Տոյվո Կլաարը կապիտալիզացնում է «մյունխենյան արդյունքները»
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը դարձյալ Երևանում էր՝ խորհրդակցությունների նպատակով։ Այցը կարճատև էր, բայց՝ տարածաշրջանային։ Կլաարի առաջին հանդիպումը Երևանում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ էր։ Պաշտոնական հաղորդագրությունը քննարկման բովանդակությունը չի մանրամասնում, բայց շրջանառվում է մյունխենյան հանդիպումների արդյունքներով Հայաստան–ԵՄ–Ադրբեջան նոր հանդիպման հնարավորությունը։
Մյունխենյան հանդիպումներից հետո Արևմուտքն ակտիվացնում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցային գործընթացին ուղղված ջանքերը։ Առաջին քայլն արվեց Երևանում։ Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Հայաստան եկավ մեկօրյա այցով, բայց, ինչպես ձևակերպել էր «Թվիթերում», «լավ հանդիպումների» ակնկալիքով։
Հակառակ ակտիվացող ջանքերին՝ Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։ Արցախի միակ ճանապարհն արգելափակված է 2022–ի դեկտեմբերի 12–ից, գազամատակարարումը՝ խափանված, 2020–ի նոյեմբերի 9–ի հայտարարության կետերը՝ խախտված։ Սա, սակայն, չի խանգարում արևմտյան միջնորդներին, մասնավորապես՝ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսին, խոսել բանակցություններում նկատվող առաջընթացի մասին։
«Փրայսի խոսքով՝ իրենք հուսով են տեսնել այն առաջընթացի շարունակությունը, որը տեսան վերջին շաբաթների ընթացքում, պատրաստ են աջակցել կողմերին, մինչ նրանք բանակցություններ են վարում այս մարտահրավերի համապարփակ լուծման ուղղությամբ»:
Փրայսը հաստատել է՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ անցկացնելու հրավեր է ուղարկել կողմերին: Տեղյակ է դրանից, քանի որ ամերիկյան կողմն աջակցում է եվրոպական գործընթացին։
Իսկ Երևանում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի առաջին հանդիպումը Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ էր։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական բանակցությունների բրյուսելյան ձևաչափի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը:
Մյունխենի Անվտանգության համաժողովի շրջանակում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ և մասնակցությամբ: Այդ բանակցությունների մանրամասներն այս պահի դրությամբ էլ հայտնի չեն։
Բայց այդ հանդիպումից հետո, օրինակ, Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ «խաղաղության պայմանագրին» առնչվող Հայաստանի վերջին առաջարկներում կա առաջընթաց, բայց անընդունելի էր համարել Ղարաբաղի մասին հիշատակումը հենց «Խաղաղության պայմանագրում»։ Մյունխենյան հանդիպումներին ներկա Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Ֆակտոր»–ին տված հարցազրույցում առանձնացրել է այն պայմանավորվածությունը, որոնք այս պահին Հայաստանն առաջնային է համարում․
«Երևի առաջին կոնկրետ պայմանավորվածությունը, որը տեղի է ունեցել ընդհանուր առմամբ միջազգային գործընկերների և Հայաստանի ու Ադրբեջանի միջև, եղել է անցած տարի Վաշինգտոնում անցած տարի սեպտեմբերի 27–ին ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեկ Սալիվանի կազմակերպած իմ և Հիքմեթ Հաջիևի հանդիպումը։ Պայմանավորվածություններից մեկը եղել է միջազգային տեսանելի մեխանիզմի ստեղծումը, կարծում եմ՝ հստակ է և նույնիսկ տարընթերցման տեղիք էլ չի կարող տալ։ Ընդհանուր առմամբ կամ «Խաղաղության պայմանագրում», կամ «Խաղաղության պայմանագրից» դուրս պետք է հստակություն մտցվի այս հարցի շուրջ, և մենք շարունակում ենք աշխատել այս ուղղությամբ։ Հայաստանի դիրքորոշումը շարունակում է մնալ հենց սա, որ միջազգային տեսանելի մեխանիզմ պետք է ստեղծվի, որի շրջանակում տեղի ունենա քննարկում Ստեփանակերտի և Բաքվի միջև՝ ԼՂ–ում ապրող հայերի իրավունքների և անվտանգության վերաբերյալ»։
