Ադրբեջանը հակաիրանական կարևոր պլացդարմ է Թուրքիայի, Ադրբեջանի և այլ խաղացողների համար, նաև՝ քարոզչական տիրույթում` «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նշել է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վարդան Ոսկանյանը` վերլուծելով Իրանի Իսլամական Հանրապետությունում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը։

Հունվարի 27-ի առավոտյան  Իրանում Ադրբեջանի դեսպանատան տարածք է ներխուժել ինքնաձիգով զինված անձը և սպանել դիվանագիտական առաքելության անվտանգության ծառայության ղեկավարին, վիրավորել դեսպանատան անվտանգության ևս երկու աշխատակիցների։ Թեև նա հայտարարել է, որ քայլն արել է անձնական և ընտանեկան խնդիրների պատճառով, բայց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միջադեպն ահաբեկչություն է որակել։

«Ակնհայտ է, որ թշնամական մթնոլորտը, որը Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենան սերմանում է Իրանի հանդեպ` հանդես գալով որպես հակաիրանական խոսափող, չի կարող չունենալ հետևանքներ։ Դատելով նախնական տեղեկատվությունից` հարձակում իրականացրած անձը սերում է իրանական Ատրպատականից, այսինքն՝ հարձակվողը Բաքվի կողմից պարբերաբար թմբկահարվող և իբր Իրանի դեմ օգտագործվող 30 միլիոն իրանցի ադրբեջանցիներից մեկն է, ուստի՝ հերթական առասպելն է հօդս է ցնդում»,- ասում է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչը։       

Իրանագետ Վարդան Ոսկանյանը կատարված միջադեպին առնչվող մեկ այլ կարևոր հանգամանք է առանձնացնում։ «Որևէ դիվանագիտական ներկայացուցչություն, որը ծավալում է զուտ դիվանագիտական աշխատանք, չի ենթադրում նման ուժեղացված անվտանգային համակարգ, սա վկայում է, որ դեսպանատունը չի զբաղվել միայն դիվանագիտական գործունեությամբ, ամենայն հավանականությամբ եղել է հակաիրանականության որջերից մեկը հենց Թեհրանի սրտում»,- կարծում է իրանագետը։   

Նրա կարծիքով՝ Բաքուն, օգտագործելով միջադեպը,  փորձում է զոհի կերպար կերտել` հետապնդելով հեռահար նպատակներ, որոնցից մեկը նաև Բերձորի միջանցքի շրջափակումից միջազգային հանրության ուշադրությունը շեղելն  է։ 

«Ադրբեջանը նաև դիրքավորվում է որպես հակաիրանականության հիմնական պատվար` փորձելով ստանալ աջակցություն հակաիրանական դիրքորոշում ունեցող մյուս պետություններից։ Սրա վկայությունը Թուրքիայի և Իսրայելի հապճեպ արձագանքն էր միջադեպին։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարությամբ կատարվածը որակել է «նենգ հարձակում»` շեշտելով, թե բոլոր դեպքերում իրենք պաշտպանում են ադրբեջանական կողմին և Բաքվին երբեք միայնակ չեն թողնի։  Իրանցի հոգևորականներից մեկը զգուշացրել էր, որ «Իրանը առյուծ է, որի պոչի հետ խաղալ չի կարելի», սակայն Ադրբեջանը, անտեսելով ասվածը, փորձում է շարունակել խաղալ «առյուծի պոչի» հետ, ինչը հղի է խոշոր վտանգներով Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման համար»,- ասում է «Ռադիոլուր»-ի զրուցակիցը։       

Վարդան Ոսկանյանը շեշտում է` իրանական արձագանքները երբեք չեն լինում հապճեպ, չծրագրված, հետևաբար կհետևեն համարժեք և դիպուկ պատասխաններ` ադրբեջանական կողմի համար անսպասելի տեղում և ժամանակահատվածում։ 

 «Ադրբեջանական հարթակն օգտագործվում և օգտագործելու են բոլոր այն պետությունները կամ համաշխարհային բևեռները, որոնց հետ Իրանն ունի թշնամական հարաբերություններ և հակասություններ, ուստի նաև եվրոպական որոշ երկրներ փորձելու են հարձակման հանգամանքն օգտագործել` ուժեղացնելով Իրանի նկատմամբ ճնշումը, բայց Իրանը և իրանցիները այդ ճնշումներին սովոր են, ինչի շնորհիվ Իրանն այսօր վերածվել է տարածարջանային գերտերության։ Սա պարադոքս է, բայց փաստ է»,- նշում է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վարդան Ոսկանյանը։   


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն