Ադրբեջանը պետք է ապահովի Լաչինի միջանցքով անարգել տեղաշարժը, սակայն շարունակում է փակ պահել այն. Ծովինար Վարդանյան
Բահրեյնում անցկացվող Միջխորհրդարանական միության 146-րդ համաժողովի օրակարգում ներառված հրատապ հարցի քննարկմանը ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Ծովինար Վարդանյանը:
«Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Մենք քննարկում ենք ճգնաժամերն ու մարդկային ողբերգությունները, որոնցում ներգրավված են մեծ թվով մարդիկ, և այս համատեքստում «Իրազեկության բարձրացում և գործողությունների կոչ Աֆղանստանի, Սիրիայի Արաբական Հանրապետության, Ուկրաինայի, Եմենի և այլ երկրների ժողովուրդներին հուզող լուրջ հումանիտար ճգնաժամերի ու կանանց և երեխաների հատուկ խոցելիության վերաբերող» հրատապ հարցը:
Մենք` խորհրդարանականներս, առաջին և ամենամեծ միջխորհրդարանական ֆորումի անդամներս, պետք է պատասխանատվություն զգանք այն բոլոր տառապանքների և կորուստների համար, որոնց բախվում են հասարակ մարդիկ` հատկապես կանայք, տարեցներն ու երեխաները պատերազմների, կլիմայի փոփոխության և այլ աղետների ժամանակ:
Բայց մենք պետք է պայքարենք ոչ միայն մեծ աղետների, այլև ավելի փոքր մասշտաբի ճգնաժամերի դեմ, ինչպիսին է Լեռնային Ղարաբաղի հումանիտար աղետը, որն առաջացել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի` դեպի արտաքին աշխարհ տանող միակ ճանապարհի փակման հետևանքով: Ստեղծված իրավիճակի արդյունքում Լեռնային Ղարաբաղի շուրջ 120.000 էթնիկ հայ, ներառյալ մոտ 30.000 երեխա, մնացել է առանց առաջին անհրաժեշտության ապրանքների և ծառայությունների հասանելիության: Նրանք զրկված են կենսական անհրաժեշտ դեղորայքից և բժշկական օգնությունից, քանի որ Կարմիր խաչի և խաղաղապահների կողմից մատակարարվող մարդասիրական օգնությունը չի համապատասխանում պահանջարկին: Էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման խափանումները հանգեցրել են սարսափելի դժվարությունների:
Չնայած Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կիրառել է միջոցներ, որոնք պահանջում են Ադրբեջանից վերացնել շրջափակումը, Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարը շտապ կոչ է արել ապաշրջափակել այն, իսկ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումն այն մասին է, որ Ադրբեջանը պետք է ապահովի Լաչինի միջանցքով անարգել տեղաշարժը, սակայն Ադրբեջանը շարունակում է փակ պահել միջանցքը:
Ադրբեջանական պատվիրակության ղեկավարը երեկ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հայերը կարող են ինտեգրվել ադրբեջանական հասարակությանը և օգտվել Ադրբեջանի քաղաքացիների բոլոր իրավունքներից ու ազատություններից:
Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ Կարմիր խաչի միջոցով շատ սահմանափակ օգնության տրամադրումն Ադրբեջանի իշխանությունների կողմից տրված արտոնությունն ու ազատությունն է:
Freedom House-ի վերջին զեկույցում Ադրբեջանը որպես անազատ երկիր է վկայակոչվում`100-ից հավաքելով 9 միավոր: Ադրբեջանը չի կարող երաշխավորել սեփական քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները: Արդյոք Ադրբեջանի ղեկավարությունը նկատի ունի, որ Լեռնային Ղարաբաղի հայերը պետք է օգտվեն հենց ա՞յդ իրավունքներից ու ազատություններից:
Մյուս կողմից՝ Ադրբեջանական պետության ղեկավարը հայերի զանգվածային արտաքսման կոչ է անում: Դա չի կարելի այլ կերպ մեկնաբանել, քան էթնիկ զտման պետական քաղաքականություն: Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման, հայ ռազմագերիներին պատանդ պահելու, Ադրբեջանի զինված ուժերի կողմից ագրեսիայի հաճախակի գործողությունների փաստն ինքնին ապացուցում է Լեռնային Ղարաբաղում միջազգային ներկայության հրատապ անհրաժեշտությունը` տեղում իրավիճակը դիտարկելու և հայրենիք ունենալու իրավունք ունեցող մարդկանց իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու համար:
Շնորհակալություն»,- եզրափակել է Ծովինար Վարդանյանը: