Ի՞նչ խնդիր է լուծվում Վարդանյանի հեռանալով․ Արցախում կարծիքները միանշանակ չեն
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով Ռուբեն Վարդանյանն ազատվել է պետնախարարի պաշտոնից։ Պաշտոնն առաջարկվել է Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին՝ հաշվի առնելով նրա մասնագիտական ու մարդկային որակները, աշխատանքում ցուցաբերած պրոֆեսիոնալիզմը, արդարամտությունը, սկզբունքայնությունն ու պետականամետությունը:
Արցախի արդեն նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին աշխատանից ազատելու մասին հրամանագիրը Արայիկ Հարությունյանը ներկայացրել է կառավարության նիստում՝ փորձելով հերքել նաև ներիշխանական տարաձայնությունների մասին խոսակցությունները։
«Մեր պայքարը չի կարելի անձնավորել, մեր պայքարը ունի դարերի պատմություն և այն երբեք ինձանով, Ռուբեն Վարդանյանով կամ ուրիշներով պայմանավորված չի եղել։ Այդ պայքարը կա և լինելու է՝ անկախ մեզանից։ Վստահ եմ, որ Ռուբեն Վարդանյանը մնալու է Արցախում և իր ակտիվ հասարակական գործունեությամբ բազմապատկելու է Արցախի զարգացմանն ուղղված իր ջանքերը։ Մեր անձնական հարաբերությունները մնում են բարձր մակարդակի վրա, և ես մեծապես կարևորում եմ պետական մարմինների ու պաշտոնյաների ակտիվ համագործակցությունը պարոն Վարդանյանի և նրա գլխավորած բազմաթիվ կազմակերպությունների հետ, քանի որ նա Հայրենիքի նվիրյալ է և գիտակցում է, որ Արցախի արժեքը ողջ հայ ժողովրդի համար է»։
Ուշագրավ է, որ ուղերձից առաջ տևական ժամանակ ենթադրություններ էին շրջանառվում, որ Արայիկ Հարությունյանը հենց այդ կերպ է պատրաստվում հայտարարել պետնախարար Ռուբեն Վարդանյանին աշխատանքից ազատելու մասին:
Ռուբեն Վարդանյանի գործոնն անկյունաքարային է դարձել Ստեփանակերտ-Բաքու հարաբերություններում։ Վարդանյանի հետ չբանակցելու նախապայմանը Ալիևը ներկայացրել էր նաև վերջերս՝ Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ կազմակերպված պանելային քննարկմանը։ Ռուբեն Վարդանյանն այս առիթով մի քանի անգամ հայտարարել էր, որ չի պատրաստվում հրաժարական ներկայացնել։ Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրից հետո արդեն Ռուբեն Վարդանյանն ասել է․ «Գիտեմ, որ ճնշում կա իմ գնալու հետ կապված, նաև մնալու։ Ասեմ, որ չեմ տեսնում ինձ Արցախից դուրս, ինձ համար դա շատ կարևոր է։ Ես ուրախությամբ կզբաղվեմ այն գործերով, որոնք սկսել էինք մինչև իմ այստեղ գալը՝ համագործակցություն պետական, մասնավոր, հատվածների Սփյուռք, հայկական ոչ պետական կազմակերպությունների միջև։ Եթե մենք խոսում ենք ապագայի մասին, շատ կարևոր է, որ այդ համագործակցությունը շարունակվի»։
Վերլուծաբանների մի մասը Ռուբեն Վարդանյանի հեռացման մեջ ավելի խորքային նպատակներ են տեսնում, քան պարզապես պաշտոնների փոփոխությունը։ Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Դավիթ Ստեփանյանը իրավիճակում այլ շահերի է տեսնում։
«Ես չեմ կարծում, որ Ռուբեն Վարդանյանի հեռացումը կբերի Արցախի կորստի։ Դա որևէ քաղաքական տրամաբանություն չունի, հիմք չունի, բայց ես կարծում եմ, որ արցախահայերի և Հայաստանի համար ավելի ճիշտ կլիներ, որ Ռուբեն Վարդանյանը մնար։ Ինչո՞ւ։ Մենք, ցավոք սրտի, 44–օրյա պատերազմից հետո ունենք ընտրություն ռուսական Արցախի միջև և ադրբեջանական Արցախի միջև։ Ռուսական Արցախը Ռուբեն Վարդանյանն է․ եթե մենք այդ ընտրությունն ունենք, իսկ այլ ընտրություն մենք կարծես թե չունենք, ուրեմն Ռուբեն Վարդանյանի մնալը Արցախում համապատասխանում է առաջին հերթին արցախահայության շահերին։ Ես դա ցավով եմ նշում, բայց դա փաստ է»։
