Մի բան, որ Հայաստանում բացակայել է գործնականում երեք տասնամյակ. Հակոբ Բադալյան
Հիմա, դեկտեմբերի 3-ին «բնապահպանական» պատրվակով Լաչինի միջանցք փակած Ալիեւին «խրախուսողը» Մոսկվա՞ն էր, թե՞ Վաշինգտոնը, որի Կովկասի հարցերով գլխավոր բանակցողը դրանից մի երկու օր առաջ Բաքվում էր եւ Ալիեւի հետ հանդիպումից հետո ուղերձ էր հղել, որ, ամեն անգամ Բաքվում լինելով տեսնում է, թե ինչ մեծ հնարավորություններ կան Կովկասի համար:
Ի դեպ, Լաչինի միջանցքը փակվեց, երբ Ռիքերը Երեւանում էր:
Բարդություն չէ կառուցել թե «ռուսական խրախուսանքի», թե՞ «վաշինգտոնյան խրախուսանքի» վարկած: Թե իրավիճակի գնահատման, թե նաեւ «ճաշակի» հարց է:
Եվ ո՞րն է լինելու իրավացի: Թե իրականում ի՞նչն է խնդիրը, Հայաստանում կիմանա թերեւս մեկ, երկու կամ երեք-չորս մարդ, գուցե մեկ-երկուսն էլ Արցախում, բնականաբար իշխանության մակարդակում:
Իսկ հանրային մակարդակում կշարունակվի «աշխարհաքաղաքական ճաշակի» կամ «համակրանքի կռիվը»: Եվ դա ձեռնտու է ոչ միայն աշխարհաքաղաքական այն ուժերին, որոնց բոլորի համար էլ հայ-ադրբեջանական հակամարտությունն ու ղարաբաղյան հարցը միջոց է, գործիք, այլ նաեւ թե քաղաքական մեծամասնությանը, թե քաղաքական դաշտի մյուս դերակատարներին: Որովհետեւ այդ «կռիվը» թուլացնում է նրանց քաղաքական պատասխանատվության աստիճանը:
Ոչ քաղաքական՝ հասարակական, քաղաքացիական, մեդիա, փորձագիտական ինստիտուցիոնալ կառույցների դերը պետք է լինի հանրային դիսկուրսը այդ «ճաշակի» կամ «համակրանքի» կռվից դուրս բերելը եւ հնարավորինս բազմակողմ քննարկումների դաշտ ձեւավորելը, որպեսզի դրանով նաեւ բավականին հստակեցվի քաղաքական դերակատարների պատասխանատվության դաշտը՝ թե իշխանության գտնվողների, թե իշխանության ձգտողների:
Մի բան, որ Հայաստանում բացակայել է գործնականում երեք տասնամյակ:
Գործնականում, ըստ իս, թե Մոսկվան, թե Վաշինգտոնը, միաժամանակ խրախուսող են եւ խրախուսող չեն: Խրախուսող չեն ուղիղ իմաստով՝ որովհետեւ քաղաքականությունն ըստ իս ձեւավորվում եւ իրականացվում է փոքր ինչ այլ բնույթով, եւ «խրախուսող» են պատկերավոր առումով, որովհետեւ երկուսն էլ, եւ մնացյալ մի շարք խոշոր դերակատարները, աշխատում եւ գործում են իրենց շահի, իրենց ռազմավարության, իրենց ազդեցության համար:
Ու այդ մրցակցությունը ստեղծում է միջավայր, որն Ադրբեջանին թույլ է տալիս ապավինել ռազմա-քաղաքական բալանսի այն առավելությանը, որն ունի: Այդ մասին օրինակ նախօրեին խոսել եմ նաեւ Ազատություն ռադիոկայանի Կիրակնօրյա թողարկմանը:
Ի տարբերություն մեզ, Ադրբեջանի «բալանսային առավելության» բաղադրիչ է նաեւ հենց «ճաշակի կռվի» բացակայությունը: Իհարկե դա ալիեւյան դիկտատուրայի հետեւանք է, եւ ամենեւին կոչ չեմ անում Հայաստանում էլ հարցը լուծել այդ կերպ, առավել եւս, որ Հայաստանը չունի էլ այդ կերպ հարց լուծելու ռեսուրս: Բայց, երբ մենք ասում ենք, որ մեր «նավթն ու գազը» մարդիկ են, պետք է հասկանանք, որ այդ մարդկային ռեսուրսը «մսխվում» է Արեւմուտք, թե Ռուսաստան «կռվում»: Ընդ որում, կրկնեմ նաեւ, որ այդ խնդրի եւ այդ «կռվից» դուրս գալու հանրային-քաղաքական անհրաժեշտության մասին խոսում եմ 2016-ի ապրիլյան քառօրյայից ի վեր: