ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի գիտաշխատողներն առաջին անգամ ուսումնասիրել են ցիանոբակտերիալ ակինետների դերը Սևանա լճի էկոհամակարգում:

Ֆիտոպլանկտոնի կարևոր բաղադիրչներից են կապտականաչ ջրիմուռները՝ ցիանոբակտերիաները: Աշնանը ցիանոբակտերիաների զգալի քանակություն քայքայվում է հատակային նստվածքներում կուտակման ընթացքում: Որոշ թելային թալոմ ունեցող ձևերի բնորոշ է ակինետների՝ սպորների ձևավորումը: Դրանք սովորաբար տարբերվում են վեգետատիվ մյուս բջիջներից, ունեն առավել հաստ թաղանթ, պարունակում են պաշարանյութեր, ուստի համարվում են առավել տոլերանտ, ինչի արդյունքում պահպանվում են հիդրոէկոհամակարգի հատակում և առաջին իսկ բարենպաստ պայմանների դեպքում կարող են զարգանալ և անսեռ բազմացման ճանապարհով սկիզբ տալ ջրիմուռի նոր թալոմի ձևավորման:

«Առաջին անգամ ուսումնասիրվել է ցիանոբակտերիալ ակինետների դերը Սևանա լճի էկոհամակարգում: Պարզվել է, որ հատակային նստվածքներում ձմեռող այս ցիանոբակտերիաները համապատասխան պայմաններում կարող են ջրային միջավայրում նորից համալրել ցիանոբակտերիալ կազմը: Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ Մեծ Սևանի հատակային նստվածքներում ակինետները նկատելիորեն շատ են Փոքր Սևանի համեմատ: Լաբորատոր փորձերի արդյունքում պարզվել է, որ ակինետների զարգացումն արգելակվում է լույսի բացակայության և ճնշվում կենսածին նյութերի ցածր կոնցենտրացիաների պայմաններում: Լուսավորության դեպքում լճի 1գ հատակային նստվածքում առկա ակինետներից կարող է զարգանալ մինչև 21000 ցիանոբակտերիալ (Dolichospermum և Aphanizomenon) բջիջ»,- ասում է ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի կիրառական հիդրոէկոլոգիայի լաբորատորիայի վարիչ, կենսաբանական գիտությունների թեկնածու Գոռ Գևորգյանը։ Նա նշում է, որ Սևանա լճում ակինետային հետազոտությունները լրացնում են լճի գրեթե մեկդարյա պատմություն ունեցող հիդրոկենսաբանական տվյալներում այս մասով առկա հիմնարար բացերը:

Գիտական խումբն իրականացրել է նաև լճում Ֆիտոպլանկ­տոնի որակական անալիզ՝ հիմնված Փոքր և Մեծ Սևանների 80 մ, 43 մ և 30 մ խորջրյա հատվածներում անցկացված հետազոտությունների վրա: «Լճի ուսումնասիրված հատվածներում ֆիտոպլանկտոնային համակեցությունն օժտված է եղել տեսակային մեծ բազմազանությամբ: Այդ ցուցանիշով առավել աչքի են ընկել դիատոմային (Bacillariophyta) և կանաչ (Chlorophyta) ջրիմուռները, որոնց հաջորդել են կապտականաչները կամ ցիանոբակտերիաները (Cyanophyta): Դիտվել է աղտոտված և ճահճացող ջրերին բնորոշ էվգլենային ջրիմուռների (Euglenophyta) տեսակային բազմազանության աճ»,- նշում է Գոռ Գևորգյանը:

Ֆիտոպլանկտոնը կազմված է տարբեր խմբերի պատկանող միկրոջրիմուռներից, որոնք, շնորհիվ քրոմատոֆորներում առկա պիգմենտների՝ մասնավորապես քլորոֆիլի մոլեկուլների, իրականացնում են ֆոտոսինթեզ՝ անօրգանական նյութերից (ածխաթթու գազ և ջուր) օրգանական նյութի սինթեզ՝ օգտագործելով արեգակնային լույսի էներգիան: Այս ունակության շնորհիվ, ստեղծելով օրգանական նյութ, ֆիտոպլանկտոնը սնունդ է տրամադրում սննդային շղթայի մյուս օղակներին: Ֆիտոպլանկտոնի կենսագործունեությունն ապահովվում է կենսածին նյութերի առկայությամբ: Կենսածին նյութերով հիդրոէկոհամակարգի գերհարստացումը նպաստում է ֆիտոպլանկտոնային համակեցության որակական և քանակական կառուցվածքի փոփոխության: Ֆիտոպլանկտոնային կազմը կարող է ցուցանշել հիդրոէկոհամակարգերում տեղի ունեցող այնպիսի գործընթացներ, ինչպիսին են էվտրոֆացումը և տրոֆիկ մակարդակի փոփոխությունը:

Հետազոտություններն իրականացվել են «Սևանա լճում ծաղկող ցիանոբակտերիաների աճող խնդիրը. մեխանիզմների, շարժիչ ուժերի և նոր գործիքների հայտնաբերում լճի մոնիթորինգի և կառավարման համար» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեն:

Հետազոտություններն իրականացվել են Գերմանիայի Շրջակա միջավայրի հետազոտությունների Հելմհոլցի կենտրոնի հետ համագործակցությամբ:

Հետազոտական խմբում ներգրավված է եղել հինգ հայ և մեկ գերմանացի մասնագետ, այդ թվում՝ երեք երիտասարդ գիտնական:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն