Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը պետք է հիմնված լինի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման վրա, հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Իսրայելի ԱԳ նախարար Էլի Քոենի հետ համատեղ մամուլի ասուլիսում, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Նա նշել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո, երբ վերջ դրվեց պատերազմին, Ադրբեջանը «առաջ է տանում խաղաղության օրակարգը, սակայն Հայաստանը սպառնում է ագրեսիվ հռետորաբանությամբ»:

«Ադրբեջանը հավատում է, որ հարաբերությունների կարգավորման համար այլընտրանք չկա, և դա պետք է հիմնված լինի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման վրա։ Ադրբեջանը ձեռնամուխ է եղել ազատագրված տարածքների վերականգնմանը, կառուցում է «խելացի» քաղաքներ, վերակառուցում ավերված քաղաքները։ Մենք բարձր ենք գնահատում իսրայելական ընկերությունների շահագրգռվածությունն այդ գործընթացում», – ասել է Բայրամովը։

Նա նաև շնորհակալություն է հայտնել Իսրայելին այն բանի համար, որ այդ երկիրը հայ-ադրբեջանական հակամարտության ողջ ընթացքում «աջակցել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը»:

Բայրամովը մարտի 28-ին այցով ժամանել է Իսրայել: Թել Ավիվում նա կմասնակցի Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացման արարողությանը, որն առաջինն է ադրբեջանա – իսրայելական հարաբերությունների պատմության մեջ: Ադրբեջանն այդպիսով դարձավ առաջին շիա երկիրը, որը հայտարարեց Իսրայելում դեսպանատուն բացելու մասին:

Հայաստանն ու Ադրբեջանը պարբերաբար փոխանակվում են երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ առաջարկներով։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մարտի 8-ին Լատվիայի նախագահ Էգիլս Լևիտսի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ ադրբեջանական կողմը վերջերս Հայաստանին է փոխանցել իր հերթական առաջարկները, որոնք հիմնված են «միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների վրա»։ «Մենք մեկնաբանություններ ենք ստացել Հայաստանից։ Ի պատասխան՝ մենք նրանց ուղարկեցինք մեր մեկնաբանությունները։ Այնպես որ, գործընթացն ընթանում է», – հայտարարել է նա։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն