Ընդդիմությունն առաջարկում է զոհվածների ընտանիքների սոցիալական երաշխիքներն ամրագրել օրենքով․ օրինագիծը կքննարկվի 2 ամիս անց
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում այսօր քննարկվել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի հեղինակած նախագիծը, որով առաջարկվում է սոցիալական երաշխիքներ ներդնել զոհված զինծառայողների ընտանիքների համար։ Պատգամավորը կարծում է, որ այդ երաշխիքները պետք է ամրագրվեն օրենքով։ Խորհրդարանական մեծամասնությունը նախաձեռնությանը դեմ չէ, բայց առաջարկվող մեխանիզմները թերի է համարում։
Ազգային ժողովում պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստը սկսվում է ընդդիմության ահազանգով․ վաղ առավոտյան իրավապահները խուզարկել են «Դիմադրություն» շարժման դաշնակցական մի քանի անդամների տները։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նիստին ներկա ոստիկանապետի տեղակալի Արթուր Մարտիրոսյանի ուշադրությունն է հրավիրում ահազանգի վրա։
«Ոստիկանները հատուկ նշանակության ջոկատներով, կարծես հերթական դիվերսանտներին էին հայտնաբերում, վաղ առավոտյան ժամը 7-ին մտել են նաև Արարատի մարզի մեր կառույցի ղեկավար, Ազգային ժողովի աշխատակից Գերասիմ Վարդանյանի տուն և խուզարկություններ են իրականացրել, չնայած նրան, որ մանկահասակ երեխաներ են եղել։ Մեր բազմաթիվ ընկերներ բերման են ենթարկվել ոստիկանական բաժանմունքներ»,– ասում է Գեղամ Մանուկյանը։
Ավելի ուշ Քննչական կոմիտեն հաստատեց՝ քրեական վարույթի շրջանակում խուզարկություններ են իրականացվել մի քանի անձանց առնչվող հասցեներում, քննչական գործողությունները շարունակվում են։ Ըստ ՔԿ-ի՝ վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը»։ Այլ մանրամասներ իրավապահ կառույցը չի տրամադրել՝ «ելնելով նախաքննության շահերից»։
Ի դեպ, Գեղամ Մանուկյանը, հանձնաժողովի նիստին չմասնակցեց։ Ասաց, որ թեև օրակարգում կարևոր նախագիծ է, բայց ստիպված է լքել նիստը։
«Ստիպված եմ լինելու մեկնել Արարատի մարզ բերման ենթարկված մեր ընկերներին տեսակցելու համար և փորձել գոնե ինչ–որ կերպ խոչընդոտել իշխանությունների քաղաքական խայտառակ հետապնդումները»։
Իսկ նախագիծը, որը հանձանաժողովի նիստի օրակարգում էր, ընդդիմադիր պատգամավորների կարծիքով, հանրությանը կսովորեցնի ճիշտ ապրել։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն առաջարկում է սոցիալական երաշխիքներ ստեղծել հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողի ընտանիքի անդամների համար։ Կառավարության տարբեր որոշումներով զոհվածների ընտանիքներն օժանդակություն ստանում են, բայց մեխանիզմները պետք է ամրագրվեն օրենքով ու ինստիտուցիոնալ հարություն տեղափոխվեն՝ շեշտում է ընդդիմադիր պատգամավորը։
«Ես այս օրենքի նախագծի վրա սկսեցի աշխատել նահատակների ընտանիքիների անդամների հետ շփումներից, նրանց բազմաթիվ առաջարկները, դիտողությունները լսելուց հետո։ Այնպես որ՝ կարող եմ պնդել, որ այս նախագիծը ոչ թե ես կամ «Հայաստան» խմբակցությունն ենք հեղինակել, այլ մի մեծ համայնք՝ զոհված տղերքի ընտանիքիները։ Ցավով եմ նշում, բայց մեր երկիրը, մեր պետությունը, մեր հասարակությունը այդպես էլ չսովորեցին ու չհասկացան, թե ինչպես է պետք մի հասարակությունում ապրել զոհվածների ընտանիքիների հետ»,– ասում է պատգամավոր Գեղամ Նազարյանը։
Այս նախագիծը զոհված զինծառայողների ընտանիքիների նկատմամբ վերաբերմունքի փոփոխության մասին է՝ պնդում է հեղինակը։ Օրենքի ընդունումը կստիպի պետությանը ու հասարակությանը հոգ տանել ոչ միայն 44-օրյա, այլև Արցախյան առաջին պատերազմի, սեպտեմբերյան արյունալի դեպքերի ու առհասարակ զինվորական ծառայության ժամանակ զոհված բոլոր զինծառայողների ընտանիքների մասին ։
«Մասնավորապես, զոհված զինծառայողների ընտանիքի անդամները այլևս «գլուխ չեն ջարդի» հասկանալու համար, թե ինչպես կամ ում օգնությամբ են վճարելու մինչև պատերազմը վերցրած հիփոթեքային վարկը, ինչպես է լուծելու բուժման հետ կապված խնդիրները, վճարելու կոմունալ ծախսերը գույքահարկը և այլն։ Մենք նահատակի ծնողին կօգնենք, որ այլևս հերթերի մեջ չտանջվի, հերոսի կնոջը կօգնենք, որ երեխաների ուսման հետ կապված անհանգստություններ ու վախեր չունենա»,-մանրամասնում է պատգամավորը։
Նախագծին Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել՝ ընդգծելով, որ առաջարկվող մեխանիզմները հստակ չեն, օգտագործվող տերմինները չեն համապատասխանում գործող օրենսդրական ակտերի պահանջներին, սոցիալական երաշխիքների իրացման պայմանները տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք են տալիս: Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը վստահեցնում է՝ պետությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահել ու պահում այս ընտանիքներին։
«Այսօր էլ զոհված զինծառայողի ընտանիքի անդամները կարողանում են առնվազն 50 տոկոս զեղչ ստանալ պետական բուհերում սովորելու դեպքում, ունեն առողջապահական բուժհիմնարկներից օգտվելու բացառիկ իրավունքներ, և մեծամասամբ այդ բեռը ևս պետությունը իր վրա է վերցնում։ 44-օրյա պատերազմի մասնակից զոհված զինծառայողների մի խումբ ընտանիքներին արդեն նույնիսկ բնակարանի գնման վկայագրեր ենք տրամադրել, որը ևս պետական բյուջեի միջոցներով է իրականացվել»,– ասում է Արման Սարգսյանը։
Իշխանական պատգամավորները նախագծի գաղափարն ու էությունը ողջունելի են համարում, սակայն նաև լրացուցիչ ուսումնասիրության ու լրամշակման կարիք են տեսնում։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն առաջարկում է նախագիծը փաստերով ու թվային տվյալներով լրացնել։
«Գաղափարը շատ լավն է, ես կարծում եմ, որ նմանատիպ նախագիծ Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենա, բայց ցավոք սրտի նյութի տակ չկան բովանդակություն, փաստարկներ ու հիմնավորումներ․ ըստ այդմ՝ ես գործընկերներից խնդրելու եմ դեմ քվեարկել»,-կարծում է պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը։
Նախագիծը խորհրդարանում կքննարկվի 2 ամիս անց․ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն առաջարկեց, իսկ նախագծի հեղինակը համաձայնեց հետաձգել քննարկումը և նախագիծը նորից շրջանառության մեջ դնել լրամշակելուց հետո։