Մյունխենի բանակցություններին զուգահեռ Արցախի արտգործնախարարությունը մի հայտարարություն տարածեց, որում կար ձևակերպում՝ Ստեփանակերտի համար բացարձակ անընդունելի է Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության տեսլականը, եթե այն պարունակի բանակցային գործընթացի արդյունքը կանխորոշող պայմաններ։ Արցախի ԱԳՆ–ի հայտարարության համաձայն՝ Ստեփանակերտ–Բաքու երկխոսությունը կարող է ընթանալ կողմերի իրավահավասարության պայմաններում։ Ստեփանակերտում անհրաժեշտ են համարում վերականգնել միջազգային միջնորդական ձևաչափը՝ որպես խաղաղ գործընթացի անշրջելիության լրացուցիչ երաշխիք։
Արդյո՞ք այս կարծիքը հաշվի կառնվի այն դեպքում, երբ պաշտոնական Երևանի համար, ըստ Արմեն Գրիգորյանի, գերակա խնդիրը միջազգային տեսանելի մեխանիզմի ստեղծումն է և որպես արդյունք՝ Ստեփանակերտ–Բաքու երկխոսությունը։
«Բնականաբար, ոչ մի պարտադրանք չի լինելու։ Միջազգային տեսանելի մեխանիզմը հենց հասցեագրում է բոլոր մտահոգությունները։ Այսինքն՝ այնպես չէ, որ միջազգային տեսանելի մեխանիզմը ենթադրում է ճնշումներ։ Հենց դրա համար է, որ աշխատում ենք, որ այն լինի միջազգային, միջազգային հանրության համար տեսանելի և երաշխիքներով, որ սենյակում, որտեղ բանակցություններ են տեղի ունենալու, սպառնալիքով տեղի չունենան և երաշխիքներ լինեն, որ նորմալ բանակցություններ են տեղի ունենալու։ Երբ մեխանիզմներն ավելի հստակ կլինեն, կարող ենք դրանք քննարկել»։
Անվտանգության խորհրդի քարտուղարը վստահեցնում է՝ Հայաստանի համար կարմիր գիծ է՝ միջանցքի հարց չեն քննարկելու։ Իսկ Ադրբեջանից սպասում են անցակետի մասին Հայաստանի առաջարկի պատասխանին։ Կառավարությունն անցած տարի որոշում է կայացրել և երեք անցակետ տեղորոշել, որոնք հիմնելով հնարավոր է ապաշրջափակման ծրագրեր իրականացնել։
Մյունխենին զուգահեռ պետք չէ մոռանալ նաև Հաագան․ Հայաստանում՝ ոչ պաշտոնական տիրույթում կարծում են, որ ՄԱԿ–ի միջազգային դատարանի որոշումը կարող է բանակցություններում մթնոլորտ փոխել։ Դրա մասին խոսում է փաստաբան Արամ Օրբելյանը․
«Միջազգային իրավունքը հորիզոնական իրավունք է, ենթադրում է, որ ինքնօգնությունը, այսինքն, եթե քո իրավունքները խախտվում են , դու առաջնային պետք է օգնես և փոխադարձ «սանկցիա» ասեմ, ինչ ասեմ, այսինքն՝ շատ հանգիստ առիթ է և լրիվ ճիշտ առիթ է, որ ցանկացած բանակցություններին, հիմա Կլաարն է գալիս Հայաստան, բոլոր հանդիպումների ժամանակ ասենք մենք չենք շարունակելու ձեզ հետ որևէ բան քննարկել, քանի ճանապարհը բաց չէ, դուք ի՞նչ եք անում, որպեսզի դատարանի որոշումը իրականացվի։ Հաջորդը Միշելը կզանգի՝ շատ լավ է որ զանգել եք, ի՞նչ ենք անում դատարանի որոշման կատարման ուղղությամբ։ Ուրիշ ոչ մի բան։ Ադրբեջանի Հանրապետությունը 30 տարի ամեն օր, ամեն տեղ, ամեն միջոցառման ժամանակ խոսել է, ըստ իրենց մեկնաբանության՝ ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի որոշումների կատարման մասին»։
Իրավունքի մասնագետի կարծիքով՝ այս պահին բանակցությունների ընթացքը կախված է նրանից, թե ինչ արդյունք է ցանկանում ստանալ ՀՀ–ն։ Բացի դրանից՝ կա հստակ բանաձև, որին կարելի է հետևել․
«Քանի դեռ նախկին պայմանավորվածությունները չեն իրականացվել, չի կարելի անցնել հաջորդ պայմանավորվածությունների։ Այսինքն՝ քանի դեռ ռազմագերիները չեն վերադարձվել, ուրիշ բան չպետք է բանակցվի, քանի դեռ Արցախի ճանապարհը չի բացվել, ինչպես որոշել է դատարանը, հաջորդ քայլ չպետք է բանակցվի։ Այսպես է, եթե դու զիջում ես, անընդհատ զիջելու ես»։
Մինչ Արևմուտքը ակտիվ նախապատրաստում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հերթական հանդիպումը, պաշտոնական Մոսկվան շարունակում է կողմերին կոչ անել վերադառնալ բանակցային ակտիվ փուլ։ Թեև ակտիվ աշխատանքներն առավել նկատելի են արևմտյան հարթակում, բայց ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հարկ է համարում հիշեցնել, որ հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հիմքում հենց այն հայտարարություններն են, որոնք ընդունվել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև։
Առաջիկայում՝ փետրվարի 27–28 տարածաշրջան է այցելելու նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, բայց այդ օրերին նա լինելու է միայն Բաքվում և տարածաշրջանային հարցերը քննարկելու է Ադրբեջանի նախագահի հետ։