Նախկինում որպես ռուսաստանաբնակ գործարար հայտնի Ռուբեն Վարդանյանը Արցախի Հանրապետության պետնախարարի պաշտոնում հասցրեց աշխատել ընդամենը մի քանի ամիս․ նշանակվել էր 2022–ի ավարտին՝ նոյեմբերի 4–ին։
Կառավարության նիստում Արայիկ Հարությունյանը հիշեցրել է, որ չորս ամիս առաջ ինքն է Վարդանյանին նշանակել պետնախարարի պաշտոնում՝ ընդգծելով, որ այն ժամանակվա և ներկա իրավիճակները մեծապես տարբերվում են և՛ արտաքին, և՛ ներքին առումներով:
Հարությունյանը բարձր է գնահատել Վարդանյանի ջանքերը թե՛ Արցախի մասին միջազգային իրազեկվածության բարձրացման, թե՛ շրջափակման ընթացքում ներքին բազմաթիվ հիմնախնդիրների լուծման ուղղությամբ:
Արցախցի վերլուծաբանները Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկությունը միանշանակ չեն գնահատում։ «Ռադիոլուր»–ի հետ զրույցում արցախցի քաղաքագետ Ժիրայր Ազիզյանը նշել է, որ չունի տեղեկություն, թե կոնկրետ ինչ նպատակների հետ է կապված Վարդանյանի պաշտոնանկությունը։
«Իրականում կան գործընթացներ, որոնք այդքան էլ տեսանելի չեն, բայց ամեն դեպքում որոշման համար նախադրյալներ արդեն իսկ ստեղծվել էին, և դրանք կապված են ավելի շատ Ռուբեն Վարդանյանի՝ Արցախում գործունեության հետ և այս առումով, իհարկե, տարբեր մեկնաբանություններ կարող են լինել։ Իրականում չկա միանշանակ, հստակ դիրքորոշում, որովհետև կան տարբեր մոտեցումներ կապված Ռուբեն Վարդանյանի ինչպես ազատման, այնպես էլ մի քանի ամիս առաջ նրա նշանակման հետ։ Ռուբեն Վարդանյանը միանշանակ ընդունվող կերպար չի եղել, ինչպես որ չեն Արցախում մյուս բոլոր պաշտոնյաները՝ սկսած Հանրապետության նախագահից, և այս առումով, իհարկե, կա որոշակի զանգված, որը միանշանակ աջակցում է Ռուբեն Վարդանյանին, և այս որոշման հետ կարող է այդքան էլ համամիտ չլինել»։
Արցախցի վերլուծաբանը չի կարծում, որ որոշման հետ անհամաձայնությունը Արցախում ներքաղաքական նոր զարգացումների կհանգեցնի։ Հստակ սպասելիքներ դեռ չկան նաև արդեն նոր պետնախարար Գուրգեն Ներսիսյանից։
«Հստակ չեմ կարող պատասխանել, թե ինչպես է նա ընկալվում հասարակության կողմից, որովհետև կրկնում եմ՝ Արցախում չկա որևէ պաշտոնյա, որ միանշանակ ընդունելի լինի բոլորի կողմից, բայց ամեն դեպքում հուսով ենք, որ հաջողություն որոշակի առումով կունենանք նրա պաշտոնավարման արդյունքում։
—Հաջողություն ասելով ի՞նչ նկատի ունեք։
—Նկատի ունեմ, որ որոշակի խնդիրների լուծման կարող ենք հասնել, հույս ունենք, որ կհասնենք։
Անգամ Վարդանյանի ազատումից հետո, Ժիրայր Ազիզյանի կարծիքով, Ստեփանակերտ–Բաքու ուղիղ շփումներն իրատեսական չեն։ Նա համոզված է, որ արդեն նախկին պետնախարարի ազատումը կապված չէ Բաքվի պահանջների հետ։
«Ավելի քան համոզված եմ, որ Բաքուն շարունակելու է որևէ կերպ Արցախի հետ բանակցությունների չգնալու քաղաքականությունը։ Փորձելու է որոշակի շփումները ներկայացնել որպես բանակցություն, բայց իրականում բանակցություն կարող է լինել միայն պաշտոնական առումով։ Այսինքն՝ ոչ թե ժողովրդի, այլ ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչների միջոցով։ Բաքուն, բնական է, որ չի ընդունելու սա, որովհետև չի ընդունելու Արցախի սուբյեկտայնությունը»։
Սրանով հանդերձ միջնորդների կողմից ճնշումներ կան բանակցությունները շարունակելու հարցում։ Եթե Մոսկվան Երևանին և Բաքվին կոչ է անում վերսկսել բանակցությունները, ապա Արևմուտքից ավելի հստակ ազդակներ կան․ չի բացառվում, որ Բրյուսելում կազմակերպվի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հերթական հանդիպումը։ Այս մասին ասել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը՝ հայտարարելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը զգալի առաջընթաց են արձանագրել բանակցությունների վերջին ամիսների ընթացքում: