«Զանգեզուրի միջա՞նցք», թե՞ «թուրքական ճանապարհ»․ հարցը՝ թուրքական նախընտրական օրակարգում
Թուրքիայում Էրդողան-Քըլըչդարօղլու նախընտրական պայքարի առանցքային թեմա է դարձել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի հարցը։ Թուրքիայի նախագահի ընդդիմադիր թեկնածուն հայտարարել է, որ իր պատկերացրած թուրանական միջանցքը կապ չի ունենալու ոչ Ադրբեջանի, ոչ էլ Սյունիքի հետ։ Սրան արձագանքել է արտգործնախարար Չավուշօղլուն՝ ի՞նչ թուրանական ճանապարհ, որը չի անցնելու Զանգեզուրով և Ղարաբաղով։ Հայտարարությունները թեժ քննարկումներ են առաջացրել նաև Բաքվում, որտեղ Քըլըչդարօղլուին մեղադրում են նրանում, որ Արևմուտքի օգնությամբ ցանկանում է քանդել «մեկ ազգ, երկու պետություն» գաղափարը։
Թուրքիայի նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածու Քըլըչդարօղլուն նոր գաղափար է դնում շրջանառության մեջ՝ դա համարելով իր ամենակարևոր ծրագիրը։ Խոստանում է՝ եթե գա իշխանության, թուրք-ադրբեջանական տանդեմի «թուրանական միջանցքը» կդառնա «թուրքական ճանապարհ», նախագծից էլ դուրս կմնա Ադրբեջանը։ Այս հայտարարությունից ջղաձգվել են ոչ միայն էրդողանականները։ Ջղաձգումների մեջ է հայտնվել նաև պաշտոնական Բաքուն։
Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել է, որ ապրելու իրավունք չունի մի նախագիծ, որը չի ներառում Ադրբեջանն ու Զանգեզուրի միջանցքը։ Առանց Ադրբեջանի թուրքական ճանապարհ չի կարող լինել։ Թուրքական աշխարհը կմիավորվի Զանգեզուրի միջանցքով, ոչ թե ինչ-որ նախագծով՝ ձևակերպել է Բայրամովը։ Բաքվում Թուրքիայի նախագահի ընդդիմադիր թեկնածուին մեղադրել են հակաադրբեջանական քայլերի, «մեկ ազգ, երկու պետություն» գաղափարը քանդել ցանկանալու, Հարավային Կովկասում Բաքվի ու Անկարայի կառուցած, ըստ իրենց՝ անվտանգային ճարտարապետությունը հողին հավասարեցնելու մեջ։
Թուրքիայի նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն իր նախընտրական ծրագրի մասին խոսել էր Թվիթերում։
Հրապարակած տեսանյութում նա հայտարարել է, որ Թուրքիան Չինաստանին կապող տրանսպորտային միջանցքը չի անցնելու Ադրբեջանի տարածքով, շրջանցելու է Սյունիքը, կամ ինչպես թուրքերն են ձևակերպում, «Զանգեզուրի միջանցքը»։
«Ոչ Արևմուտք, ոչ Արևելք. սա թուրքական ճանապարհն է և իմ կյանքի նախագիծը»,-հայտարարել է Քըլըչդարօղլուն։ Ըստ նրա՝ ճանապարհն անցնում է Իրանով, այնտեղից ձգվելով Կենտրոնական Ասիա, ապա՝ Չինաստան։ Իրանական Թավրիզն ու Թեհրանն են ընդգրկված նախագծում։
Քըլըչդարօղլուի այս հայտարարությանը Էրդողանը դեռ չի արձագանքել, փոխարենը՝ հակադարձել է արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն։ Նա վստահեցրել է՝ «Զանգեզուրի միջանցք» լինելու է.
«Քաղաքականությունը, որին Թուրքիան այսօր հետևում է, բանականության ճանապարհն է, ողջախոհության ճանապարհն է, խաղաղության ճանապարհն է, Ղրիմի թաթարներին և թուրք-մեսխեթցիներին պաշտպանելու ճանապարհն է։ Այսինքն՝ դա թյուրքական ճանապարհն է։ Խոսելով թյուրքական ճանապարհի մասին՝ պարզաբանենք՝ այն անցնում է Թյուրքական պետությունների կազմակերպության միջով։ Թյուրքական ճանապարհն անցնում է Միջին միջանցքով։ Թյուրքական ճանապարհն անցնում է Զանգեզուրով, Ղարաբաղով»։
Բաքվի բարձրաստիճան պաշտոնյաններն ու էրդողականականները փորձում են համոզել թուրք ժողովրդին, որ Էրդողանին չընտրելով՝ քար են գցելու իրենց երկրի ճակատագրի վրա, ցնցումների տանելով երկիրը։ Փորձագետները նկատում են, որ դա համոզելու համար թե Ալիևի, թե Էրդողանի շրջապատը դիմում է ամենատարբեր մեքենայությունների։
Քըլըչդարօղլուի առաջ քաշած ծրագիրը տրամաբանորեն շատ ավելի հարմար է՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում կարծիք հայտնեց թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը.
«Սա մի նոր ծրագիր է։ Հետաքրքիր է։ Եվ դա, իհարկե, կարող է կանխել Հայաստանի և Արցախի դեմ ոտնձգությունները, գուցե։ Այդպես է երևում»։
Բաքվում անգամ համոզմունք են հայտնել, թե այդ նախագիծն Արևմուտքն է Քըլըչդարօղլուին փոխանցել՝ նպատակ ունենալով ոչնչացնելու թուրք-ադրբեջանական տանդեմը։ Փարձագետները նկատում են, որ Արևմուտքից Քըլըչդարօղլուին ցուցաբերվող աջակցությունը չի թաքցվում, ուստի նրա ցանկացած գաղափարի ու հայտարարության ետևում փորձում են անպայման տեսնել հենց այդ հանգամանքը։ Այս առումով թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը կասկածելի է համարում, որ արևմտամետ Քըլըչդարօղլուն թուրքական ճանապարհ է առաջարկում, որում ներգրավված է Իրանը, մինչդեռ այդ երկրի նկատմամբ Արևմուտքի անբարյացակամ վերաբերմունքը գաղտնիք չէ.
«Արևմուտքն Իրանի հետ լավ հարաբերություններ չունի և շատ կասկածելի է, որ այդ նույն Արևմուտքը ծրագիր ունենա, որի ճանապարհը Իրանով անցնի»։
Քըլըչդարօղլուի արևմտամետությունը Էրդողանականները փորձում են օգտագործել Էրդողանի վարկանիշը բարձրացնելու համար՝ թուրք ժողովրդին վախեցնելով, թե՝ Էրդողանի գնալու դեպքում, Թուրքիան նորից Արևմուտքի կամակատարը կդառնա։ Տիրան Լոքմագյոզյանը հավանական է համարում, որ դա Քըլըչդարօղլուի սեփական ծրագիրը չէ և այսպիսի դիտարկում է անում։