսին: Հայաստանի Հանրապետության ո՛չ մի իշխանություն իրավունք չունի հրաժարվել Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելուց, որովհետև այդ մարդիկ ՀՀ քաղաքացիներ են և պետությունը չի կարող հրաժարվել իր քաղաքացիների անվտանգությունը ապահովելու պարտականությունից։ Խնդրի լուծումը ՄԱԿ-ի լիազորությամբ միջազգային խաղաղապահ ուժերի մուտքն է հայ-ադրբեջանական շփման գիծ:
Ռուսաստանը, խախտելով Մինսկի խմբի իր պարտավորությունները, որով միջնորդ երկրները չպետք է խախաղաղապահներ ուղարկեին Արցախ, կողմնակալ մոտեցում է ցուցաբերել 2020թ. նոյեմբերի 9-ին: 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության այն կետերը, որոնք վերաբերում էին գերիների ազատմանը եւ դիրքերի անփոփոխությանը, խախտվել են հենց Ռուսաստանի եւ Ադրբեջանի կողմից , իսկ քանի որ այդ փաստաթուղթը ամբողջության մեջ է գործում, ուրեմն պետք է դիտարկվի առ ոչինչ:
Ազգային ժողովրդավարական Բևեռի խորհուրդ
Ք.Երևան, 09.11.2022թ