Մեր պետականության մասին միայն քպ-ական պատկերացումներն իրավունք չունեն պարտդրվելու ողջ ազգին. Լիլիթ Գալստյան
«Երեկ Հանրապետության հրապարակում ինքնամոռաց տոն էր: Հանրապետական նշանակության եզակի ճարտարապետական հուշարձանը սեփական պետության պատվերով և կազմակերպմամբ խոշտանգվել էր հազարավոր խորշերով ու հուշարձանի բաց վերքերի վրա կրկեսային վաղանցուկ երջանկության դիմակ էր: Երկնքում էլ էր ցնծություն. ականների պայթյուն ու ֆոսֆորային զենքի թափվող անձրև հիշեցնող հրավառությունն իջնում էր Երևանի վրա, լուսավորելով Եռաբլուրը»: Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:
«Իսկ երկու ամիս առաջ և հիմա էլ պատերազմ է՝ անթաղ դիերով, խոշտանգված սահմաններով: Գուցե, հազարավորների նման, ես էլ այսքան դառնացած չընկալեի, եթե բանակցողը չխոստովաներ, որ այս իրականությունից «ցեղասպանության տպավորություն է ստացվում և Հայաստանը մենակ է ողջ աշխարհի դեմ»:
Ի դեպ, ադրբեջանցիների կողմից Արցախի օկուպացված տարածքներում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման առնչությամբ ամիսներ առաջ նամակ եմ հղել ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին և ստացել մի օր մշտադիտարկում կկազմակերպենք անիմաստ մի պատասխան: Կոռուպցիոն խայտառակ սկանդալով վարկաբեկված ՅՈւՆԵՍԿՕ-ից առանձնապես ակնկալիք չունեմ: Ավաղ, ակնկալիք չունեմ նաև մեր լիազոր մարմնից, երբ նախարարը՝ երեսպաշտ դիլետանտի համոզումով արդարացնում է հանցագործությունը՝ բարձրաձայնելով, թե ծակերը մի օր կլցնեն:
Դիլետանտիզմն ամենուր է. տապալումներ բոլոր ոլորտներում, սուտ, բարոյական և իրավական հատված սահմաններ: Եվ ոչ մի պատասխանատվություն:
Խաղաղության դարաշրջանի քպ-ական պատկերացումն ու բանակցային զրո կետը անդառնալիորեն ողբերգական գին ունեցան:
Ֆրանսիայի սենատի բանաձևն եկավ ապացուցելու, որ սուտ է նաև այս ամբիոնից հնչեցրած նշաձողն իջեցնելու միջազգային պահանջը:
Չի կարող ԵԱՀԿ վեհաժողովում ֆրանսիացին խոսել Ադրբեջանի ցեղասպանական նկրտումների, ռազմական հանցագործությունների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին, իսկ քաղաքական մեծամասնությունը, որն ուրացել է ինքնորոշման իրավունքն ու իր խոսույթից վաղուց ջնջել Արցախի Հանրապետություն բառակապակցությունը, Արցախի հիմնախնդիրը դիտարկել սոսկ որպես հումանիտար խնդիր:
Ըստ էության, դիվանագիտական սնանկ կուրսի արդյունքում նաև հակամարտության կարգավորման միջազգայնորեն ճանաչված միակ՝ ԵԱՀԿ ձեւաչափն է փոշիացվել:
Ի վերջո, Լավրովի և մյուսների հայտարարությունները, ինչպես նաև Ալմա-Աթիի հռչակագրի խեղված մեկնաբանությունները, Պրահայի արձագանքները գալիս են հաստատելու Արցախից հրաժարվելու մաքուր փաշինյանական վարքագիծը:
Քիրվայական այս խաղաղությունը մեկ նպատակ ունի՝ ամեն գնով պահել իշխանությունը: Ու սրա համար թանկ ենք վճարելու բոլորս:
Ի դեպ, թուրքական խաղաղությունը պատմություն ունի: Բաթումիի հաշտությունից քառասուն օր անց Էջմիածնի պատերի տակ թնդանոթներ էին որոտում, հնչում էին Սևանը հայերի դիերով լցնելու խոստումներ:
Սիրելի հայրենակից, մեր պետականության մասին միայն քպ-ական պատկերացումներն իրավունք չունեն պարտդրվելու ողջ ազգին»: