Միջազգային կոնվենցիաների շրջանակում Թուրքիային և Ադրբեջանին հայկական կողմը կարող է ենթարկել միջազգային պատասխանատվության` օգտագործելով միջազգային դատական ատյանները։ Միջազգային դիվանագիտությունում մեկ գործողությամբ ակտեր չեն կայացվում, սակայն գործողությունների փաթեթով հնարավոր է կոնկրետ արդյունքի հասնել` ասում է միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Տարոն Սիմոնյանը։   

Ցավոք, Ադրբեջանն առավել հմուտ է գտնվել առկա գործիքներն օգտագործելու առումով և, ծառայեցնում է միջազգային հանրության և միջազգային իրավունքի հնարավորություններն իր օգտին` կարծում է փաստաբանը։ Ըստ նրա` հայկական կողմն առկա հնարավորությունները ոչ միայն չի օգտագործել, այլև անտեսում է դրանք։

«Եթե ՄԱԿ-ի փաստաթղթերում կամ միջազգային կոնվենցիաներում մարդկությանն ուղղված, մարդասիրական գաղափարներն արտահայտող իրավական դրույթներ են գրվել, ապա դրանք պետք է կիրառել` հայկական շահն առաջ տանելով, բայց դրանք ինքնաբերաբար չեն կենսագործվում, դրա համար պետք է աշխատանք տարվի, անհրաժեշտ է գործարկել այդ մեխանիզմները»,- նշում է Տարոն Սիմոնյանը։

Միջազգային իրավունքի մասնագետը շեշտում է, որ «Ռասսայական խտրականության բոլոր ձևերի արգելքի» վերաբերյալ կոնվենցիայի շրջանակում հայկական կողմը դիմել է ՄԱԿ-ի միջազգային դատարան, բայց կան բազմաթիվ այլ հիմքեր  էլ, որոնցով հնարավոր է պատասխանատվության ենթարկել Բաքվին՝ վարձկանների օգտագործման, պատանդներ վերցնելու, ատելության ֆինանսավորման արգելքներ։ Այս ուղղությամբ աշխատանքը հարկավոր է ակտիվացնել՝ ասում է վերլուծաբանը։

Ադրբեջանին հակազդելու գործուն մեխանիզմներից մի քանիսը թվարկելով՝ «Ռադիոլուր»-ի զրուցակիցն առաջարկում է չգործել՝ սպասելով հետևանքին, այլ գործել` նկատի ունենալով հետևանքը ի հայտ գալու համոզմունքը։ «Երեկվանից փակ ճանապարհը վկայում է Արցախի նկատմամբ Ադրբեջանի վարած էթնիկ զտումների և մարդասիկարական աղետներ ստեղծելու  քաղաքականության մասին, հետևաբար ՄԱԿ-ի դատարանում «Ռասսայական խտրականության բոլոր ձևերի արգելքի» կոնվենցիայի համատեքստում ընթացող դատական գործի  շրջանակում Հայաստանի կառավարությունը կարող է նոր գրությամբ կոնկրետ դեպքով  նշել, որ շարունակվում է Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների քաղաքականությունը Արցախում և, փաստորեն,  նախկինում միջազգային անկախ դատարանի կայացրած միջանկյալ որոշումը Բաքուն չի կատարել  և անտեսում է։ 

Բացի դրանից՝ ՄԱԿ-ում Հայաստանի դեսպանը կարող է հայկական կողմի դիրքորոշումը ներկայացնող փաստաթուղթ շրջանառել, որպեսզի ՄԱԿ-ի անդամ պետությունները և ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը տեղեկացված լինեն` այս պահի դրությամբ, փաստացի, ցեղասպանության քաղաքականության ակտերից մեկի իրականցման վերաբերյալ»,- նշում է Տարոն Սիմոնյանը։ Ըստ նրա` միջազգային հանրություն կոչվող միջազգային կազմակերպությունները, այդ թվում դատական, ինքնաշխատ չեն, դրանց պետք է գործի դնել, միջազգային իրավունքը ևս։ Իրավունքը որևէ արժեք չի ավելացնում մեր կյանքում, եթե մենք չենք ձգտում արժանապատվության, միայն արժանապատիվ մարդն ու արժանապատիվ հասարակությունը կարող են միջազգային իրավունքի հնարավորություններն օգտագործել ի շահ իրենց` կարծում է միջազգային իրավունքի մասնագետը։ 


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն